Ձեռնտու վրիպակ

21/01/2006

«168 Ժամ»-ի նախորդ համարում անդրադարձել էինք “Heritage Foundation” հիմնադրամի կողմից հրապարակված 2006թ. տնտեսական ազատականության ինդեքսին, ըստ որի` Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջադիմել է 15 աստիճանով եւ զբաղեցրել 27-րդ հորիզոնականը։ «Ափսոսանք» էինք հայտնել, որ նախընտրական փուլ չէ, որպեսզի դա ներկայացվեր որպես նվաճում, սակայն լուծումը գտավ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Վարչապետին ներկայացված հաշվետվության մեջ այդ ցուցանիշը տեղ էր գտել «Գործունեության ամփոփ արդյունքները» բաժնում։ Այն ներկայացվեց նաեւ լրագրողներին։ Ուշադրության է արժանի այն, որ վերը նշված ցուցանիշին կից տրված ծանոթագրության մեջ նշված է, որ հնարավոր լավագույն գնահատականին (1 բալ) արժանացել են «օտարերկրյա ներդրումները» եւ «աշխատավարձերն ու գները»։ Մեր առարկությունը, թե զեկույցի մեջ լավագույն գնահատականի արժանացել է ոչ թե «աշխատավարձ ու գներ», այլ «բանկային համակարգ» ցուցանիշը, պրն Ճշմարիտյանն ընդունեց, ասելով, թե տեղի է ունեցել վրիպակ։ Առաջին հայացքից անմեղ թվացող այս «վրիպակի» մեջ հետաքրքիրն այն է, որ բանկային համակարգը պրն Ճշմարիտյանի ղեկավարած գերատեսչության հետ որեւէ կապ չունի (դրանով Կենտրոնական բանկը կարող է պարծենալ)։

Բ. Թ.