Հրապարակվել է «Persons.am» կայքում ընդգրկված Հայաստանի հայտնի անձանց էլեկտրոնային վարկանիշը: 2006թ. հունվարի 1-ի դրությամբ կայքում ներառված են 588 անձինք: Իսկ հաճախումների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 220.000: Ըստ «persons» կայքի էլեկտրոնային վարկանիշի` 2005թ. ամենահայտնի մարդը գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանն է, ՀՀ կառավարության ամենահայտնի անդամը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է, իսկ ամենահայտնի պատգամավորը՝ Տիգրան Թորոսյանը: Համայնքապետերից ամենահայտնին ըստ persons.am-ի՝ Արարատի քաղաքագլուխ Հակոբ Թովմասյանն է, իսկ մարզպետերից՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Դատական իշխանությունից ամենահայտնի դատավորը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, իսկ դիվանագետներից հայտնին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը: Որքան էլ զարմանալի է՝ ՀՀ Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանն այն միակն է, ով, ըստ էլեկտրոնային վարկանիշի, երկու կարգավիճակում է հայտնի՝ որպես տարվա ամենահայտնի պաշտոնյա եւ տարվա ամենահայտնի երիտասարդ լիդեր: Ամենահայտնի կինը ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանն է, իսկ ամենահայտնի երաժիշտը՝ երգչուհի Սիրուշոն: Գործարարներից վարկանիշով ամենահայտնին գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է, իսկ մամուլի ամենահայտնի ներկայացուցիչը` «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը: 2005թ. տարվա ամենահայտնի սփյուռքահայը երգիչ եւ դերասան Շառլ Ազնավուրն է: