Լոս-Անջելեսի «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ կինոաշխարհի կարեւորագույն իրադարձություններից մեկը` «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որը սովորաբար անվանում են «Օսկարի փորձաշրջան»:
Տեղի ունեցավ այն, ինչ սպասվում էր. 4 անվանակարգերում («Լավագույն դրամա», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն երգ» եւ «Լավագույն սցենար») հաղթեց ռեժիսոր Էնգ Լիի «Կոտրված լեռ» («Brokeback Mountain») ֆիլմը: Այս փաստը կինոքննադատները համարում են «բեկումնային», քանզի ժապավենը 2 ամերիկյան կովբոյների հուզիչ եւ ռոմանտիկ սիրո մասին է: Թեեւ «Կոտրված լեռը» 2005թ. արժանացել է նաեւ Վենետիկյան կինոփառատոնի գլխավոր մրցանակին, իսկ քննադատներն այն համարում են անցյալ տարվա կինոարտադրության լավագույն նմուշներից մեկը, այնուամենայնիվ, այն միանշանակ չի ընդունվում: Հոմոսեքսուալիստների սիրո պատմությունը ԱՄՆ-ի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը համարում է «բարոյապես վիրավորական», իսկ Վաշինգտոնի որոշ խոշոր կինոթատրոններ հրաժարվել են այն ցուցադրել: Ինչեւէ, ժամանակը ցույց կտա, թե հայ կինոսերներին կհաջողվի՞ արդյոք դիտել հաղթարշավի ուղին բռնած «Կոտրված լեռը»:
Այնուամենայնիվ, վերջինիս գլխավոր դերակատար Հիթ Լեջերին բախտ չվիճակվեց ճանաչվել լավագույնը, նրան հաղթեց Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը` «Կապոտե» ֆիլմում դերակատարման համար: Անսպասելի էր նաեւ «Դրամայի լավագույն դերասանուհի» անվանակարգը, որում կինոքննադատները կանխատեսում էին Շարլիզ Թերոնի կամ Գվինետ Պելտրոուի հաղթանակը. «Գլոբուսին» արժանացավ Ֆելիսիտա Հաֆմանը («ՏրանսԱմերիկա»): «Կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց երգիչ Ջոնի Քեշի ճակատագրի մասին պատմող «Քայլել գծով» («Walk The Line») ժապավենը: Մրցանակների արժանացան նաեւ այս ֆիլմի գլխավոր դերակատարները` Խոակին Ֆենիքսը եւ Ռիզ Ուիզերսպոունը: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Ռեյչլ Ուայզը («Հավատարիմ այգեպանը»), իսկ տղամարդկանց նույն անվանակարգում մրցանակը շնորհվեց Ջորջ Կլունիին («Սիրիանա»): Հարկ է նշել, որ ռեժիսոր Էնգ Լիի մրցակիցներն էին հոլիվուդյան այնպիսի «տիտաններ», ինչպիսիք են Վուդի Ալենը («Մատչ փոյնթ»), Ստիվեն Սպիլբերգը («Մյունհեն»), Ջորջ Կլունին («Բարի գիշեր եւ հաջողություն»), Պիտեր Ջեքսոնը («Կինգ Կոնգ») եւ Ֆերնանդո Մեյրելեսը («Հավատարիմ այգեպանը»): 2005թ.-ի լավագույն հեռուստասերիալ ճանաչվեց հայ հանդիսատեսին հայտնի «Ողջ մնալ» ժապավենը, որը պատմում է ավիավթարից կենդանի մնացածների` միեւնույն կղզում համատեղ կյանքի մասին:
Մրցանակաբաշխության ամենամեծ անակնկալը թերեւս «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգն էր: Հաղթող ճանաչվեց «Դրախտն այժմ» («Paradise Now») պաղեստինյան ժապավենը, որի ռեժիսոր Հանի Աբու-Ասադը մրցանակը ստանալիս ասել է, որ «ահաբեկիչ-ինքնասպանների մասին ֆիլմի պարգեւատրումը ազատության համար պայքարի պաղեստինյան ուղու լավագույն գնահատականն է»: Իսկ պատվավոր «Ոսկե գլոբուսը» հանձնվեց աշխարհահռչակ դերասան Էնթընի Հոփկինսին:
Ինչեւէ, Ամերիկյան Կինոակադեմիայի 78-րդ մրցանակաբաշխության համար ճանապարհն արդեն հարթ է: Մնում է սպասել «Օսկարի» հավակնորդների ցուցակին, որը կհրապարակվի հունվարի 31-ին: