Անցած տարեվերջին առողջապահության ոլորտի պատասխանատուները հանդես եկան կարեւոր մի նախաձեռնությամբ՝ պետպատվերի շրջանակներում առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ: Թեեւ բնակչությունը դեռեւս իրազեկված չէ, սակայն հունվարի 1-ից պոլիկլինիկաներում արդեն հանվել են դրամարկղերը, եւ առաջին այցելուները տեղում են իմանում այս հաճելի նորությունը:
Թիվ 2 բուժմիավորման գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանի բնորոշմամբ` սա կարեւոր քայլ էր այն առումով, որ առաջնային բուժօգնության օղակն ուժեղացնելու դեպքում հնարավոր է խուսափել բազմաթիվ բարդություններից. «Ամբողջ աշխարհում ընդունված է ուժեղացնել առաջնային բուժօգնության օղակը, քանի որ այդ օղակում եթե կարողանում ես կանխարգելել հիվանդությունը եւ բուժել սկզբնական փուլում, հետագայում արդեն հնարավոր է խուսափել հիվանդանոցային առավել թանկ բուժումներից»:
Պետության կողմից երաշխավորված անվճար առաջնային բուժօգնությունը կիրականացվի պոլիկլինիկաներում, գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում եւ ընտանեկան բժշկի գրասենյակներում: Անվճար բուժօգնությունը կիրականացվի հիմնականում տարածքային սկզբունքով, ըստ որի` յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն կունենա իր բնակավայրի վարչական տարածաշրջանի կամ համայնքի շրջանակներում ընտրել իրեն սպասարկող բժշկին: Ցանկության դեպքում բնակիչը կարող է հաշվառվել նաեւ այլ տարածքի պոլիկլինիկայում, որի դեպքում համապատասխան պոլիկլինիկա կներկայացնի տեղեկանք այն մասին, որ իր տարածքի պոլիկլինիկայում չի սպասարկվում: Այս տեղեկանքը պահանջվում է՝ ելնելով այն հանգամանքից, որ բուժհիմնարկները ֆինանսավորվելու են ըստ սպասարկվող բնակիչների քանակի: Պրն Խաչատրյանի բնորոշմամբ՝ յուրաքանչյուր պոլիկլինիկա շահագրգռված կլինի բնակչության քանակի ավելացմամբ, ինչը կբերի բուժսպասարկման որակի կտրուկ բարելավման: Կավելանան նաեւ բուժաշխատողների վարձաչափերը: «Եթե նախկինում թերապեւտի միջին աշխատավարձը կազմում էր 40-45.000դրամ, այժմ կհասնի մինչեւ 60-70.000 դրամի»,- ասում է 2-րդ բուժմիավորման տնօրենը՝ հույս հայտնելով, որ առաջնային բուժօգնությանը հատկացվելիք գումարները հետագայում կավելանան այնքան, որ հնարավոր լինի խուսափել կոռուպցիոն ռիսկերից:
Այնուամենայնիվ, որոշ ծառայություններ կլինեն, որոնց դիմաց բնակչությունը կվճարի, այն է՝ վարորդական իրավունք ստանալու համար բժշկական հանձնաժողովին կատարվող վճարումները, դեկրետիվ կոնտինգենտի (սննդի եւ դրանց հավասարեցված կազմակերպություններում) կատարվող բժշկական հետազոտությունների համար (սրանց վճարումն իրականացնելու է գործատուն), 18 տարին լրացած եւ ավելի բարձր տարիքի անձանց աշխատանքի ընդունվելու համար կատարվող նախնական բժշկական քննությունների եւ արտերկիր մեկնելու համար պահանջվող առողջական վիճակը հաստատող տեղեկանքների դեպքում:
Բնակչության մոտ հատկապես մեծ է պահանջարկն ընդհանուր հետազոտությունների հետ կապված: Այն հետազոտությունները, որոնք նյութատար եւ ծախսատար չեն, կլինեն անվճար բոլորի համար: Մնացած դեպքերում հետազոտություններն անվճար կլինեն միայն բժշկի նշանակումով: «Մարդը կարող է պարբերաբար ուզենա այնպիսի հետազոտություններ անցնել, որոնք նյութական միջոցների հետ կապված լինեն եւ պետական ֆինանսավորումն այդչափ հնարավորություններ չընձեռի մեզ, ուստի ծախսատար հետազոտություններն անսահմանափակ քանակով կարվեն միայն բժշկի նշանակմամբ»,- նշում է Տ.Խաչատրյանը: