«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Արմենակ Մնջոյանից օրերս հերթական նամակն է ստացվել: 2005թ. նոյեմբերի 8-ին թվագրված եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված իր նամակում Արմենակ Մնջոյանը հրաժարվում է համաներումներից` պատճառաբանելով, որ ներման արժանի են հանցագործները, իսկ ինքը որեւէ հանցանք չի կատարել:
Իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով, Մնջոյանը չի ցանկանում դուրս գալ կալանավայրից, քանի որ բանտը նրա համար այսօր ամենաապահով վայրն է: Եվ հայտնի չէ, թե նրա հետ ինչպես կվարվեն դաշնակցական ընկերները, որոնց կալանավայրից ուղարկված նամակներում նա բազմաթիվ ծանր մեղադրանքներ է ներկայացրել: Բացի այդ, վերլուծաբանների կարծիքով, այսօր Արմենակ Մնջոյանին կալանավայրում պահում են որպես 115-ամյա կուսակցության դեմ մի հզոր զենք, որն ամեն վայրկյան պատրաստ է «պայթելու»:
Իսկ ի՞նչ է գրում Արմենակ Մնջոյանն իր նամակում: Ըստ նրա` ՀՀ իշխանական շրջանակներից տեղեկատվություն է դուրս սողոսկել այն մասին, որ «նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրության հանրաքվեի կապակցությամբ ՀՀ նախագահի ներման հրամանագրերով ազատ են արձակվելու «Դրո» գործով մինչ այժմ մահվան դատապարտվածները… որ նախագահը, խուսափելու համար քաղաքական տարբեր շահարկումներից, համաներման է արժանացնելու նաեւ մյուս ցմահ դատապարտվածներին… Մինչդեռ «Դրո» գործով դատապարտված Մնջոյանի բաց նամակներն ու հրապարակումներն արգելք են հանդիսանալու ոչ միայն իր, այլեւ մյուս բանտարկյալների ազատ արձակմանն ու պատիժների թեթեւացմանը»: Այս ամենը որակելով որպես «ապատեղեկատվություն», Արմենակ Մնջոյանը գրում է. ««Դրո» եւ «Վահան Հովհաննիսյան + 30» գործերով ձերբակալված ՀՅԴ կուսակցության ներկայիս ղեկավարներ Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը եւ ուրիշներ, համագործակցելով այն ժամանակվա իշխող վարչախմբի հետ, զրպարտելով, շանտաժի եւ ահաբեկումների միջոցով փորձ կատարեցին ինձ նույնպես հավաքագրելու իրենց ստրկամիտների բանակը` ընդդեմ սեփական ժողովրդի, ընդդեմ ազգային գաղափարախոսության` միեւնույն ժամանակ խոստանալով ազատություն, իշխանական պորտֆել եւ լյուքս կյանք, այն պարագայում, երբ կընդունեմ համաշխարհային սիոնիզմի կողմից պարտադրված ազատական արժեքներն ու կօժանդակեմ ՀՅԴ կուսակցության վերափոխման ադապտացիայի գործընթացին, հակառակ պարագայում դատապարտված կլինեմ մահվան պետական հանցագործի պիտակով»: Իր նամակում «Դրո» գործով ցմահ դատապարտյալը ՀՅԴ կոմիտեի անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի ու նրա հոր` Էդվարդ Հովհաննիսյանի հասցեին բավական լուրջ մեղադրանքներ է հնչեցնում: «Վահան Հովհաննիսյանի, նրա հոր` հանրահայտ «դաշնակցական» Էդվարդ Հովհաննիսյանի ու այլ թափանցած գործակալների կողմից կազմակերպված եւ օտար պետության հատուկ ծառայությունների հետ համագործակցաբար իրականացրած ՀՅԴ-ական առաջնորդ Հրայր Մարուխյանի սպանությունը եւ դրան հաջորդած ազգային գաղափարներ կրողների մեկուսացումը, արտաքսումն ու հեռացումը ՀՅԴ կուսակցության շարքերից, ինչը միտված էր օտար պետության ազդեցության տակ վերցնելու ՀՅԴ կազմակերպչական կառույցները:
Արցախյան պատերազմի ժամանակահատվածում ազատամարտիկների դեմ կատարված տարատեսակ սաբոտաժների, դավադրաբար թիկունքից գնդակահարելու հանրահայտ ազատամարտիկներին եւ հրամանատարներին միտումնավոր կերպով օգտագործման համար ոչ պիտանի ռազմամթերք մատակարարելու ի շահ սեփական գրպանի, որի արդյունքում ոչ միայն զոհվում կամ հաշմանդամ էին դառնում մարտնչող տղաները, այլեւ հաճախ էլ կորցնում էին արդեն ազատագրված տարածքները»,- գրում է Արմենակ Մնջոյանը: Իսկ այսքանից հետո նա հայտարարում է, որ կանգնած լինելով ազգային-ազատագրական պայքարի ակունքներում` ինքն այսօր էլ պատրաստ է պատերազմել ու անգամ զոհվել, «կամ նորից դատապարտվել դանդաղ մահվան, քանի որ ինձ երբեւիցե չի կուրացրել ոչ իշխանական մանդատներն ու շպրտված պորտֆելները եւ ոչ էլ սարսափեցրել է դավադրաբար թիկունքից արձակված գնդակներն ու «օրինական» մահապատիժները»:
Իր նամակում ցմահ դատապարտյալը հրաժարվում է այն բոլոր մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունների «օժանդակությունից ու միջնորդություններից, որոնք ուղղված են մի կողմից իբր իմ պայմանների բարելավմանն ու մյուս կողից էլ ներման կարգով ազատություն ձեռք բերելու ուղղությամբ»: «Ես հրաժարվում եմ բոլոր տեսակի համաներումներից, անհատական ներումներից, քաղաքական դրդապատճառներից առաջացող ներումներից, իրավիճակի փոփոխության հետեւանքով ներումներից: Ես գտնում եմ, որ ներման արժանի են նրանք, ովքեր կատարել են հանցագործություն, զղջացել են եւ վերադարձել ազնիվ եւ ուղիղ ճանապարհի: Մինչդեռ ներման արժանացնել ինձ, կնշանակի նախ ընդունել` որ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է, ապա ընդունել, որ ազգային-ազատագրական պայքարը քրեական հանցագործություն է, իսկ ազատամարտիկը հանցագործ եւ հետո նոր միայն այդ հանցագործի զղջման պարագային արժանացնել նրան որեւէ տեսակի ներման:
Մինչդեռ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չեմ զղջում իմ պայքարի եւ անցած փառահեղ ճանապարհի համար եւ առաջին իսկ հնարավորության դեպքում այն պիտի շարունակեմ, որքան էլ որ այն կփորձեն որակել ներկայիս տարբեր մոդայիկ անվանումներով: Միեւնույն ժամանակ էլ նշում եմ, որ նրանք, ովքեր փորձ են կատարել եւ պատրաստվում են նոր փորձ ձեռնարկել ի վնաս ազգի, ազգայինի եւ դարավոր արժեքների, ապա վստահ եմ, որ ազգի այդ տականքները պատժվելու են նույնպես, ոչ պակաս, քան պատժվել են իրենց նախորդները»,- իր նամակն այսպես է եզրափակում Արմենակ Մնջոյանը: