Գաղտնիք չէ, որ հայաստանյան շուկան ողողված է հակահիգիենիկ եւ պիտանելիության առումով ժամկետանց սննդամթերքով: Այս ոլորտը կարգավորվում է Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքով, որի կիրառմամբ սպառողներն իրավունք ունեն գնել որակյալ ապրանք, ավելին՝ առեւտրի օբյեկտները պարտավոր են գնորդին սպասարկել պատշաճ որակի սննդամթերք, հակառակ դեպքում նախատեսվում են պատժամիջոցներ:
Այն, որ առեւտրի կետերի աշխատակիցներն անբարեխիղճ կերպով գնորդին իրացնում են նաեւ հնացած ու կասկածելի որակի ապրանք՝ փաստ է, սակայն առավել կարեւոր հանգամանք է առեւտրի կետերի ծառայությունների վերահսկողությունը: Այս բնագավառի վերահսկողության մենաշնորհը հիմնականում վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ), որոնք առաջնորդվում են Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի պահանջներով: ՏԻՄ-երի լիազորություններն առեւտրի սպասարկման դաշտում մեծ են, սակայն որքանո՞վ են նրանք կատարում իրենց պարտականությունը: Այս հանգամանքը ճշտելու համար փորձեցինք առեւտրի կետերում որպես սպառող փոքրիկ ուսումնասիրություն կատարել: Նախ մեջբերենք օրենքից մի շատ կարեւոր կետ. կրպակներում արգելվում է վաճառել պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում եւ պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի եւ գարեջրի, որոնց տեղափոխումը եւ պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման եւ պահման համար նախատեսված հատուկ սառնարաններում: Նշանակում է՝ կրպակներում չպետք է վաճառվեն կաթնամթերքի որեւէ տեսակ՝ թթվասեր, մածուն, կարագ, կաթ, շոկոլադե կրեմներ եւ այլն, այդ թվում` նաեւ մսամթերք, թռչնամթերք (հավկիթ): Մեր այցելած շուրջ 9-10 կրպակներում վաճառվում էր վերոնշյալ մթերքը: Մայրուղիների վրա գտնվող ամենակեղտոտ եւ անհարմարավետ կրպակից էլ կարելի էր գնել, թե՛ թթվասեր, թե՛ կարագ, թե՛ հավկիթ: Կրպակների առեւտուրն ապրանքը սպառողի տեսադաշտից հեռու պահելու ամենադյուրին տարբերակն է, ուստի գնորդը հնարավորություն չունի տեսնելու, թե իր պահանջած սննդամթերքն ինչ պայմաններում է պահպանվել: Շենգավիթ համայնքի կրպակներից մեկի վաճառողին համոզեցի մտնել ներս: Յուրաքանչյուր գնորդ գոնե մեկ անգամ պետք է տեսնի, թե իր գնած ապրանքն ինչ պայմաններում է պահպանվում: Կրպակի ներսում կարելի է տեսնել հատակի փալասի մոտ տեղադրված կարագը, երշիկեղենն ու նույնիսկ հացաբուլկեղենը: Էլ չենք խոսում, որ աշխատակիցը կարող է հատակն ավլելիս աննրբանկատորեն փոշին ու կեղտը լցնել բաց ապրանքի վրա: Հարցիս, թե ինչո՞ւ են կրպակում վաճառում օրենքով արգելված ապրանքները, կրպակատերը պատասխանեց. «Բայց ո՞վ ասեց, որ արգելված ա, կամ ինչի՞ չպիտի վաճառեմ, եթե էդքան հարկ եմ մուծում»: Պարզվեց, որ կրպակատերերը նույնիսկ տեղյակ չեն, որ կրպակներում արգելվում է վաճառել հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող սննդամթերք: «Մեզ ոչ մեկը չի ասել, որ արգելվում է, ոչ էլ թաղապետարանի աշխատողներն են զգուշացրել: Նման հարցով մեզ երբեք չեն դիմել»,- ասաց կրպակատերը: Կրպակներում հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող սննդամթերքը կամ պահում են սովորական սառնարաններում, որոնք սառը եղանակի պատճառով անգամ չեն միացնում, կամ պարզապես լցնում են պահարանների մեջ: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը պնդում է, որ Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքն ուժի մեջ է մտել դեռեւս 2005թ. հունվարի 1-ից: «Օրենքի այդ կետը, ըստ որի` կրպակներում հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող սննդամթերքի վաճառքը պետք է արգելվի, կիրառվում է անցյալ տարվանից եւ համաձայն օրենքի՝ դրանց վաճառքը պետք է տեղական ինքնակառավարման մարմինները կանխեին դեռ անցյալ տարվանից, սակայն դրանց վաճառքը կարծեմ բոլոր կրպակներում անփոփոխ է»,- ասաց պրն Պողոսյանը: Այս խնդիրն այնքան լուրջ է, որ Սպառողների միության նախագահը շուտով որոշ թաղապետերի հետ հանդիպում կկազմակերպի, եւ կքննարկվեն սննդամթերքի վերահսկողական լուրջ խնդիրներ: Ի հակառակ վերջինիս պնդումների, Շենգավիթի թաղապետարանի Առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ Անդրանիկ Շահումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերահսկողական աշխատանքները պետք է սկսվեն հունվարի 13-ից: «Քաղաքապետը հրահանգել է 13-ից հետո օրենքը կիրառել»,- ասաց նա: Պրն Պողոսյանի խոսքերը մեջբերելով, թե կրպակներում այդ սննդամթերքի վաճառքն արգելվել է դեռ անցյալ տարվանից, ստացանք հետեւյալ պատասխանը. «Դե ախր էդ կրպակների հանդեպ պետք է ըմբռնումով մոտենալ: Փոքր կրպակներ են, փոքր ծավալների առեւտուր են անում, դուք շրջել-տեսե՞լ եք, ձեր ասած ապրանքները վաճառո՞ւմ են»: Կրպակների վերաբերյալ մեր տպավորությունները կիսեցինք պրն Շահումյանի հետ, եւ նա ասաց. «Դե հիմա ձմեռ է, տնային սառնարաններում կարող են պահել, որովհետեւ ջերմաստիճանը սառն է, բայց այդ հարցը կլրջանա ամռան շոգին, որովհետեւ փչացող ապրանքներ են: Իսկ ո՞ր ապրանքներն են մտնում այդ կետի մեջ, մեզ քաղաքապետարանից պիտի այդ ապրանքների ցանկը տան»: Փաստորեն, ըստ Սպառողների միության նախագահ Ա. Պողոսյանի՝ օրենքն ուժի մեջ է մտել 2005թ. հունվարի 1-ից, սակայն ՏԻՄ-երը հունվարի 13-ից պիտի կրպակների հատուկ ջերմաստիճան պահանջող ապրանքների վաճառքը վերացնեին: Նշենք, որ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության աշխատակիցներն այդ կրպակներ ոտք չեն դնում: Կրպակների մեր փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեզ՝ սպառողներիս մատուցվում է ծայրաստիճան հակահիգիենիկ պայմաններում պահվող սննդամթերք: Իսկ հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող սննդամթերքի արգելքի վերաբերյալ հարկ է նշել, որ կրպակատերերն այնքան էլ օրինազանց չեն, պարզապես օրենքներին չեն տիրապետում: