Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը կարող է իր ռազմական ներուժն օգտագործել, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԿԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՊԱԿ-ի պաշտոնաթող գեներալի այդ հայտարարությունն անմիջապես տարածեց երեւանյան PanARMENIAN կայքը: Պատասխանելով այն հարցին, թե իրո՞ք ԿԱՊԿ-ը կօգտագործի իր ռազմական ներուժը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Ն.Բորդյուժան հայտարարեց. «Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի չորրորդ հոդվածում հստակ ասված է, որ ԿԱՊԿ-ի մեջ մտնող կամ Պայմանագրի մասնակից երկրի դեմ զավթողականությունը մյուս երկրների կողմից դիտվում է որպես զավթողականություն բոլորի դեմ: Այսպիսով, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Սակայն, ԿԱՊԿ-ի գլխավոր նպատակն այնպիսի համակարգի ստեղծումն է, որի դեպքում զինված ուժերը չեն օգտագործվի: Պայմանագիրը, ըստ էության, ուղղված է այս կամ այն խնդրի լուծման պարագայում արյունահեղության եւ ուժի կիրառման կանխմանը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետությունների հետ նրա սահմանների վրա»:
Դե յուրե, իհարկե, Նիկոլայ Բորդյուժան չի ներկայացնում Ռուսաստանի ոչ քաղաքական իշխանությունները, ոչ էլ նրա գլխավոր ռազմական հրամանատարությունը: Սակայն դե ֆակտո դժվար է մոլորության մեջ ընկնել, թե որ երկիրն է հանդիսանում ռազմական բլոկի առաջնորդ` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի կազմում: Եվ, ընդ որում, ասել, որ խոսքը գնում է նշանակալից հայտարարության մասին, ասել է թե՝ ոչինչ չասել. վերջին 15 տարիների ընթացքում Մոսկվան ջանադրաբար վստահեցնում էր, որ Հայաստանի հետ իր ողջ ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը ոչ մի կերպ ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Թեորիապես, իհարկե, կարելի է հանգստանալ դատողություններով, որ, իբր, Բորդյուժան Սերգեյ Իվանովը չէ, կարող էր եւ չափազանցնել, միայն դժվար թե կարելի է պատկերացնել, որ Բորդյուժան, տարբեր ժամանակներում զբաղեցնելով ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության ղեկավարի, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները, Հայաստանի «ընդհանուր պաշտպանության» հնարավորության մասին հայտարարեց «լեզվի սայթաքման» մակարդակով: Էլ չխոսելով այն մասին, որ Բորդյուժայի հայտարարությունը, թե ԿԱՊԿ-ը պատրաստ է գործելու կոշտ տարբերակով, բայց ստեղծված է հենց այն բանի համար, որպեսզի այդ «կոշտ տարբերակը» կանխվի, չափից դուրս հիշեցնում է «քողարկված նախազգուշացման» մշակված տեքստը. մենք ձեզ «խելքի գալու» եւ մեր պատմական դաշնակիցներին չնեղացնելու հնարավորություն ենք տալիս, բայց եթե դուք լրջորեն որոշեք վերականգնել ձեր սահմանները ռազմական ճանապարհով՝ ավելի վատ կլինի: Մանավանդ, որ Բորդյուժայի հայտարարությունը հնչեց շահագրգիռ ֆոնի վրա:
Այն մասին, որ «գազային պատերազմը» կարող է արձագանքվել Կասպից ծովի ափերին, մամուլում, այդ թվում` եւ մեր թերթում, նշվել է բազմիցս. գազի սակագները բարձրացնելով մերձակա հարեւանների վրա ճնշում գործադրելու Մոսկվայի փորձերը ոչ միայն եվրոպացիներին մտորելու տեղիք տվեցին, թե Մոսկվան ինչ թեթեւությամբ է ածխաջրածինների մատակարարումը վերածում քաղաքական ճնշման լծակի, այլեւ արդեն բացահայտ հայտարարեցին այն մասին, որ էներգակիրների մատակարարումը մերձկասպյան տարածքից կարող է ցանկալի այլընտրանք լինել եւ ռուսաստանյան, եւ Մերձարեւելյան «վառելահումքին», այդ ֆոնի վրա մերձկասպյան նավթային «դաշտերն» իր հսկողության տակ վերցնելու Ռուսաստանի փորձերն առավել քան տրամաբանական են: Ավելին, Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը հնչեց հենց այն ժամանակ, երբ ռուսաստանյան ԶԼՄ-ները նորից սկսեցին «պտտեցնել» Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով «միջազգային ահաբեկիչների» Չեչնիա անցնելու հին, շինծու տարբերակը:
Ընդ որում, ակնհայտ է, որ Նիկոլայ Բորդյուժան լիովին տրամաբանական անձ է նմանատիպ նախազգուշացումը հաղորդելու համար: Մի կողմից, դե յուրե նա չի ներկայացնում Ռուսաստանի կառավարությունը: Մյուս կողմից, բավականին լուրջ անձ է, եւ նրա խոսքերին պետք է լուրջ վերաբերվել: Վերջապես, առաջին անգամը չէ, որ «Նեզավիսիմայա գազետա»-ն օգտագործվում է նման «տեղեկատվական դուրս նետումների» համար, բավական է հիշել, որ հենց նրա էջերում Ռուսաստանի մյուս «ռազմավարական դաշնակից» Իրանը «ոչ պաշտոնապես» նախազգուշացրեց, որ պատրաստ է հարվածել Ադրբեջանին, եթե այնտեղ հայտնվեն ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքները:
Սակայն, հարցն այն է, որ իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքն այն ոլորտն է, որտեղ երկիրն ինքն իրեն կարող է թույլ տալ հեշտությամբ հետ կանգնել եւ հրաժարվել արմատական միջոցներից, հատկապես, եթե «դիվանագիտական» միջոցներն արդյունք չեն տալիս:
14.01.2006թ.