Երեկ մամուլի ասուլիսում Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ Հայաստանում արդեն գոյություն ունի թռչնագրիպ: Նրա խոսքով, նախօրեին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում կուսակցության ներկայացուցիչները հայտնաբերել են 7 սատկած հնդկահավ, իսկ նույն մարզի Հայանիս գյուղում` եւս մեկ սատկած հնդկահավ, որի պատճառը, հնարավոր է, թռչնագրիպն է: Տ. Ուրիխանյանի խոսքով, կուսակցության ներկայացուցիչները երկու օրվա ընթացքում փորձել են ճշտել, թե արդյոք Հայաստանում կա՞ որեւէ կենտրոն, որը զբաղվում է թռչնագրիպի հարցերով, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել: Նա նաեւ հերքել է այն տեղեկատվությունը, թե տվյալ խնդրի լուծմամբ զբաղվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հատուկ բաժինը: Տ. Ուրիխանյանն ընդգծել է, որ կուսակցությունն իր միջոցներով ձեռք է բերել դեղորայք, իսկ կուսակցության մայրաքաղաքային եւ մարզային բոլոր գրասենյակները պատրաստ են օգնություն ցույց տալ թռչնագրիպից բոլոր տուժածներին:
Թռչնագրիպի մասին կարդացեք Թռչնի գրիպը մեզ չի՞ վախեցնում