Այս տարի փորձեցինք գնալ անցյալ տարվա հրապարակումների հետքերով եւ պարզել, թե պարոն Ալամդարին գործարար համբավը նույն մակարդակին պահպանելու համար հո չի՞ դավաճանել իր սկզբունքներին: Շարունակո՞ւմ է արդյոք նույն եռանդով գործընկերների նկատմամբ կուտակած պարտքերը չվճարել: Պարզվեց, որ՝ այո, ամեն ինչ դեռ նույնն է: Մենք հետամուտ եղանք մասնավորապես «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ Փ. Ալամդարիի ունեցած գործարար հարաբերություններին եւ տեսանք, որ այստեղ ոչինչ չի փոխվել:
Հիշեցնենք, որ 2004թ. իրանական «Shahab Tejarat Aras Comercial Co» ընկերությունը «Հայջրմուղից» գնել էր 4621,27 տոննա 334.667.860 դրամ ընդհանուր արժողությամբ մետաղյա խողովակներ: Ընկերությունը 195.695.132 դրամ վճարել է եւ 2004թ. նոյեմբերի 29-ի դրությամբ 138.667.132 դրամ մնացել է պարտք: 2005թ. փետրվարի 4-ին «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն եւ «Shahab Tejarat Aras Comercial Co» ընկերության ներկայացուցիչ Փ. Նոսրաթին կազմում են պարտքի մարման ժամանակացույց՝ մարտի 14-ից մինչեւ օգոստոսի 14-ը: Նշված 5 ամիսների ընթացքում պարոն Նոսրաթին վճարել է 1 միլիոն դրամից էլ քիչ գումար, իսկ օգոստոսից մինչեւ հիմա ոչ մի դրամ չի վճարել: Ի դեպ, խողովակներն իրանական այդ ընկերությանն են վաճառվել կառավարության 2003թ. հոկտեմբերի 16-ի 1350-Ա որոշման համաձայն: «Սեւանի օղակաձեւ կոյուղու կոլեկտորի անավարտ շինարարության համար նախատեսված պողպատե խողովակներն օտարել նախապես հայտնի գնորդ «Shahab Tejarat Aras Commercial Co» կազմակերպությանը»,- նշված է որոշման մեջ: Տարօրինակ չէ, բայց ցավալի է, որ մեր կառավարությունն առանց լուրջ քննարկման պետական սեփականություն հանդիսացող գույքը ոչ թե մրցութային կարգով, այլ ուղղակի վաճառել է իրանական ինչ-որ ընկերության: Մանավանդ, որ Հայաստանը Իրանի հետ չունի միջպետական իրավական փոխօգնության պայմանագիր:
Ինչեւէ, խողովակների վաճառքից արդեն երկու տարի է անցել, բայց իրանցի ազերին, ինչպես պարզվում է, բոլորովին էլ չի պատրաստվում Հայաստանի պետական ընկերության նկատմամբ ունեցած պարտքը վճարել: Մեր տեղեկություններով` «Հայջրմուղկոյուղին» հիմա ուզում է իրանական այդ ընկերությանը դատի տալ, սակայն միջոցներ չունի, որ պահանջվող պետական տուրքը վճարի: Իր պարտքը ստանալու համար դատարան հայց ներկայացնելիս «Հայջրմուղկոյուղին» նախ պետք է ընդհանուր գումարի 2 տոկոսի չափով տուրք վճարի: Դա կազմում է մոտ 2,6 մլն դրամ: Ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը, որպեսզի տեղեկանք ստանա, թե ֆինանսական վատ վիճակի մեջ է եւ այս պահին այդքան գումար չի կարող վճարել: Տեղեկանքը դատարանի համար պետտուրքը նախօրոք չվճարելու հիմք պետք է հանդիսանար: Սակայն ՀՀ Ֆինանսների նախարարությունն այդպիսի տեղեկանք չի տալիս, եւ «Հայջրմուղկոյուղին» սպասում է, թե իր պարտքը ստանալու համար ե՞րբ հնարավորություններ կունենա:
Սակայն անլուրջ է թվում, որ «Հայջրմուղկոյուղու» նման մեծ ընկերությունը 2,6 մլն չունի դատական պրոցես սկսելու համար, մանավանդ, որ դա արվելու է մոտ 137 մլն դրամ հետ բերելու համար, եւ սա` այն դեպքում, երբ դատը շահելուց հետո հայկական ընկերությունը վճարած տուրքը իրանական ընկերությունից հետ կստանա: Իսկ «Հայջրմուղկոյուղին» դատը շահելու բոլոր հիմքերն ունի: Միգուցե ընկերությունը հապաղում է, որովհետեւ չի՞ հավատում, որ մեր դատական համակարգն անկաշառ ու անաչառ կլինի: Դժվար է ասել: Անլուրջ է թվում նաեւ այն հանգամանքը, թե Փարվիզ Նոսրաթին իր պարտքը չի կարող վճարել կամ ինքն իրեն որոշել է չվճարել: 2005թ. պարոն Ալամդարին վարում էր երկու շատ թանկարժեք մեքենաներ՝ գերմանական «Բրաբուս» եւ «Ֆոլկսվագեն» ջիփ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 50.000 դոլար է: Այսինքն՝ պարոն Ալամդարին վճարելու համար միջոցներ ունի, բայց վճարելու ցանկություն չունի: Մանավանդ, որ դեռ անցած հրապարակման ժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա «ընկերական» շրջապատում հայտարարել էր, թե «Հայջրմուղկոյուղուն» պարտք չունի եւ ում որ պետք է, ինքը վճարել է: Հիմա դժվար է կռահել, թե Փ. Ալամդարին ում է վճարել. «Հայջրմուղկոյուղու» ղեկավարությա՞նը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի՞ն, որի համակարգում է հիշյալ ընկերությունը, թե՞ այլ մարմիններին: Հիշեցնենք, որ իրանցի ազերու կողմից տուժածներն իրենց դիմում-բողոքներում նշում էին, թե նրա գործունեությունը հովանավորում եւ շահույթը կիսում են ՀՀ Գլխավոր դատախազության եւ Երեւան քաղաքի Դատախազության քննիչներ եղբայրներ Վարդան եւ Վահագն Մուրադյանները: Ասում են, նրա հետ մտերիմ հարաբերություններ ունի նաեւ Մանվել Ղարիբյանը՝ «Շանթի Մանվելը», որն էլ իր հերթին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ քավոր-սանիկային հարաբերությունների մեջ է:
Եթե «Հայջրմուղկոյուղին» իր պարտքը կարողանա ստանալ, ապա նա 20 տոկոս ավելացված արժեքի հարկ պետք է վճարի: Այսինքն` պետական ընկերության հետ միասին 27 մլն դրամի չափով կորուստներ է ունենում նաեւ մեր բյուջեն: Արդյոք այս հարցին տեղյակ չե՞ն պատկան մարմինները, կամ արդյո՞ք այդ խողովակների վաճառքի մասին տեղյակ չէ նաեւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, որի կառավարման համակարգ հետո պիտի անցներ շատ խողովակներ ունեցող Ջրային տնտեսության պետական կոմիտեն` իր հիմնարկներով:
Այս խնդրում պարզապես ցավալին այն է, որ պատկան մարմիններն այդքան անփույթ գտնվեցին վարկային միջոցներով ապրող պետական համակարգից 138 մլն դրամի կորստին, որով կարելի էր թեթեւացնել մի քանի մարզերի խմելու ջրի վատ վիճակը: