Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գործունեության ոլորտը պայքարն է ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի, զենք-զինամթերքի, մարդկանց, տրանսպորտային միջոցների, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների դեմ։
Նշված հանցագործությունների մեջ առեւանգված ավտոմեքենաների վաճառքը եւ ստացված եկամուտը, ըստ Ինտերպոլի, իր ծավալով աշխարհում 3-րդն է` թմրանյութերի եւ զենք-զինամթերքի վաճառքից հետո։
Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության տվյալների բազայում ներկայումս 61 երկրներում առեւանգված մոտ 4 մլն ավտոմեքենաների տվյալներ կան, որոնցից կարող են օգտվել Ինտերպոլի 181 անդամ-պետություններ, այդ թվում` ՀՀ-ում ինտերպոլի ԱԿԲ-ն։ Ավտոմեքենան առաջին հերթին փոխադրամիջոց է, սակայն հայկական մենթալիտետում, հայ մարդու մտածելակերպում այն նաեւ պետք է լինի շքեղ ու հարմարավետ, գույնը աչքի ընկնող, ճչացող, գերժամանակակից նրբերանգներով։ Մեզ մոտ կարծես սկսել է ի հայտ գալ մրցակցության մի նոր տեսակ. եթե որեւէ մեկը մի նոր ավտոմեքենա է ներմուծում, ապա ինքը պետք է անպայման այդ նույն ավտոմեքենայից կամ ավելի շքեղը վարի, իհարկե չմոռանալով իր նոր ավտոմեքենայի վրա դնել նախկին ավտոմեքենայի համար «ճանաչման անցաթուղթ» դարձրած «ծիծակ» համարները։
Մեր հանրապետություն արտասահմանյան տրանսպորտային միջոցների ներկրման ծավալի կտրուկ աճն իր հերթին նպաստել է նաեւ անօրինական ճանապարհով, տարբեր երկրներից առեւանգված եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների ներկրման հանցավոր երեւույթին։ Շատացել են դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիների կողմից անձնական օգտագործման կամ բիզնեսի նպատակով այլ երկրում գնված եւ Հայաստան ներկրված ավտոմեքենան, պարզվում է, գողացված է եւ գտնվում է Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ։ ՀՀ Ոստիկանության համապատասխան ծառայությունների կատարած աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 2004 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներկրված 8683 ավտոմեքենաներից 69-ը տարբեր պետությունների կողմից գտնվել են հետախուզման մեջ, որից 7-ը` վերադաջված նույնացման համարներով։ Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներից 15-ն առեւանգվել է ՌԴ-ից, 2-ը` Ադրբեջանից, 2-ը` Վրաստանից, 7-ը` Գերմանիայից, 1-ը` Բուլղարիայից, 2-ը` Իտալիայից, 3-ը` Ճապոնիայից, 3-ը` Ֆրանսիայից, 13-ը` Բելգիայից, իսկ մնացածը` եվրոպական այլ երկրներից։
2005-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները Նորք թաղամասի «Արմա» հյուրանոցից գողացված ավտոմեքենաներ ՀՀ տարածք ներմուծելու կասկածանքով ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների` իրենց պատկանող «Մերսեդես E-500», «Համմեր» եւ «Մերսեդես CL-55», մակնիշի ավտոմեքենաներով։ Ստուգմամբ պարզվել է, որ առաջին 2-ն առեւանգված են եղել ԱՄՆ-ից, իսկ 3-րդը` Գերմանիայից, եւ գտնվում են միջազգային հետախուզման մեջ։ Լինում են նաեւ դեպքեր, երբ հանրապետություն են ներմուծվում առեւանգված ավտոմեքենաներ, որոնք մեր քաղաքացիները գնել են Արաբական Միացյալ Էմիրություններից։ ՀՀ քաղաքացի Ա.Գ.-ն ԱՄԷ-ում եղած ժամանակ այնտեղ լույս տեսնող «Գոլֆ-Նյուս» թերթից տեղեկանում է, որ տեղի ավտոսրահներից մեկում վաճառվում է AUDI-A6 մակնիշի ավտոմեքենա։ Ա.Գ.-ն գնում է ավտոմեքենան եւ ներկրում Հայաստան։ Համապատասխան ստուգումներից հետո պարզվում է, որ ավտոմեքենան պատկանում է Լիտվական ապահովագրական մի ընկերության եւ գտնվում է միջազգային հետախուզման մեջ (ներկայումս ՀՀ Գլխավոր դատախազությունում կարգավորվում է այն տիրոջը վերադարձնելու հարցը)։ Ի դեպ, ավտոմեքենաների իրական տերերի պահանջով ՀՀ առաջին ատյանի դատարանների վճիռներով վերադարձվել է մեկ BMW-520 մակնիշի ավտոմեքենա եւ պետականացվել է Գերմանիայում հետախուզվող մեկ AUDI-A8 ավտոմեքենա։ ՀՀ Գլխավոր դատախազության ցուցումով Վրաստանին է վերադարձվել առեւանգված BMW-X5 մակնիշի ավտոմեքենա։
2005թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ Ոստիկանության համապատասխան ծառայությունների կողմից ստուգման է ենթարկվել հանրապետություն ներկրված 9715 ավտոմեքենա։ Արդյունքում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 48 եւ առանձին ագրեգատների նույնացման համարները վերադաջված 15 ավտոմեքենա, որոնք հիմնականում առեւանգված են եղել ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Շվեյցարիայից, ԱՄԷ-ից, եւ Հայաստան են ներկրվել Վրաստանի Հանրապետությունից։ ՀՀ Առաջին ատյանի դատարանի կողմից 2005-ին կայացվել է 5 վճիռ, որոնց համաձայն` ավտոմեքենաների տերերը ճանաչվել են բարեխիղճ ձեռքբերողներ եւ ավտոմեքենաների վրա դրված արգելանքը վերացվել է։ Իսկ 2-ի վերաբերյալ հայցադիմումները կասեցվել են մինչեւ հետաքննության ավարտը։