«Ձմեռ Պապը հարուստների տուն ա գալիս»

21/01/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սակայն մի տեսակ կոտրված է, ասում է, որ այլեւս չի հավատում Նրա գոյությանը: Մասիսը կարծում է, որ եթե նույնիսկ Ձմեռ պապ կա, ապա իրենց տուն չի գնա, որովհետեւ նա գնում է միայն հարուստ երեխաների տուն: Մասիսը երբեւէ նվեր չի ստացել, սակայն ասում է, որ իր համար ոչ թե կարեւոր է Ձմեռ պապիկի բերած նվերը, այլ կարեւոր է իրենից փոքր քույրերի եւ եղբայրների երազանքի իրականացումը, նրանք փոքր են, շատ բան չեն հասկանում ու միշտ սպասում են Ձմեռ պապին: «Դե՛, ես մեծացել եմ, գնում եմ Հիսուս Քրիստոսի սրբերի եկեղեցի, ընտանիքով գնում ենք, էնտեղ լավ ա, տաք ա, գազ են վառում»: Հարցնում եմ՝ դա ի՞նչ եկեղեցի է: Ասում է՝ «Չգիտեմ, ես ինձ լավ եմ զգում, որ գնում եմ, երեխաներն առանձին են, մեծերն առանձին սենյակներում են խոսում, աղոթք անում: Էն ախպորս որ տեսաք, ինձնից մի տարի մեծ ախպերս եկեղեցում սարկավագ ա, մյուս տարի ես էլ կդառնամ սարկավագ»: Իսկ Հիսուս Քրիստոսի սրբերի եկեղեցու սարկավագի առաքելությունը ո՞րն է, նա ի՞նչ է անում: «Դե, հաց-մաց, բան ա էլի բաժանում, սարկավագը էդ ա, ես էլ կդառնամ սարկավագ»,- ասում է նա:

6 երեխաների ծնողները 35 տարեկան են: Մայրը՝ Դինան, ասում է. «Դեկտեմբերի 31-ին երեխաների համար կարողացա պատրաստել «վինեգրեդ» ու սուտի տոլմա (բրնձով): Դե՛ ոչինչ, անցկացրինք, հեռուստացույցը միացրինք ու սկսեցինք պարել, որ երեխաներին ուրախացնենք»: Երեխաների հայրը՝ Կամոն, սովորել է Լենինգրադի արվեստի ինստիտուտում, որտեղ էլ ծանոթացել է ռեժիսուրայի բաժնի ուսանողուհի, Զապալյարի քաղաքի բնակչուհի Դինայի հետ: Կամոն ռուս կնոջ հետ ամուսնացել է, ու վերադարձել են Հայաստան, շատ երջանիկ ընտանիք են ստեղծել: Երկու երեխա են ունեցել: «Մենք վերադարձանք, ու մի երկու տարի անց բլոկադան սկսվեց: Ապրում էինք Բանգլադեշի մեր բնակարանում: Երկու երեխա ունեինք, սկսվեց ցուրտը, մութը, լարվածությունն ու ճգնաժամը: Ճիշտ է, աշխատում էի, բայց չէինք կարողանում նորմալ ապրել: Նորից երեխայի էինք սպասում,- պատմում է Կամոն: -Գիտեք, երբ մենք ամուսիններով միավորվեցինք` մի զարմանալի զուգադիպությամբ երկուսս էլ նույն զգացումն էինք ապրում: Երկուսս էլ մեր ապրած կյանքում քույր ու եղբոր կարիք ենք զգացել: Այդ մենակությունից շատ ենք տխրել եւ դեռ չամուսնացած էլ ամեն մեկս մեզ համար որոշել էինք շատ երեխաներ ունենալ, որ մեր երեխաները նույն մենակությունը չապրեին»: Այդ տարիներին ամուսիններն իրենց շատ միայնակ են զգացել, քանի որ Դինայի հարազատները, քույրը Ռուսաստանում էին, իսկ Կամոյի միակ քույրը հաշմանդամ էր, եւ նա միայն մայր ուներ: Նրանք որոշել են` նյութական ինչ վիճակում էլ լինեն, շատ երեխաներ ունենալ: Ցրտի ու մթի տարիներին ամուսինները որոշել են մի գործ ձեռնարկել: Կամոն բանկից տոկոսով գումար է վերցրել եւ կոշիկի փոքրիկ արտադրություն է բացել: Սկսել է կոշկակարությամբ զբաղվել, մինչդեռ այդ տարիներին մարդիկ միայն մի կտոր հացի մասին էին մտածում: Կամոյի ձեռնարկատիրական գործունեությունը ձախողվել է, իսկ տոկոսները գնալով ավելացել են: Բանկի տոկոսը վճարելու համար վաճառել են բնակարանն ու հայտնվել փողոցում: Ամիսներ շարունակ մի տեղ մնալու հնարավորություն են փնտրել: Այդ ժամանակ Կամոն Չարբախում գտնվող երկաթի գործարանում աշխատանքի է ընդունվել: Գործարանի տնօրենն այս ընտանիքին խղճացել եւ թույլ է տվել գործարանի փոքրիկ մի սենյակում գիշերել: Այդպես էլ ընտանիքով՝ ամուսինները, երեխաները, Կամոյի մայրն ու քույրը մնացել են գործարանի սենյակում: Մի գիշերը դարձել է ուղիղ 7 տարի: «Գիշերները պահակություն էինք անում գործարանում, դե էնտեղ էինք ապրում, իսկ ցերեկները Կամոն բանվորություն էր անում, սարսափելի էր: Սթրեսների մեջ էինք»,- պատմում է Դինան: Կամոյի քույրն այդ ընթացքում անշարժացել է, նյարդերը չեն դիմացել, սակայն անգամ սայլակ ձեռք բերելու հնարավորություն չեն ունեցել: Կամոն ասում է, որ քույրը մոտ 10 տարի թախտի վրա նստած է ապրել: Դրանից հետո Կամոն կրկին աշատանքի հետ կապված խնդիրներ է ունեցել. նրան ազատել են աշխատանքից: Ամուսիններով որոշել են գոմ մաքրող աշխատել: Գոմ են մաքրել եւ երկուսի աշխատանքի համար միասին վճարվել են ընդամենը 500 դրամ: Չի ստացվել այդպես ապրել: Կամոն հացի փռում որպես հացթուխ է աշխատել: Որոշ ժամանակ անց գործարանում օթեւանած ընտանիքին վռնդել են: Կամոն այս անգամ էլ հարեւանությամբ գտնվող ասֆալտի գործարանի տնօրենից է օգնություն խնդրել: «Շատ լավ մարդ է: Գործարանի մեջ մի քիչ մնացինք, հետո Կիրովականից ժեշտից բուդկա բերեցինք, դրեցինք ստեղ ու ստեղ էլ ապրեցինք: Սա ասֆալտի գործարանի տարածքն ա, ազատ տարածք էր ու երեւի մի քանի հարկանի զիբիլ կար կուտակված, ամբողջ զիբիլը տարիներ շարունակ ստեղ էին թափել: Ամբողջը մաքրեցինք: Գործարանի տնօրենն ասաց՝ բուդկեն դիր, մնացեք: Ժեշտից բուդկեն դրեցինք, որոշ ժամանակ անց մեկ էլ տեսնեմ երեխեքս զիբիլանոցից շիֆերներ են գտել-բերել: Մի քիչ քար ճարեցինք, շարեցինք բուդկի առաջի մասում ու էդ շիֆերները շարեցինք վրեն, մի փոքր տարածություն ավելացավ: Բուդկեն շատ փոքր էր, պատկերացրեք, 6 երեխա, մայրս, քույրս ու մենք՝ ամուսիններով էդ բուդկայի մեջ ենք ապրում: Չնայած հիմա ասել ա, որ դուրս գանք, որովհետեւ էս տարածքում բան են սարքելու: Էլ չգիտեմ ինչ պիտի անենք: Շատ խղճով մարդ ա տնօրենը, հոսանքն ու ջուրը մեզ ձրի տալիս ա, տաքանում են երեխեքս»,- պատմում է Կամոն: Կամոն հիմա չի աշխատում, որովհետեւ 7 տարի փռում հացթուխ աշխատելով` թոքերը շարքից դուրս են եկել: Էլ չի դիմանում, թեթեւ ծխից՝ խեղդող հազ է բռնում: Իսկ Դինան հավաքարարություն է անում: Շաբաթը 2 օր ինչ-որ մեկի տանը մաքրություն է անում ու ստանում է 15.000 դրամ: 9 հոգանոց այս ընտանիքն ապրում է Դինայի 15.000 դրամ աշխատավարձով, նրա սկեսրոջ 8000 դրամ թոշակով եւ «Փարոսի» 27.000 դրամով: Երեխաները մեծանում են օգնություն ստացած կամ ուրիշների տված հագուստով: Ամառները երեխաներն ընկնում են փողոցներն` ալյումին ման գալու, այստեղից-այնտեղից մետաղներ են գտնում ու մի քանի հարյուր դրամով էլ իրենք են օգնում:

«Ուզում եմ գնալ ծերանոց»

Այցելության ժամանակ չգիտեինք, որ Կամոյի մայրը՝ Գրետա տատիկը նույնպես տանն է: Նա մութ մի անկյունում կծկված՝ գործում էր: 64 տարեկան Գրետա տատիկի դեմքը կնճիռների մեջ չի երեւում: Խնդրեցինք նրան միանալ մեր զրույցին, սակայն առանց խոսելու նա սկսեց բարձրաձայն լաց լինել ու հեկեկալ. «Ես ծնունդով ղարաբաղցի եմ: Փոքր ժամանակ կարմրուկի պատճառով մի աչքս կուրացավ, չի տեսնում աչքս: Երեք եղբայրներս դրանից հետո ասում էին, որ ինձ չեն ամուսնացնի, որովհետեւ մի աչքս չկար, ասում էին, որ ինձ իրանք կպահեն: Բայց հետո ամուսնացրին,- արցունքն աչքերին պատմում է նա: -Ամուսինս զինվորական էր, մի քանի տարի Գերմանիայում ապրեցինք, հետո ծառայությունը վերջացրեց, եկանք Ղափան, էնտեղ էինք ապրում: Կարեն Դեմիրճյանը մետրոպոլիտենի կառուցման համար ամուսնուս կանչեց Երեւան, այդ ժամանակ նա վարպետներ էր հավաքում, եկանք ու մնացինք Երեւանում: Ամուսինս երիտասարդ տարիքում մահացավ: Տղաս ու աղջիկս մնացին իմ խնամքի տակ: Գործակատար էի աշխատում, էն ժամանակ երեխա պահելը հեշտ էր: Մենք լավ ենք ապրել, իսկ հիմա…»: Գրետա տատիկն ուզում է լաց լինել, թեթեւանալ ու պարբերաբար ներողություն է խնդրում, որ չի կարող իրեն զսպել: Շատ նեղված է: Ուզում է իրեն տանեն ծերանոց, չի դիմանում ցավին: Երբ ծերանոցի անուն է տալիս՝ մոր խոսքերից խոցված Կամոն մետաղյա տնակից դուրս է գալիս ծխելու: Թեեւ ամուսիններով տատիկին զգացնել են տալիս, որ չարժե ամեն բան պատմել, հավանաբար ամաչում են, այդուհանդերձ Գրետա տատիկն ուզում է ամեն ինչ պատմել. «Ուզում եմ գնալ ծերանոց, չեմ դիմանում էս ցավին: Ամիսներ առաջ աղջիկս մահացավ, երկար տարիներ թախտին նստած էր, ներվերից էր, չէր կարում շարժվեր, պատահական մահացավ: Երեք օր պահեցին անատոմիկում, որովհետեւ գերեզմանի տեղ չէին տալիս, չէինք կարում դիակը վերցնենք, չգիտեինք՝ ուր թաղենք: Թաղման բյուրոյից փող էին ուզում, ասում էին՝ գնացեք, տեղ չկա, հետո էլ, թե՝ փող տվեք՝ տեղ կտանք: Աղջկաս հերձած վիճակում չգիտեինք ինչ անենք: Հասկանո՞ւմ ես էդ ինչ է մոր համար: Շենգավիթի թաղապետը շատ լավ մարդ է, ապրի արեւը, մի թուղթ տվեց, տարանք Թաղման բյուրո, նոր թաղելու տեղ տվեցին: Էս ի՞նչ օրը ընկանք, ո՞նց ապրեն էրեխեքս»: Տատիկն ասում է, որ լավ կլիներ իրենք գյուղերից մեկում թեկուզ մի հավաբուն գտնեին ու ապրեին, գոնե հավ կպահեին, երեխաներին կկերակրեին: Իսկ Դինան պնդում է, որ երեխաները տաղանդավոր են, հինգերով են սովորում եւ Երեւանում կարող են ուսումը շարունակել, գյուղում նրանք ոչ մի բանի հասնել չեն կարող:

«Պետությունը ո՞նց ա նայելու աչքերիս»

Կամոն ասում է, որ թեեւ իրենց հիմա նորից վռնդում են, բայց ինքը հանգիստ է, որովհետեւ տեղ ունեն գնալու, գաղտնիք է, չի ուզում ասել, թե ուր են գնալու: Հարցնում եմ, իսկ Հիսուս Քրիստոսի սրբերի եկեղեցին դա ի՞նչ է, աղանդավորների հավաքատեղի՞, ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցի չեն գնում: Ասում է՝ «Չէ, աղանդ չի, իսկական հավատացյալ են, արդեն 4 տարի է գնում ենք: Մենք մեզ էնտեղ գտանք: Շատ դժվար տարիներ ապրեցինք, հասկանո՞ւմ եք, ոնց որ երկնքից ընկնես գետնին, ցավոտ էր: Առաջ ես ծիծաղում էի հավատացյալների վրա, բայց ճիշտը դա է, իմ երեխեքի փրկությունը եկեղեցին է: Հավասարություն կա եկեղեցում, հասկանում ենք իրար: Ինձ միշտ հարցնում են, թե էս պայմաններում չե՞ս վախեցել 6 երեխա ունենալ: Բայց եսիմ, չգիտեմ, կարծում էի` լավ բան եմ անում… Ես մենակ մի բան եմ մտածում՝ հես ա, որ երեք տղաներիս բանակի տարիքը գա, պետությունը ո՞նց ա նայելու իմ աչքերին, ամաչելո՞ւ է, թե՞…»։

Երեխաներին լուսանկարելիս ծնողներն անընդհատ ասում էին՝ «Ժպտացեք, երեխեք»: Թեեւ երեխաները ջանք չէին խնայում ծնողների կամքը կատարելու համար, այնուամենայնիվ ժպտալ մի տեսակ չէր ստացվում: