Վերջին ժամանակներս շատ է խոսվում 2006թ. Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում հնարավոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին: Այս առումով մամուլում ավելի հաճախակի են դարձել տարբեր քաղաքագետների եւ միջազգային կազմակերպությունների կողմից խնդրի լուծման տարբերակների հրապարակումները: Խոսվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցով նոր հանրաքվեի անցկացման, փախստականների վերադարձի, ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման մասին:
Հայտնի է, որ Ղարաբաղի իշխանությունները հարցի լուծման գործընթացում կարեւորում են ժողովրդի կարծիքը, սակայն ակնհայտ է, որ այս առումով դեռեւս քիչ են կատարված աշխատանքները: Եթե մայրաքաղաքում քիչ թե շատ տեղեկացված են Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի մասին, ապա շրջաններում պատկերն այլ է: Այստեղ բնակիչներից շատերը քիչ են ծանոթ գործընթացի զարգացումներին:
Իսկ ի՞նչ է մտածում Ղարաբաղի ժողովուրդը, ինչպե՞ս են վերաբերվում նրանք հնչեցվող առաջարկներին: Հարցերի պատասխանները գտնելու եւ հասարակության կարծիքն ուսումնասիրելու նպատակով վերջերս Ղարաբաղում գործող «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունն անցկացրել է սոցիոլոգիական հարցում`«Ղարաբաղյան հարցի կարգավորում` ԼՂՀ քաղաքացիների կարծիքի տեսանկյունում» թեմայով: Հարցմանը մասնակցել է 309 բնակիչ, որից 17-ը` թոշակառու, 15-ը` ուսանող, 215-ը` պետական եւ մասնավոր հիմնարկների աշխատող, 17-ը` զինծառայող, իսկ 45-ը չաշխատողներ են: Հարցվողներից 149-ը մինչեւ 35 տարեկան էին, 87-ը` 35-50, իսկ 74-ը` 50 տարեկանից բարձր: Մասնակիցներից 199-ը իգական, 110-ը` արական սեռի ներկայացուցիչներ են:
Հարցումն անցկացվեց մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր շրջանների բնակիչների շրջանում, որոնցից 184-ը Ստեփանակերտից են, 26-ը` Մարտունու, 30-ը` Հադրութի, 30-ը` Շուշիի, 19-ը` Մարտակերտի, 20-ը` Շահումյանի շրջաններից:
Բնակիչներին առաջարկված էր պատասխանել 6 հարցերի: «Ինչպե՞ս պետք է լուծվի Ղարաբաղյան խնդիրը» հարցին 309-ից 173-ը պատասխանել են` ԼՂՀ անկախության ճանաչմամբ, 110-ն ընտրել է «Ղարաբաղի վերամիավորում Հայաստանի հետ» տարբերակը: Իսկ «Լայն ինքնավարություն» Ադրբեջանի կազմում» տարբերակին ոչ ոք համաձայն չէր:
ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու գաղափարին կտրականապես դեմ են 309 հարցվողներից` 217-ը, 53-ը գտնում են, որ բոլոր շրջանները չէ, որ պիտի վերադարձվեն, մյուսները համաձայն են տարածքները վերադարձնել` Ղարաբաղի անկախության ճանաչման դեպքում:
Հարցվողներից 153-ը գտնում են, որ ադրբեջանցի փախստականների` Ղարաբաղ վերադառնալու դեպքում ռազմական գործողությունները կվերսկսվեն: 105 բնակիչ այն կարծիքին են, որ տեղի կունենա ժողովրդագրական պայթյուն եւ հայերի հեռացում Ղարաբաղից, 24-ը կարծում են, որ կառաջանան նոր փախստականներ:
«Ինչի՞ կարող է բերել միջազգային խաղաղարար ուժերի ներմուծումը հակամարտության գոտի» հարցին հարցվողների մեծամասնությունը` 189-ը, պատասխանել են, որ այդ դեպքում կստեղծվի լարվածության նոր օջախ, 58-ը կարծում են, որ ոչինչ չի փոխվի: 41-ը մտածում են, որ երկարատեւ խաղաղություն կհաստատվի, իսկ 21 հոգու կարծիքով` կարճատեւ խաղաղություն կլինի:
Հարցման մասնակիցներից 194-ը գտնում են, որ նրանք, ովքեր հանցագործություն են կատարել, պետք է պատասխան տան ռազմական հանցագործությունների համար, 71 հոգի գտնում են, որ Միջազգային դատարանը պետք է որոշի, իսկ պատասխանողներից 36-ն այն կարծիքին են, որ ոչ ոք չպիտի պատժվի:
Ղարաբաղի կարգավիճակի հարցով նոր հանրաքվեի անցկացմանը համաձայն չէ հարցման մասնակիցների մեծամասնությունը`168 մարդ, համաձայն են 79-ը: Մյուսները դժվարացել են հարցին պատասխանել:
Ինչպես նշեց «Բաց հասարակություն» կազմակերպության խորհրդի անդամ Նաիրա Հայրումյանը, մոտ օրերս նախատեսվում է նույն թեմայով անցկացնել հանրային քննարկում` ԼՂՀ իշխանությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչների եւ քաղաքագետների մասնակցությամբ: