Եթե իշխանական դաշտում տարեսկիզբը նշանավորվեց մշակույթի նախարար, ՕԵԿ-ական Հովիկ Հովեյանի արկածներով ու աղմկալի հրաժարականով, ապա ընդդիմությունը նոր տարում պառակտվեց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 11-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, երիտասարդական կառույցի ղեկավար Վահան Բաբայանը իր ընկերներից մեկի միջոցով Արամ Զ. Սարգսյանին մի նամակ է հանձնել, որում տեղեկացրել է կուսակցությունից դուրս գալու իր մտադրության մասին: Իսկ այս քայլը, պետք է նկատենք, հարված էր «Հանրապետություն» կուսակցության համար: Սա ոչ թե այն պատճառով, որ Վահան Բաբայանն այն մարդն էր, ում կուսակցությունից հեռանալը մեծ կորուստ էր, այլ, որ Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի` «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալուց հետո նոր քաղխորհուրդը ձեւավորվեց մի պարզ տրամաբանությամբ. կուսակցության ղեկավար կազմն ընտրվեց քաղաքական գաղափարներին, եւ անձամբ Արամ Սարգսյանին նվիրված մարդկանցից: Եվ նրանցից մեկն էլ Վահան Բաբայանն էր, ով, փաստորեն, ընդամենը երեք ամիս անց լքեց կուսակցությունը: Իր քայլը երեկ մեզ հետ զրույցում Վահան Բաբայանը մեկնաբանեց արդեն ստանդարտ դարձած պատասխաններով: Ընդդիմությունը հիասթափեցրել է այս երիտասարդ քաղաքական գործչին: Եվ հիմա տեսնելով, որ վաղուց խոստացված հեղափոխությունը տեղի չի ունենում (ինչի արդյունքում եւ Վահան Բաբայանը, եւ ընդդիմության մեջ ընդգրկված շատերը ակնկալում էին որոշակի պաշտոններ), նա որոշել է լքել «Հանրապետությունը»: «Ես գտնում եմ, որ մեր առաջնորդները, ում հետ մենք քայլում էինք, չկարողացան իրականացնել այն բոլոր խնդիրներն ու նպատակները, որոնք իրենք առաջադրել էին իրենց ու ժողովրդի առջեւ: Ես տեսա, որ «Հանրապետություն» կուսակցությունը չկարողացավ բոլոր նպատակներն իրականացնել, եւ ես զգացի, որ իմ նպատակները, իմ գաղափարներն անկատար են մնում եւ, որ իմաստ չունի այլեւս գտնվել այդ կուսակցությունում»,- իր քայլերն այսպես է մեկնաբանում Վահան Բաբայանը, թեեւ իր խոսքում նաեւ ընդգծեց, որ ինքը Արամ Զ. Սարգսյանին հարգում է որպես մեծ քաղաքական գործչի, իսկ նրա ղեկավարած կուսակցության գաղափարախոսությունն իր համար հարազատ է: «Ի տարբերություն «Հանրապետություն» կուսակցության, որը միշտ եղել է ընդդիմության լոկոմոտիվը, այդ «18+8» եւ մնացած ֆորմատները, որ ձեւավորվել ու ձեւավորվելու են, իրականում չեն արտահայտում ժողովրդի կարծիքն ու չունեն ժողովրդականություն: Ժողովուրդը հոգնել է ընդդիմադիր գործիչներից, հոգնել է Արշակ Սադոյանի երկարատեւ ելույթներից, հոգնել է Արտաշես Գեղամյանին հարցնելուց, թե ինչու չի գալիս հանրահավաքների, շատ բաներից է հոգնել եւ ժողովուրդը կարիք ունի նոր գործիչների, նոր սերնդի մարդկանց»,- «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալուց պատճառներն է թվարկում Վ. Բաբայանը: Վերջինս իր քայլն արդարացնող մեկ պատճառ էլ մատնանշեց: «Միտինգների ժամանակ ես` որպես երիտասարդության առաջնորդ, երբեւիցե ելույթ չեմ ունեցել, երիտասարդությանը տեղ չեն տվել: Իսկ այդ պարագայում ես հարմար չեմ գտել խնդրել կամ առաջարկել, քանի որ լիդերներն էին որոշողը: Նրանք շահագրգռված չեն, որ նոր երիտասարդական էլիտա ձեւավորվի, որ երիտասարդ առաջնորդները կարողանան իրենց նոր ասելիքները առաջնորդելով գնալ խորհրդարան: Այդ պայմաններում իմ մնալն ու ասելիքներն անիմաստ էին, քանի որ ասելիքներս լսելի չէին ոչ մեկի համար»,- «Հանրապետությունից» իր նեղացածությունն այսպես արտահայտեց նորելուկ քաղաքական գործիչը: Եվ հիմա նա պահանջում է ոչ միայն իշխանությունների, այլ նաեւ ընդդիմության հրաժարականը: «Եթե մենք պահանջում էինք իշխանությունների հրաժարականը, որ իրենք չեն կարողանում ռեալ կառավարել երկիրը, այսօր ես պատրաստ եմ պահանջելու ընդդիմության հրաժարականը, քանի որ նրանք չկարողացան ստանալ վստահության քվե, նա չկարողացավ ապահովել այն ամենը, ինչ խոստանում էր ժողովրդին: Պետք է ունենալ տղամարդկություն եւ բացահայտ ասել ժողովրդին. լիդերները, որ առաջնորդում էին, չկարողացան ճշգրիտ հաշվարկներ կատարել ու իրենց ամբիցիաների, ոչ ծրագրված քայլերի շնորհիվ ՀՀ-ն այսօր գտնվում է այս վիճակում: Հեղափոխություն անելը չի նշանակում 20 հազար մարդ հավաքել ու շարժվել Բաղրամյան պողոտա: Հեղափոխությունը լուրջ գործընթաց է, որը բերում է երկրի համակարգային փոփոխությունների, ինչպես նաեւ նոր քաղաքական ուժերի ձեւավորմանը: Ես գտնում եմ, որ հեղափոխությունը անհրաժեշտ է Հայաստանին: Իմ պատկերացմամբ, հեղափոխության համար անհրաժեշտ է ժողովրդական ակտիվ շարժում, դրդապատճառներ, ընդդիմության միասնական առաջնորդ: Բայց ընդդիմությունը չկարողացավ այդպես էլ իր ամբիցիաները թողնել եւ ընդունել մի տեսակետ, որ պայքարը պետք է մեկն առաջնորդի: Այսօրվա ֆորմատների մեջ միասնական թեկնածու գտնելն ու միասնական շարժում սկսելն անհնար է: Ի՞նչ է նշանակում քաղաքացիական Հայաստան, ի՞նչ է, Հայաստանը ռազմական պետությո՞ւն է, որ հիմա այդպիսի կոմիտեներ են ստեղծում: Ժողովուրդը հոգնել է բոլորից էլ»,- հոխորտաց նա: Իսկ մի՞թե Վահան Բաբայանը չէր կարող իր կարծիքն արտահայտել քաղխորհրդի նիստերում: Մանավանդ, որ այդ կուսակցության քաղխորհրդի մյուս անդամները երբեւէ պրոբլեմներ չեն ունեցել կուսակցական ղեկավարության հետ իրենց անհամաձայնությունները նույնիսկ մամուլով արտահայտելիս: «Ես չեմ եղել կուսակցության առաջնորդը, որոշողը, ես ուղղակի եղել եմ որոշողներից մեկը: Իմ կարծիքը քիչ է, կա առաջնորդի որոշում: Իսկ այս քայլով ես ավելի ճիշտ կսթափեցնեմ ընդդիմությանը, ավելի ճիշտ կկատարեմ իմ քաղաքական կարիերայի առջեւ բոլոր խնդիրների իրականացումը»: Իսկ վերջում Վ. Բաբայանն իրեն համեմատեց ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր քարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: «Երբ Կոնդոլիզա Ռայսը դուրս եկավ Դեմոկրատական կուսակցությունից ու անդամագրվեց բոլորովին հակառակ ուղղվածություն ունեցող Հանրապետական կուսակցությանը, լրագրողները հարց էին ուղղել, թե ինչու այդպես վարվեց: Եվ նա պատասխանել էր. «Դեմոկրատական կուսակցությունում ինձ ընդունում եւ գնահատում էին որպես կոլեկտիվի մի մասնիկ, իսկ Հանրապետական կուսակցությունում ինձ գնահատեցին որպես անհատ»: Իսկ թե որ կուսակցությունում են Վ. Բաբայանին պատրաստվում ընդունել որպես անհատ, նա դեռ չգիտի: Նշենք, որ տարածված խոսակցությունների համաձայն` Վ. Բաբայանին առաջարկվել է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ ոմանք էլ պնդում են, որ նա այս քայլին դիմել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի թելադրանքով: Սակայն ինքը` Վ. Բաբայանը, հերքում է այդ լուրերը: «Որեւէ կուսակցությունից առաջարկ դեռ չի եղել: Գագիկ Ծառուկյանի կուսակցության ստեղծումը ես ողջունում եմ: Նա բավական օգնել է ժողովրդին ու երիտասարդությանը: Ինչ վերաբերում է ինձ, ապա դեռ ժամանակը չի այդ մասին խոսելու: Ես անձամբ չեմ ճանաչում նրան եւ առաջարկ էլ չեմ ստացել: Ես դեռ չեմ որոշել, թե որ քաղաքական ուժի հետ եմ առաջ գնալու»,- ասաց նա:
Իսկ ինչպես են իրենց նախկին կուսակից ընկերոջ քայլը մեկնաբանում «Հանրապետություն» կուսակցությունում: Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն անհասկանալի է համարում Վ. Բաբայանի այս պահվածքը: «Ես չեմ հասկանում մի մարդու, ով ընդամենը մի քանի ամիս առաջ համաձայնություն է տվել դառնալու կուսակցության քաղխորհրդի անդամ, այսօր այնքան է հիասթափվել, որ որոշել է հեռանալ իր կուսակցությունից»,- ասում է պարոն Սուրենյանցը: Նրա խոսքերով` ընդդիմությունը, այդ թվում` եւ իրենց կուսակցությունը, ունի բազմաթիվ սխալներ, եւ ինքը երբեք չի վարանել այդ մասին բարձրաձայն ասել ինչպես մամուլով, այնպես էլ քաղխորհրդի նիստերում: Եվ նույն հնարավորությունը, ըստ Ս. Սուրենյանցի, ուներ նաեւ Վ. Բաբայանը: Ինչ վերաբերում է վերջինիս այն պնդումներին, թե երիտասարդությունն օտարված է եղել կուսակցությունից, Ս. Սուրենյանցն ասաց. «Վահան Բաբայանը, լինելով 25 տարեկան, ընտրվել է կուսակցության քաղխորհրդի անդամ եւ գործունեության շատ ավելի լայն հնարավորություններ ուներ նա: Բայց ես կուզենայի, որ երիտասարդ կուսակցականները ձերբազատվեին կոմսոմոլական մտածելակերպից, եւ իրապես զբաղվեին քաղաքական գործընթացներով: Վաղուց գեղեցիկ փողկապներով ու վերնաշապիկներով կոմսոմոլների ժամանակներն անցել են եւ անցել են անվերադարձ, անկախ այն հանգամանքից, որ մեր երկիրը շարունակում է ղեկավարել նախկին կուսպարտկոմը»,- ասաց Ս. Սուրենյանցը: