Թռչնագրիպի ուրվականը մտելէ շատերիս տները: Տարեսկզբից Հայաստանի գրեթե ողջ բնակչությունն իր սննդակարգից հանել է թռչնամթերքը, թեեւ մեր պաշտոնյաներն ամեն օր հայտարարում են, որ մեր երկրում դեռ թռչնագրիպ չկա: Լրատվամիջոցներն էլ այդ լավ լուրը փորձում են հասցնել ժողովրդին: Ժողովուրդը, սակայն, միջազգային լուրերով լսում եւ տեսնում է, թե հարեւան Թուրքիայում ինչպես են հավերին ոչնչացնում եւ թաղում:
Ներկայացվում է նաեւ, թե միջազգային կազմակերպություններն ինչպես են մտահոգված ստեղծված իրավիճակով եւ ելքը գտնելու համար գիտաժողովներ ու խորհրդաժողովներ են հրավիրում: Մեծ-մեծ փողեր են հատկացնում թռչնագրիպի դեմ պայքարին եւ իրենց դռները փակում այդ հիվանդությունն ունեցող երկրների կամ հարեւան երկրների առջեւ: Այս տարաբնույթ տեղեկատվության արդյունքում մեր քաղաքացիներից շատերը դեռեւս ոչ խուճապահար, բայց կտրականապես հրաժարվել են ուտել հավի միս եւ ձու: Փոխարենը` խուճապահար են եղել թռչնամթերք արտադրողները: Նրանք ասում են, որ եթե մի երկու ամիս հայաստանցին հավի միս եւ ձու չուտի, իրենք ֆինանսական ճգնաժամ կունենան եւ չեն կարողանա պահպանել թռչնաֆաբրիկաները: Իսկ թռչնաբուծությունը Հայաստանում քիչ թե շատ կայացած ոլորտներից է եւ քանդվելու դեպքում մեծ վնասներ կհասցնի մեր առանց այդ էլ խարխուլ տնտեսությանը: Թռչնամթերք արտադրողները եւ ոլորտի պատասխանատուները զգուշացնում են, որ թռչնագրիպի խուճապը տնտեսությանը տասն անգամ ավելի վնաս կարող է հասցնել, քան թռչնագրիպն ինքը: Մենք փորձեցինք հասարակական սննդի օբյեկտներից պարզել, թե մոտավորապես ի՞նչ չափով է կրճատվել թռչնամթերքի պահանջարկը: Մի քանի մեծ խանութներից պատասխանեցին, որ այդ սննդամթերքի վաճառքը 70-80 տոկոսով կրճատվել է: Գրեթե նույն վիճակն է նաեւ ռեստորաններում: Օրինակ «Մեր գյուղը» ռեստորանից պատասխանեցին, որ իրենք իրենց ճաշացուցակից հանել էին հավի միսը, բայց հետո որոշեցին նորից մտցնել:
«Մենք համոզված ենք, որ մեր ֆաբրիկաների արտադրանքը համապատասխանում է առողջապահական նորմաներին,- ասաց այդ ռեստորանի գանձապահը: -Մատակարարները մեզ համապատասխան սերտիֆիկատ են ներկայացրել, եւ մենք հավատում ենք»:
«Ոսկե պատառաքաղից» պատասխանեցին, որ իրենք հրաժարվել են թռչնամթերքից, որովհետեւ իրենց հաճախորդներն են հրաժարվել: Իսկ «Վալենսիա» ռեստորանի աշխատակից Վարդանն ասաց, որ իրենց մոտ թռչնամթերքը միշտ եղել է սննդացուցակում, եւ իրենք նույնպես վստահ են եւ բոլորին էլ վստահեցնում են, որ Հայաստանում թռչնագրիպ չկա, եւ մեր տեղական արտադրանքը որակյալ է: Սակայն հաճախորդներից շատերն ազդվել են լրատվությունից եւ հավի միս չեն պատվիրում:
Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե մեր օրենսդիր եւ գործադիր այրերն ինչպե՞ս են վերաբերվում ստեղծված իրավիճակին եւ շարունակո՞ւմ են ուտել հավի միս եւ ձու, թե՞ առժամանակ հրաժարվել են: Պարզվեց, որ մեր պաշտոնյաներից շատերը վախեցել են եւ թռչնամթերք չեն օգտագործում: Հարցման ժամանակ պարզվեց նաեւ, որ մեր պաշտոնյաներն անկախ թռչնագրիպից գերադասում են խոզի միս ուտել, նույնն էլ` իրենց ընտանիքներում:
«Ես թռչնի մսի հետ առանց այդ էլ մեծ սեր չունեմ,- տեղեկացրեց ժողպատգամավոր Մկրտիչ Մինասյանը: -Նոր տարվանից մնացած թռչնամթերքը սպառելուց հետո ես տանը զգուշացրել եմ, որ զգույշ մնան, երեխաներին հեռու պահեն թռչնամթերքից»:
Մինչդեռ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը թռչնամիս շատ է սիրում:
«Բայց զգուշորեն եմ ուտում,- պատասխանեց պարոն Մանուկյանը: -Ճիշտ է, մեր ընտանիքում կրճատվել է թռչնամթերքի օգտագործումը, բայց շարունակում ենք ուտել: Հետո ես համոզված եմ, որ այդքան էլ հեշտ չէ թռչնագրիպով վարակվել, համենայնդեպս այդպես եմ ինձ համոզել, որովհետեւ այդպես է ձեռք տալիս»:
Իսկ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` քաջ գիտակցելով, որ Հայաստանում թռչնագրիպ չկա, իրենց տնից թափել է տվել Նոր տարվանից մնացած 5 կգ հավի միսը:
«Ամեն օր մեր եւ բոլոր երկրների մամուլը հարձակումներ է գործում եւ մեզ համոզում է զգուշանալ թռչնագրիպից,- ասում է պարոն Ղազարյանը: -Ինքս ուտում եմ, բայց երեխաներին զգուշացրել եմ, որ չուտեն»:
Իսկ Հեռուստառադիոպետկոմի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ասաց, որ չնայած ինքը թռչնամթերք չի սիրում, բայց չի էլ զգուշանում:
«Այս ընթացքում պատահել է, որ կերել եմ,- ասաց պարոն Հարությունյանը: – Բայց ավելի շատ նախընտրում եմ ճապոնական թարմ ձուկը: Եվ հետո ես ինձ փորձում եմ հետ պահել ներվային սահմանափակումներից: Եթե թռչնագրիպից վախենալով հավի միս չուտեմ, ուրեմն այդ տրամաբանությամբ պիտի փողոց դուրս չգամ, որպեսզի մեքենայի տակ չընկնեմ»:
Իսկ պատգամավոր Մանուկ Գասպարյանն ասաց, որ հավի միսն ու ձուն անձամբ է առնում: Նա հետաքրքրվել եւ իմացել է, որ եփած թեկուզ վիրուսակիր հավն անվնաս է, եռ գալուց վիրուսը մեռնում է, իսկ ձուն կարելի է լավ եփել եւ ուտել առանց վախենալու:
«Ես մեծ ընտանիքի տեր եմ եւ ութ թոռ ունեմ,- ասաց պարոն Մանուկյանը: -Առանց թռչնամթերքի այդ երեխաներին պահել չի լինի»:
Արշակ Սադոյանի տանը նույնպես զգուշանում են հավի միս եւ ձու ուտելուց, սակայն ինքը առանձնապես բծախնդիր չէ եւ ուտում է այն, ինչ տալիս են: Իսկ այ, Արտաշես Գեղամյանը լրիվ քաղաքականացրեց մեր հարցն ու իր պատասխանը:
««168 Ժամն» ինչո՞ւ է հետաքրքրվում իմ առողջությամբ ու սննդակարգով,- իր հերթին հարցրեց պարոն Գեղամյանը: -Ինչո՞ւ եմ ես այդպիսի ուշադրության արժանացել: Ես ինքս այդքան ուշադիր չեմ իմ նկատմամբ: Ցտեսություն»:
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը եւ իր ընտանիքը չեն խուսափում թռչնամթերք օգտագործելուց: Իսկ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն իր սննդացանկն առանց ձվի չի պատկերացնում. «Ես հենց այսօր եմ ձու առել եւ պատրաստվում եմ ուտել,- ասաց նա: -Գրեթե օրումեջ ես ձու եմ ուտում»:
Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանն ընդհանրապես չի հիշում, թե վերջին անգամ երբ է թռչնամթերք կերել: Նա շատ զգույշ էր իր պատասխանների մեջ եւ բոլորին խորհուրդ էր տալիս զգույշ լինել, ընդհանրապես: Իսկ Գյուղատնտեսության նախարարության Հակահամաճարակային կենտրոնի տնօրեն Շմիդտ Վարդապետյանը զգուշավոր պաշտոնյաներին եւ բոլորիս խորհուրդ է տալիս առանց վախենալու թռչնամթերք օգտագործել. միսը եփել, նոր ուտել, իսկ ձուն՝ ինչպես ցանկանանք: