Տադաո Կասիո

21/01/2006

Արդեն 80-ականների վերջին հաշվիչ մեքենաներից բացի նրա ընկերությունը սկսեց արտադրել ժամացույցներ, տպիչներ, հեռուստացույցներ, սինթեզատորներ, էլեկտրոնային նոթատետրեր: 20-րդ դարի տեխնիկական առաջընթացի խորհրդանիշ դարձավ 1972-ին արտադրված «Կասիո մինի» հաշվիչ մեքենան:

Տադաո Կասիոն ծնվել է 1917-ին` Ճապոնիայի ՈՒեդե գյուղում: Մինչեւ 1923թ. Կասիոների ընտանիքն ապրում էր գյուղում, իսկ Տոկիոյի երկրաշարժից հետո նրանք հնարավորություն ստացան տեղափոխվելու քաղաք. վերակառուցվող մայրաքաղաքին աշխատող ձեռքեր էին պետք: Բայց թեթեւ կյանքը մայրաքաղաքում չստացվեց: Շինարարության համար քիչ էին վճարում, եւ Տադաոյի ուսման վարձը վճարելու համար հայրը ոտքով էր գնում աշխատանքի՝ խնայելով տրամվայի փողը: Տադաոն, իբրեւ իսկական ճապոնացի, չէր կարող հուսախաբ անել հորը. նա դասարանի լավագույն աշակերտն էր: Դպրոցն ավարտելուց հետո նրան, որպես գերազանցիկի, ընդունեցին շարժիչներ արտադրող գործարան՝ իբրեւ խառատի աշակերտ: Տադաոն առաջինն էր գալիս գործի ու վերջինն էր հեռանում, եւ նրան ուղարկում են երեկոյան կուրսերի, որի համար վճարում էր գործարանը: Նա աշխատում էր առանց իրեն խնայելու եւ այնքան էր հյուծվել, որ նրան նույնիսկ բանակ տանելու համար պիտանի չհամարեցին:

1942-ի ամռանը՝ Երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ օրերին, Տադաոն բացում է իր ձեռնարկությունը: Գործարանից, որտեղ մինչ այդ աշխատում էր, շատ էժան գնով հաստոց է գնում, իսկ պոտենցիալ պատվիրատուների հետ կապեր արդեն ուներ: Շատ շուտով, ռազմական ինքնաթիռների համար դետալներ պատրաստելով, Տադաոն վերադարձնում է վերցրած վարկն ու աշխատում իր հարսանիքի գումարը: Մայրն, արդեն մի քանի տարի էր՝ հարսնացու էր ընտրել նրա համար, բայց Ճապոնիայում ընդունված չէ առանց փող ունենալու ամուսնանալը: Մի օր Տադաոյին անսպասելի առաջարկում են ֆրեզերային հաստոց գնել շատ էժան գնով: Դա շատ պետքական բան էր, դրա վրա կարելի էր պատրաստել թավաներ, պրիմուս, փոքրիկ վառարաններ, որոնք վերջին շրջանում մեծ պահանջարկ ունեին: Այդ ձեւով աշխատած փողերն ընտանիքին հնարավորություն տվեցին ոչ միայն ապրել հետպատերազմյան ծանր տարիներին, այլեւ ծրագրել ապագան: Այդ ժամանակ Տադաոն արդեն տեսել էր հաշվիչ մեքենայի աշխատանքը, եւ նրա միտքն աշխատում էր այդ ուղղությամբ: 1950թ. հունվարին Տադաոյի կրտսեր եղբայրը՝ Տոսիոն, սկսեց զբաղվել հաշվիչ մեքենայի նախագծումով: Փորձնական օրինակի ստեղծումը տեւեց 5 երկար տարի: Բայց մեքենան դեռ նախնական փուլում արդեն հնացել էր: Սակայն անհաջողությունները չհուսահատեցրին Տադաոյին. նա բանկից գումար վերցրեց ու շարունակեց աշխատանքները:

Նոր մեքենայի վրա աշխատելիս պարզվեց, որ հնացել են նրա եւ՛ բազային հնարավորությունները, եւ՛ աշխատանքի սկզբունքները: Ստիպված եղան փոխել կառուցվածքն ու անցնել առավել առաջադիմական ռելեի: Նոր մեքենան 120 կգ քաշ ուներ եւ 1 մետր բարձրություն: Այն ժամանակի համար դա հսկայական հաջողություն էր: «Կասիո 14A» անվանումը նշանակում էր, որ հաշվիչ մեքենան կարող է աշխատել 14 նիշ ունեցող թվերի հետ: Արտասահմանյան նմանատիպ մեքենաների համեմատությամբ նրա տեխնիկական ցուցանիշներն ավելի բարձր էին, ինչն էլ հնարավորություն տվեց ավելի թանկ գին նշանակել «Կասիո»-յի համար: Հաջողությունը երաշխավորված էր: Իր ժամանակի համար ունիվերսալ եւ գերճշգրիտ մեքենայի ստեղծումը համընկավ Ճապոնիայի ընդհանուր տնտեսական վերելքի հետ, եւ պատվերները «Կասիո» ընկերության գլխին թափվեցին մեկը մյուսի հետեւից:

Մրցակիցները եւ առաջին հերթին «Շարպը», օգտվելով նոր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում որոշակի դադարից, սկսեցին նոր սերնդի մեքենաների արտադրությունը՝ ո՛չ թե ռելեով աշխատող, այլ էլեկտրոնային: Շուկայում «Կասիո»-յի արտադրանքի պահանջարկը կտրուկ ընկավ: Բայց շարունակվում էին աշխատանքները նոր տեսակի հաշվիչ տեխնիկայի ստեղծման ուղղությամբ: 1965-ին ստեղծված օրինակը ստացավ «001» անունը: Պլանը հաջողվեց. 1970-ականների սկզբին «Կասիո»-յի հեղինակությունը լիովին վերականգնվեց:

Արդեն 80-ականների վերջին, հաշվիչ մեքենաներից բացի, նրա ընկերությունը սկսեց արտադրել ժամացույցներ, տպիչներ, հեռուստացույցներ, սինթեզատորներ, էլեկտրոնային նոթատետրեր: 20-րդ դարի տեխնիկական առաջընթացի խորհրդանիշ դարձավ 1972թ. արտադրված «Կասիո մինի» հաշվիչ մեքենան:

ՈՒնենալով հսկայական կոմերցիոն փորձ, հանրահայտ ապրանքանիշ ու ներդրումներ գրավելու հնարավորություն՝ Տադաոն վճռականորեն մուտք գործեց նոր շուկա: Դա մեծ ռիսկ էր, բայց հաշվարկված ռիսկ: «Կասիո» ժամացույցները դարձան ֆիրմայի նույնպիսի խորհրդանիշ, ինչպես հաշվիչ մեքենաները:

Տադաո Կասիոն ոչ միայն ֆիրմայի հիմնադիրն էր, այլեւ նրա ղեկավարը 1960-1988թթ.: Ապա նա ղեկավարությունը հանձնեց իր եղբայր Տոսիոյին: Մյուս երկու եղբայրները՝ Կաձուոն եւ Յուկիոն, զբաղեցրին գլխավոր տնօրենի ու փոխտնօրենի պաշտոնները:

Իսկ Տադաոն մինչեւ իր մահը՝ 1993-ի մարտի 6-ը, շարունակում էր աշխատել ֆիրմայում որպես խորհրդատու: Նա մահացել է Տոկիոյի Կենտրոնական հիվանդանոցում՝ շնչուղիների հիվանդությունից:

Ըստ Ինտերնետային նյութերի