Տնտեսապես «ազատ» Հայաստան

21/01/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ինչպես ասել է փիլիսոփաներից մեկը, զարմանալու համար հարկավոր է մեկ րոպե, իսկ զարմանալի բաներ անելու համար՝ շատ տարիներ։ Այս տողերի հեղինակը, որն ապրել է սրանից մի քանի տարի առաջ հին Հունաստանում, ամեն օր կզարմանար, եթե այսօր ապրեր Հայաստանում։ Պարզապես մենք արդեն սովորել ենք այդ ամենին եւ այլեւս չենք զարմանում։

Չենք զարմանում, երբ խոսվում է ցուցանիշների մասին, հատկապես՝ տնտեսական, եւ հատկապես այն ժամանակ, երբ այդ մասին խոսում են պաշտոնատար անձինք։ Սակայն վերջերս արտասահմանյան բավական հեղինակավոր «Heritage Foundation» հիմնադրամը մեզ իսկապես զարմացրեց։ Այս կազմակերպության հրապարակած 2006թ. «տնտեսական ազատականության» ինդեքսում Հայաստանը բաժանում է 27-րդ հորիզոնականը Բահամյան կղզիների եւ Ճապոնիայի հետ` առաջ անցնելով Իսպանիայից, Նորվեգիայից, Իտալիայից, Շվեյցարիայից եւ շատ այլ «քիչ ազատական» երկրներից։ Նախկինում մենք արդեն անդրադարձել ենք այս ինդեքսին։ Այն ժամանակ (2005թ.), երբ Հայաստանը 42-րդ տեղում էր, նշել ենք, որ տնտեսական ազատականության ինդեքսը չի նշանակում, որ մենք կարող ենք համեմատվել, ասենք, Ճապոնիայի կամ Ֆրանսիայի տնտեսության հետ։ Պարզապես գնահատման որոշ ցուցանիշներով մենք արժանացել ենք լավ գնահատականների, ինչի շնորհիվ էլ այսքան վեր ենք բարձրացել այս սանդղակում։

Արտաքին առեւտրի, հարկային բեռի, տնտեսության մեջ պետության միջամտության եւ աշխատավարձի ու գների չափանիշներն արժանացել են 2 գնահատականի՝ այսինքն լավ։ Հիշեցնենք, որ չափանիշները գնահատվում են 1-5 բալանոց սանդղակով։ Եթե տվյալ ոլորտը գնահատվում է 1 միավորով, դա նշանակում է, որ այդտեղ ամեն ինչ համապատասխանում է ազատական շուկայական տնտեսության չափանիշներին։ Մեզ մոտ այդպիսի գնահատականի արժանացել են երկու ոլորտներ՝ կապիտալի ներհոսք եւ օտարերկրյա ներդրումներ ու բանկային համակարգ եւ ֆինանսներ։ Եթե առաջինի դեպքում գնահատականն ընդունելի է, այսինքն՝ կապիտալի հոսքերի եւ միջազգային բանկային հաշիվներ բացելու եւ օգտագործելու առումով սահմանափակումներ չկան, ապա բանկային համակարգում ամեն ինչ այդքան «իդեալական» չէ։ «Heritage»-ի մասնագետները նշում են, որ բանկային օրենսդրությունը եւ վերահսկողության համակարգը զգալիորեն բարելավվել են, բանկերի թիվն ավելի քան 2 անգամ նվազել է, իսկ օտարերկրյա կապիտալ ունեցող բանկերի տեսակարար կշիռը բավականին մեծ է։ Որպես այս ոլորտի միակ լուրջ խոչընդոտ՝ նշվում է, որ առեւտրային բանկերը վարկերի վերադարձելիության հետ կապված խնդիրներ ունեն, ինչը բացատրվում է դատական համակարգի անկատարությամբ։ Վերը նշված ամեն ինչը, իհարկե, ճիշտ է, սակայն իրականությունն այն է, որ բանկային համակարգը ՀՀ-ում չի կատարում իր հիմնական գործառույթը, այն է՝ հավաքել բնակչության ազատ դրամական միջոցները եւ դրանք ուղղել բիզնեսի ոլորտ։ Մեզ մոտ եթե ինչ-որ մեկն ասի, որ պատրաստվում է առանց կողմնակի միջոցներ օգտագործելու բանկից վարկ վերցնել՝ գործ սկսելու կամ սկսած գործն ընդլայնելու համար, ապա նրա վրա պարզապես կծիծաղեն։ Բանկերի կողմից հիմնականում տրամադրվում են ոչ մեծ վարկեր՝ մարման կարճ ժամանակահատվածով։ Բիզնեսի խթանման համար դա բավարար չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք տրամադրվող վարկերի բավական մեծ տոկոսադրույքը։ Հիպոթեքային վարկերի պարագայում նույնպես նույն վիճակն է, թեեւ արդեն խոսակցություններ կան այս ոլորտում որոշակի քայլեր անելու մասին։ Հարկ է նաեւ նշել, որ բնակչության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ վերջին տարիներին զգալիորեն աճել է, սակայն շատերը դեռեւս թերահավատությամբ են վերաբերվում այս համակարգին եւ գերադասում են փողերը պահել ոչ թե բանկում, այլ ներքնակի տակ։ Այս վիճակն ունի օբյեկտիվ հիմքեր, բայց տրված 1 միավորը, մեղմ ասած՝ մի փոքր չափազանցված է։

Ըստ լուրերի, նշված ոլորտի գնահատման հարցում «Heritage»-ի մասնագետներին «օգնել» է մեր Կենտրոնական բանկը։ Թերեւս սրանով կարելի է բացատրել նաեւ «դրամավարկային քաղաքականությանը» տրված 2 (լավ) գնահատականը։ Ամենայն հավանականությամբ, արտասահմանցի մասնագետները հալած յուղի տեղ են ընդունել աննախադեպ ցածր սղաճի մասին հավաստիացումները։ Հրապարակման մեջ ընդամենը նշվում է, որ 1995-2004թթ. ընթացքում Հայաստանում տարեկան միջին ինֆլյացիան կազմել է 5,71%։ Իսկ տարվա ընթացքում դոլար-դրամ փոխարժեքի՝ ոչ մի տրամաբանության չենթարկվող վայրիվերումների մասին խոսք անգամ չկա։

Շուկայական տնտեսության կարեւորագույն չափորոշիչներից մեկը՝ սեփականության պաշտպանության իրավունքը, արժանացել է ցածր գնահատականի՝ 3։ Երեւի դրսում լսել են Բուզանդի փողոցի դեպքերի մասին… Ավելի խիստ գնահատականի է արժանացել ստվերային տնտեսությունը՝ 3,5, թեեւ ըստ «Heritage»-ի մասնագետների, նախորդ տարվա համեմատ այս ոլորտը 0,5 կետով բարելավվել է։

Ամենախիստ գնահատականին արժանացել է կառավարման համակարգը՝ 4։ «Գործարար միջավայրը շարունակում է մնալ ռիսկային, ոչ միայն այն պատճառով, որ բարենպաստ օրենսդրությունը իրականում լիարժեք չի գործում, այլ նաեւ կոռուպցիայի պատճառով»,- նշված է հրապարակման մեջ։ Հետաքրքիրն այն է, որ այս համակարգին տրվող գնահատականը եւ քննադատական ձեւակերպումները վերջին տարիների ընթացքում ոչ մի փոփոխություն չեն կրում։ Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ մեր տնտեսության ամենագլխավոր խոչընդոտը չինովնիկներն են։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս ինդեքսում մեր վեր բարձրանալով ամենից շատ ոգեւորվում եւ խոսում են հենց նրանք։ Ափսոս, որ հիմա նախընտրական շրջան չէ, եւ այսպիսի հաղթաթուղթը հենց այնպես կորչում է։

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե փորձում ենք ամեն ինչ քննադատել, ավելացնեմ՝ իհարկե շատ լավ է, որ այս ինդեքսում մենք 27-րդ տեղում ենք։ Համենայնդեպս, այսպիսի ցուցանիշով Հայաստանի բիզնես միջավայրը արտասահմանցի պոտենցիալ ներդրողների համար դառնում է ավելի գայթակղիչ։ Սակայն յուրաքանչյուր հայ, որը առանց տանիքի փորձում է որեւէ գործ ձեռնարկել Հայաստանում, դժվար թե համաձայնի, որ մեր տնտեսությունն այդքան ազատական է։ Վերջիվերջո, ցանկացած պետություն պետք է գործի առաջին հերթին ի շահ իր քաղաքացիների, հետո մյուսների։