Կենսաթոշակի տարիքը լրացած ռեկտորներին թոշակի ուղարկելու ծրագրի շրջանակներում պաշտոնաթող եղավ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) երկարամյա ռեկտոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, 70-ամյա Ռաֆայել Եդոյանը: Հունվարի 13-ին Մանկավարժական ինստիտուտի բուհական խորհրդի նիստում, որին մասնակցել է ԿԳ նախարար Սերգեյ Երիցյանը, տեղի է ունեցել կատաղի մրցույթ՝ խորհրդի նախագահ ընտրելու առթիվ: Պայքարն ընթացել է ռեկտոր Եդոյանի եւ նույն բուհի դասախոս, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի միջեւ: Ի վերջո, խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել մարզպետը (այդպիսով, ավելացնելով իր զբաղեցրած պետական եւ հասարակական մի շարք այլ պաշտոնների թիվը): Հավաստի աղբյուրների համաձայն, նիստն ընթացել է այնպիսի շիկացած մթնոլորտում («տուրուդմփոց՝ աթոռի համար»,- այն այսպես բնորոշեց քաջատեղյակ աղբյուրը), որ նիստի մասին տեղեկացված «պատասխանատու» ԶԼՄ-ներին խորհրդի մասնակիցները նախընտրել են դուրս հրավիրել, որպեսզի վերջիններս չհասցնեն մինչեւ վերջ ականատես լինել տեղի ունեցող «ռազբորկային»: Այդուհանդերձ, նիստի ավարտից հետո բոլոր մասնակիցները մարզպետի հրավերով խնջույքի են մասնակցել (փաստորեն, այն եղել է ռեկտորի «հրաժեշտի երեկոն»), իսկ պաշտոնաթող եղած ռեկտորին մարզպետը մխիթարել է նույն բուհում որեւէ այլ պաշտոն վարելու հնարավորությամբ: Ըստ տեղեկությունների, հնարավոր է, վերջինս առաջիկայում ստանձնի հեռակա ուսուցման գծով պրոռեկտորի պաշտոնը, որ տարիներ առաջ լուծարվել էր՝ փոխարինվելով հեռակա բաժնի ղեկավարի հաստիքով (այն այժմ զբաղեցված է ՀԺԱՄ-ի անդամի կողմից): Թերեւս հեռակա ուսուցման պրոռեկտորի պաշտոնը ռեկտորը հեռատեսորեն «պահուստավորել» էր՝ «նեղ օրվա» համար:
Թե ով կընտրվի ՎՊՄԻ-ի նոր ռեկտորի պաշտոնում՝ պարզ կլինի մարտ ամսին: Այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական գծով պրոռեկտորը: Նշենք, որ ռեկտորի աթոռի համար, շուրջ 2 տարի է, շրջանառվում է նույն բուհի դեկաններից մեկի անունը՝ ՀՀԿ անդամ, սակայն խոսակցություններ կան, թե «Օրինաց երկիրը» տրամադրված չէ այդ պաշտոնում տեսնել ՀՀԿ անդամի, ինչը զգացվել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ նախարարի ելույթի ժամանակ: «Մեկ էլ տեսար՝ Երեւանից ռեկտոր բերեցին»,- հնարավոր են համարում վանաձորցիները: Հետաքրքիր է, որ ռեկտոր լինելու պարտադիր պայման է գիտությունների դոկտոր լինելը, ինչը, չգիտես ինչու, պարտադիր չի համարվում ԿԳ նախարար լինելու համար (այդ հարցում 1-ին պլան է մղվում կուսակցական պատկանելությունը): Ի դեպ, մի քանի ամիս առաջ ռեկտորը, ի հեճուկս ռեկտորների պաշտոնանկությանը ձեռնամուխ եղած ՀՀԿ անդամ վարչապետի, անդամագրվել էր ՕԵԿ-ին: Հետաքրքիր է, որ ՕԵԿ-ը մեծահոգաբար իր շարքերում տեղ է տվել ռեկտորին: Այդ առթիվ բազմաթիվ բողոք-նամակներն ու մամուլի քննադատական հրապարակումներն էլ իրենց հերթին հանգեցրին ռեկտորի պաշտոնանկության անհրաժեշտությանը: (Վերջինիս հրամանով աշխատանքից ազատված դասախոսն, օրինակ, Գլխավոր դատախազություն ուղարկված բողոք-նամակում, որ հնչել էր նաեւ «Ազատություն» ռ/կ-ով, գրել էր. «Տեղս վաճառել է 2000 դոլարով՝ առանց ավելացված արժեքի հարկի»): Այժմ ռեկտորի դեմ հերթական դատական հայցերն են «խմորվում» Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանում: Դրանք վերաբերում են ռեկտորի կամայական որոշումները չեղյալ համարելուն: Գործերից մեկի քննությունը պրոֆեսոր, ինստիտուտի ամբիոնի նախկին վարիչ Գարեգին Ղույումչյանի հայցով նշանակված է հունվարի 18-ին (Սա Ղույումչյանի կողմից ռեկտորի դեմ թվով 11-րդ հայցն է): Իսկ ամիսներ առաջ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատված դասախոս Աելիտա Չիբուխչյանը, որ նույնպես դատարան է դիմել, զարմացած հարց է տալիս. «Բա հիմա եթե ռեկտորին հանել են, ո՞վ պետք է դատարանում իմ գործի ժամանակ որպես պատասխանող հանդես գա»: