Վերջին բաժակն ավելորդ էր

21/01/2006

Շաբաթ օրը «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում, որտեղ խաշի սեղանի շուրջ հավաքված են եղել հանրապետականները` ի դեմս Անդրանիկ Մարգարյանի, լուրջ ծեծկռտուք է եղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եւ ՀՀԿ պատգամավոր Մանվել Ղազարյանի (Վեդի Ալկո) միջեւ: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում չհերքեց միջադեպի փաստը` ասելով. «Առանձնապես բան չի եղել: Ի՞նչ ասեմ` փոքր միջադեպ էր, անցավ-գնաց»: Ս. Խաչատրյանն ու Մ. Ղազարյանը մտերիմ հարաբերություններ ունեին, ուստի Մ. Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչի՞ց էր առաջացել այդ ծեծկռտուքը: Իրավիճակը պատկերավոր ներկայացնելու համար Մ. Ղազարյանն ասաց. «Խմած մարդուն կարող է դուր գալ մեկի ծիծաղը, մյուսինը` ոչ»: Իսկ Ս. Խաչատրյանը, որքան էլ զարմանալի է, միանշանակ հերքում էր միջադեպի առկայությունը` ասելով. «Չգիտեմ, ես այնտեղից շուտ եմ դուրս եկել: Տեղյակ չեմ»: Իսկ երբ տեղեկացրինք, որ այդ փաստը չի հերքել ծեծկռտուքի մյուս մասնակից Մ. Ղազարյանը` նա ասաց. «Ո՞նց, Մանվելը նման բա՞ն է ասել, մենք ախպերներ ենք, ո՞նց կարար նման բան լիներ, ինքը ո՞նց կարա նման բան ասի: Չէ, դուք նման բան չգրեք, էլի»: Ի դեպ, մեր տեղեկություններով, արարատցիները փորձել են այդ օրը փակել նաեւ Սյունիք տանող ճանապարհն ու հաշվեհարդար տեսնել Ս. Խաչատրյանի նկատմամբ, որը հանդգնել է Մ. Ղազարյանին թիկունքից հարվածել այն պահին, երբ նա բաժակաճառ ասելիս է եղել: Սակայն այն կանխել են: Իսկ կիրակի օրը, ըստ մեր տեղեկությունների, իշխանական ճամբարից մեկի օբյեկտում «բարիշացրել» են Մ. Ղազարյանին եւ Ս. Խաչատրյանին: