Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո, չի բացառվում, որ ՄԱԿ-ն այդ տարածքում կձեռնարկի խաղաղարար առաքելություն իրագործել: Այդ մասին հայտնեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: «Առայժմ խնդիրը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում»,- ասաց նա, նշելով, որ ՄԱԿ-ն այդ ուղղությամբ, հավանաբար, նախատեսում է որոշ քայլեր կատարել:
Միեւնույն ժամանակ հարկ է հիշել, որ անցյալ տարի Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտցնելու երկու անհաջող փորձ կատարեց: Թեեւ ժամանակները փոխվում են, եւ արդեն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտության մասին: «Ֆրանսիան ընկեր է հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, եւ մենք վստահ ենք, որ ղարաբաղյան ձգձգված հակամարտության կարգավորումը հարկավոր է արագացնել»,- հայտարարեց Շիրակը ֆրանսիացի դիվանագետների առջեւ ելույթ ունենալիս»,- գրում է «Ռեզոնանսին»՝ հղում անելով «ՊանԱրմենիան» կայքին:
Ղարաբաղյան հակամարտության վրա աշխատող ԵԱՀԿ առաջին դեմքերը նույնպես հույս ունեն, որ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի փետրվարյան հանդիպման ընթացքում ձեռք կբերվեն կարեւորագույն կոնկրետ համաձայնություններ: ԵԱՀԿ նոր նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Կարլ դե Գուհթն իր առաջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ են նշաններ ի հայտ գալիս, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման շրջանակներում պատրաստվում է հունվարի 24-26-ն այցելել Լեռնային Ղարաբաղ: «Ալիեւի եւ Քոչարյանի հանդիպման ընթացքում կարող են ձեռք բերվել սկզբունքային համաձայնություններ, բայց փաստացիորեն դրանք կարող են ուժի մեջ մտնել ավելի ուշ՝ 2006թ. ընթացքում»,- կարծում է ԵԱՀԿ գործող նախագահը: Համաձայնագրի կնքման դեպքում, նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն պատրաստ է տարածաշրջան ուղարկել դիտորդական կամ խաղաղարար առաքելություններ: Կոնկրետ ինչպիսի՞ ուժեր կարող են օգտագործվել Ղարաբաղում՝ դիտորդակա՞ն, թե՞ խաղաղարար, դա պետք է որոշեն հակամարտության կողմերը: Կարլ դե Գուհթը չճշգրտեց անհրաժեշտ խաղաղարար ուժերի քանակը, բայց հիշեցրեց, որ «խաղաղարար առաքելություն իրագործել ցանկացող երկրներ գտնելն առանձնակի դժվարություններ չի ներկայացնում»:
Այդ երկրներից մեկը Թուրքիան է, որի ներկայացուցիչներն արդեն պաշտոնապես հաստատել են Լեռնային Ղարաբաղ խաղաղարար գումարտակ ուղարկելու պատրաստակամությունը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալի խոսքերով, խաղաղարարական մանդատի տրամադրման անհրաժեշտության դեպքում Թուրքիան իր խաղաղարար գումարտակը կուղարկի Լեռնային Ղարաբաղ: Նրա իսկ խոսքերով, առայժմ հայտնի չէ` ո՞ր միջազգային կազմակերպության մանդատից կօգտվեն խաղաղարարները. այդ ուղղությամբ աշխատանքները որոշակի ժամանակ են պահանջում:
Սակայն, օբյեկտիվորեն հասկանալի պատճառներով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը թուրքական խաղաղարարների մասնակցությունը դժվար թե իրատեսական է: Այդ պատճառով հարց է ծագում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ի վերջո, ո՞վ կարող է իրագործել խաղաղարար առաքելություն: Հարկ է նշել, որ որոշ միջազգային դիտորդներ խաղաղարար առաքելություն կատարողի դերում չեն բացառում Վրաստանին: Ճիշտ է, նրանց խոսքերով, դրա դեմ կարող է առարկել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը: Քաղաքագետ Իգոր Քվեսելավան կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումն առանց Ռուսաստանի անհնար է:
«Ցանկացած խաղաղարար առաքելություն կապված է ֆինանսների հետ: Մեր խաղաղարար առաքելությունն Իրաքում ֆինանսավորում էին միջազգային կազմակերպությունները: Եթե Ռուսաստանը չառարկի, ապա ես չեմ բացառում ղարաբաղյան կարգավորմանը մեր խաղաղարարների մասնակցությունը: Այդ գործընթացում Ռուսաստանը կունենա վճռորոշ դերերից մեկը: Առանց նրա ղարաբաղյան հակամարտությունը լիովին չի կարգավորվի»,- հայտարարեց Քվեսելավան: Քաղաքագետի խոսքերով, առանց Ռուսաստանի բանակցային գործընթացում ոչ մի հարց, մանավանդ՝ խաղաղարարության հետ կապված, չի վճռվի: «Բայց եթե այդ գործընթացը ֆինանսավորեն ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը չի առարկի: Իսկ եթե Վրաստանը դուրս գա ԱՊՀ-ի կազմից, այդ դեպքում ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն հնարավորություն կունենան բանակցութուններ սկսել մեր զինված ուժերին միջազգային խաղաղարար զորամիավորումների կազմում ներգրավելու վերաբերյալ, որը կուղարկվի Ղարաբաղ»,- հայտարարեց Քվեսելավան:
Բայց դեպքերի նման զարգացումը ձեռնտո՞ւ է, արդյոք, Ռուսաստանին: Իգոր Քվեսելավայի խոսքերով` Լեռնային Ղարաբաղն այն լծակն է, որից Մոսկվան օգտվում է Հայաստանում իր քաղաքականության վարման համար: «Բայց այդ հարցը կարող է լուծվել, եթե դրանով լրջորեն զբաղվի միջազգային հանրությունը: Մեզ համար դա լավ է այնքանով, որ կարգավորման մոդելը հետագայում կարող է կիրառվել Աբխազիայում: Առավել եւս, եթե իրապես առաջադրվի ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու հարցը: Կարծում եմ, որ 2006 թվականը կդառնա ԱՊՀ-ի վերջը»,- «Ռեզոնանսիին» հայտնեց Իգոր Քվեսելավան:
Քաղաքագետ Սոսո Ցինցաձեն չի կասկածում, որ Հայաստանը ղարաբաղյան ճակատում գլխավոր խաղաղարար կփորձի դարձնել Ռուսաստանին: «Իր հերթին, Ադրբեջանը կպնդի Թուրքիայի թեկնածությունը, ինչի դեմ կառարկեն Հայաստանն ու Ռուսաստանը, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իրաքյան կամպանիայից հետո բավականին պրոբլեմատիկ է ներկայանում եվրոպական պետությունների ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղարար զորամիավորումներում»,- գտնում է Սոսո Ցինցաձեն: Քաղաքագետի խոսքերով, տպավորություն է ստեղծվում, որ ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն ոչ պաշտոնական համաձայնագիր են կնքել այն մասին, որ նախկին սովետական տարածքում խաղաղարար առաքելությամբ զբաղվելու է Ռուսաստանը: «Ռուսաստանի գլխավոր խաղաքարտը, ինչից նա արդյունավետորեն օգտվում է, կայանում է նրանում, որ նա իր խաղաղարար գործունեության համար ՄԱԿ-ից ֆինանսավորում չի պահանջում: Մոսկվան իր զինծառայողներին կոպեկներ է վճարում եւ բոլորովին չի անհանգստանում ոչ նրանց խնդիրների, ոչ էլ՝ ապագայի մասին»,- ասաց Ցինցաձեն: Խաղաղարար զորամիավորումներում Վրաստանի մասնակցությունը, որը կարող է դրսեւորվել Լեռնային Ղարաբաղում, Սոսո Ցինցաձեն համարում է ինչ-որ տեղ մտացածին. «Վրաստանի ազգային անվտանգության ըմբռնումներում Ադրբեջանը հիշատակված է որպես ռազմավարական դաշնակից, իսկ Հայաստանը՝ որպես պրագմատիկ գործընկեր, ինչը Երեւանում ժամանակին լարվածությամբ է ընդունվել: Այդ պատճառով վրաստանցի խաղաղարարների ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու հարցը դիվանագիտորեն դժվար լուծելի խնդիր է»:
13.01.2006թ.