ՀՅԴ առջեւ նման խնդիր չեն դրել

21/01/2006

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ՀՀԿ-ն սոցիալական նախարարություն չունի` ՕԵԿ-ի հետ մշակույթի նախարարի պորտֆելը փոխելու համար: «ՀՀԿ-ն սոցիալական նախարարություն չունի, այն կա՛մ ՕԵԿ-ի ձեռքում է, կա՛մ ՀՅԴ-ի: Այնպես որ` ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը պիտի փորձեն բանակցել այդ հարցի շուրջ»,- ասել էր Ա. Մարգարյանը: Նա նաեւ ավելացրել էր, թե ՕԵԿ-ը այդ հարցի շուրջ բանակցել է ՀՅԴ-ի հետ, սակայն որեւէ արդյունքի չի հասել: ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը մեզ հետ զրույցում հերքեց Ա. Մարգարյանի հայտարարությունը` ասելով, թե նման բանակցություններ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ տեղի չեն ունեցել: «Ո՛չ, նման փաստ չկա, որովհետեւ ՀՅԴ-ն նման խնդիր չի դնում իր առջեւ, առավել եւս` չի կարող նման բանակցային գործընթաց սկսել: Այդպիսի հարց չի բարձրացվել նաեւ ո՛չ ՕԵԿ-ի, ո՛չ էլ մեր կողմից»,- ասաց Լ. Մկրտչյանը: Մեր դիտարկմանը, թե ՀՅԴ-ն միշտ էլ ցանկացել է ձեռք բերել մշակույթի նախարարի պորտֆելը եւ, ի տարբերություն ՕԵԿ-ի, ունի մշակույթի նախարարի համապատասխան կադրեր` հնարավո՞ր է, այնուամենայնիվ, ՀՅԴ-ի քվոտայով նախարարություններից մեկը համաձայնի փոխանակել ՕԵԿ-ի հետ, Լ. Մկրտչյանը պատասխանեց. «Ո՛չ, մեր առջեւ քվոտաների փոփոխության խնդիր չկա դրված եւ չենք էլ տեսնում դրա անհրաժեշտությունը: Բացի այդ, չկա այդպիսի հարց, որի հետ համաձայնենք կամ չհամաձայնենք: Մենք չենք նախատեսում նման փոփոխություն եւ, երեւի, մեզ համար ընդունելի չէ այն»: Ի պատասխան այն խոսակցություններին, թե ՕԵԿ-ը ՀՅԴ-ին առաջարկել է մշակույթի նախարարի պորտֆելը փոխանակել առողջապահության նախարարի պորտֆելի հետ, որտեղ ՕԵԿ-ը ցանկանում է նշանակել իր պատգամավոր Գագիկ Մխեյանին, որը մինչ այդ ցանկանում էր դառնալ քաղաքաշինության նախարար, Լ. Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Դրանք երեւի ասեկոսեներ են: Այդպիսի խնդիր չկա»: