2006թ. ապրիլին Մեծ Բրիտանիայում մեկնարկելու է Շեքսպիրյան փառատոնը, որը տեւելու է ուղիղ մեկ տարի: Աշխարհի տարբեր երկրներից թատերական խմբեր են ժամանելու, որոնք Շեքսպիրի ծննդավայրում` Էյվանի Սթրադֆորդում ներկայացնելու են Ուիլյամ Շեքսպիրի գործերի բեմականացումը: Դա լինելու է առաջին փառատոնը, որն ընդգրկելու է Շեքսպիրի ողջ ժառանգությունը եւ կոչվելու է «Շեքսպիրի ստեղծագործությունների հավաքածու»: Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն անգլիացի դրամատուրգի բոլոր 37 պիեսների, սոնետների եւ պոեմների բեմականացումները, նաեւ` տեղի կունենա Շեքսպիրի գործերի նոր հրատարակության շնորահանդեսը: Փառատոնի կազմակերպիչ` The Royal «Shakespeare Company»-ն կցուցադրի նաեւ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը: Ուշագրավն այն է, որ բացի ժամանակակից մեկնաբանություններից ներկայացվելու են նաեւ բեմադրություններ, որոնցում բոլոր դերերը տղամարդիկ են կատարելու, քանի որ Շեքսպիրի ժամանակ կանայք բեմ չէին բարձրանում: Փառատոնի բացումը տեղի կունենա ապրիլի 23-ին: 1564թ. այդ օրն է ծնվել ամենահայտնի դրամատուրգը եւ 52 տարի անց նույն այդ օրը մահացել: Լոնդոնի «Գլոբուս» թատրոնն այդ օրը բաց կլինի բոլորի համար, յուրաքանչյուր ցանկացող կարող է թատրոնի շենքում ելույթ ունենալ եւ Շեքսպիրյան ստեղծագործությունները կատարել: