Եթե ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսանկյունից, ապա այն կարող է լինել միակը ԱՊՀ տարածքում, որի կարգավորմամբ շահագրգռված են բոլոր գերտերությունները, քանի որ հակամարտության շարունակումը ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին եւ ոչ էլ Եվրոպային: Այդ մասին «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը: Նրա խոսքերով, իրավիճակը կողմերի միջեւ շփման գծում հանգիստ է թվում լոկ այն պատճառով, որ ոչ ոք այդ մասին չի խոսում, սակայն դա հիմքեր չի տալիս ղարաբաղյան հակամարտությունը սառեցված հակամարտություն կոչելու համար: Եթե համեմատելու լինենք ղարաբաղյան հակամարտությունը աբխազական կամ հարավօսական հակամարտությունների հետ, ապա շփման գծում զոհերի թիվը անհամեմատ ավելի մեծ է ղարաբաղյան հակամարտության պարագայում: Եթե տարեկան 80 զինվոր է զոհվել, ապա չի կարելի խոսել սառեցված հակամարտության մասին:
Ա.Ա.