Ամերիկյան Կինոակադեմիան որոշել է պատվավոր «Օսկար» շնորհել կինոռեժիսոր Ռոբերտ Օլթմանին: Մրցանակը կհանձնվի մարտի 5-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: 80-ամյա Օլթմանը 5 անգամ ներկայացվել է «Օսկար»-ի` որպես ռեժիսոր, 3 անգամ` որպես պրոդյուսեր, եւ ոչ մի անգամ չի հաղթել: Իր կարիերայի ընթացքում նա նկարահանել է 37 ֆիլմ, որոնց թվում են` «Բարձր նորաձեւություն», «Խաղացողը», «Գոսֆորդ պարկ», «Դոկտոր Թ-ն եւ նրա կանայք» ժապավենները: Ակադեմիայի որոշումն անսպասելի էր կինոսիրողների համար, քանի որ պատվավոր օսկարակրի դերում այս տարի նրանք տեսնում էին հոլիվուդյան եւս մեկ «անհաջողակ» ռեժիսորի` Մարտին Սկորսեզեին («Ավիատոր», «Նյու Յորքի հերոսակախմբերը», «Կազինո», «Տաքսիստ»), որի ֆիլմերն առավել հայտնի ու սիրված են ողջ աշխարհում: