Ղարաբաղում վերջին տարիներին զարգացում է ապրում խաղողագործությունը: ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 1994թ. հանրապետությունում խաղողի այգիները զբաղեցնում էին 760 հա տարածք, իսկ 2005թ. այդ թիվը հասել է 1400 հեկտարի:
Մասնագետների կարծիքով՝ նման զարգացումների դեպքում տարիներ հետո ի հայտ կգան նոր խնդիրներ՝ կապված արտադրանքի գնի եւ իրացման հետ: Մտավախություն կա, որ մի քանի տարի հետո խաղողագործությամբ զբաղվողները կկանգնեն նույն խնդրի առաջ, ինչպես հիմա՝ հացահատիկ արտադրողները:
Հայտնի է, որ խաղողագործությունն այսօր գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Այդ են վկայում խաղողագործության զարգացման նպատակով պետության կողմից տրամադրվող վարկերը, որոնց չափը 2006թ. կկազմի շուրջ 200մլն դրամ: «Հերթական քայլը պետք է լինի պայմանների ստեղծումը, որ հնարավորինս շատ մարդիկ, հատկապես` շրջանների բնակիչները կարողանան օգտվել այդ վարկերից»,- ասում է ԼՂՀ գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքերով, այդ ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում: Գյուղնախարարությունը, հաշվի առնելով արտադրողների արտադրանքի իրացման հետ կապված մտահոգությունը, իր առջեւ խնդիր է դրել գյուղատնտեսության զարգացմանը զուգընթաց ընդլայնել նաեւ վերամշակող ձեռնարկությունների ցանցը: Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում այս տարի նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նաեւ ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ: Խոսելով 2005թ. կատարած աշխատանքների մասին, նախարարը փաստեց, որ ավարտված է Սեյսուլան-Նոր Այգեստան եւ Խաչեն-Խրամորթ-Խանաբադ ջրագծերի վերանորոգումը, շուտով ավարտին կհասցվեն նաեւ Խաչեն-Մարտակերտ ջրագծի վրա կատարվող աշխատանքները: Պարբերաբար իրականացվող աշխատանքները ոռոգման հնարավորություն տվեցին շուրջ 1000 հա հողատարածք եւս: «Մեր աշխարհագրական դիրքը հնարավորություն է ընձեռում ստեղծել ինքնահոս ոռոգման ցանց, սակայն բարեկարգ ջրագծեր ունենալը բավական չէ, անհրաժեշտ է նաեւ ջրամբարներ` ոռոգման ցանցի անխափան աշխատանքն ապահովելու համար»,- այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ գյուղնախարարը՝ «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում:
Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացման համար հատկացվող միջոցները տարեցտարի աճում են: Նախարարի հավաստմամբ, 2006-ին այն կկազմի 2 միլիարդ 348 մլն դրամ` նախորդ տարվա 789868,5 հազար դրամի փոխարեն, որից ոռոգման համակարգին կուղղվի 1 միլիարդ 800 մլն դրամ:
Ընթացիկ տարում ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես Մարտակերտի եւ Ասկերանի շրջանները: Նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նաեւ տոհմային անասնաբուծության եւ բույսերի պաշտպանության բնագավառների զարգացման ուղղությամբ: