Քաղաքապետարանի երեկվա ճեպազրույցի ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը կրկին անդրադարձավ քաղաքաշինական հիմնահարցերին, սակայն երկար-բարակ խոսելու ընթացքում որեւէ նոր բան այդպես էլ չասաց: Գլխավոր ճարտարապետը նշեց, որ ամենակարեւոր եւ ամենամեծ քաղաքաշինական փաստաթուղթը Երեւան քաղաքի արդեն հաստատված գլխավոր հատակագիծն է: «Գլխավոր հատակագիծը քաղաքի զարգացման հիմնական եւ ռազմավարական փաստաթուղթն է, սակայն որին հաջորդելու են բազմաթիվ այլ քաղաքաշինական փաստաթղթեր»,- տեղեկացրեց պրն Դանիելյանը: Կարեւոր փաստաթղթերի շարքում գլխավոր ճարտարապետն առանձնացրեց նաեւ Երեւանի տարբեր հատվածների գոտիավորման նախագծերի մշակումը: Առաջիկա 6 ամիսների ընթացքում գոտիավորման նախագծեր կստեղծվեն Կենտրոն, այնուհետեւ` Արաբկիր եւ մի քանի այլ համայնքների համար: Կարեւոր փաստաթղթերից մեկն էլ, ըստ գլխավոր ճարտարապետի, Երեւանի կանաչապատման ուրվագիծն է: Այս տարվա համար նախատեսված է Երեւանի համայնքներում թվով 15 հողատարածքներ վերականգնել, իսկ մի շարք հատվածներում էլ կստեղծվեն նոր այգիների հողատարածքներ: Ի դեպ, 15 տարածքներից մոտ 10-ը հիմնականում վերաբերում են Մալաթիա-Սեբաստիա համայնքին:
Լ.Ս.