Սահմանադրական փոփոխությունների մասնակիցների թվի վերաբերյալ իշխանություններն ու ընդդիմությունը ներկայացրեցին միմյանցից խիստ տարբեր թվեր: Ու հիմա ընդդիմությունը փորձում է ապացուցել, որ իրականում 1,5 մլն մարդ չի մասնակցել հանրաքվեին, ինչպես հայտարարում են իշխանությունները: Իր գործունեության ակտիվությունը բարձրացնելու նպատակով նախորդ տարեվերջին ընդդիմությունը հայտարարեց տարածքային կոմիտեներ ստեղծելու մասին: Բացի այդ, հայտարարվեց նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չմասնակցածների ստորագրահավաք: Իրականացման ի՞նչ փուլում են այս գործընթացները: Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հավաստմամբ` տարածքային կոմիտեների ստեղծման ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են, բայց դեռ որեւէ տարածաշրջանում նման կոմիտեների ձեւավորման մասին հայտարարված չէ: Սակայն նրա կարծիքով` ավելի տրամաբանական կլիներ, եթե կոմիտեների ստեղծման գործընթացը վերեւից իջներ ներքեւ: «Պետք է իմանալ, թե կենտրոնական կոմիտեն ինչ տրամաբանությամբ է ստեղծվում, որ ըստ դրա` նաեւ տարածքներում կոմիտեներ ստեղծվեն»,- մանրամասնում է նա ու տեղեկացնում, որ բառացիորեն առաջիկա մի քանի օրերին նորից ընդդիմադիրների հավաք կլինի, որտեղ էլ կխոսվի այդ կոմիտեների ստեղծման, նրանց անհրաժեշտության եւ ընդհանրապես հետագա անելիքների մասին: «Կոմիտեն ինքնանպատակ չէ: Կոմիտեի մեջ մտնելու են այն քաղաքական ուժերը եւ հասարակական ներկայացուցիչները, ովքեր ցանկություն ունեն երկրում ինչ-որ խնդիրներ լուծել»,- փոխանցում է ՀԱԱԿ ղեկավարը: Վերջինիս խոսքերով` տարբեր խնդիրներ են ձեւակերպվում. իշխանափոխություն, ժողովրդավարության վերականգնում եւ այլն, սակայն որպեսզի տարածքներում այդ կոմիտեները սկսեն աշխատել, պետք է նախ ճշտել, թե ի՞նչ ֆորմատով են ստեղծվում այդ կոմիտեները, ինչպիսի՞ն է լինելու կոմիտեի կառուցվածքը: ՀԱԱԿ նախագահի հավաստամբ` առաջիկայում քննարկումներ կլինեն եւ վերջնական որոշումներ կընդունվեն: Հ. Հովհաննիսյանը նշում է նաեւ, որ իրենք կողմ են, որ քաղաքական ուժերը գաղափարական դաշտում գործեն, եւ մի ֆորմատի մեջ միավորվեն գաղափարական նույն դաշտում գործող ուժերը: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության (ՀՊԿ) ղեկավար Գառնիկ Մարգարյանն էլ է փաստում, որ ընդդիմության առաջնային նպատակն իշխանափոխությունն է: Նրա խոսքերով` նոյեմբերյան հանրաքվեից հետո, քանի որ հերթական անգամ իշխանական լծակները բռնազավթված են, ընդդիմության «17+1» ֆորմատը որոշեց, որ պետք է գնալ քաղաքացիական շարժման: Եվ այդ կոմիտեների ստեղծումը պայմանավորված է քաղաքացիական շարժման հետ: «Այստեղ առանցքային նպատակն այն է, որ ժողովրդից մի խումբ հանցավոր մարդիկ բռնազավթել են իշխանությունը, ժողովուրդն այն պետք է վերադարձնի եւ ինքը որոշի, թե ով է լինելու համակարգում»,- նշում է ՀՊԿ ղեկավարն ու հավելում, թե որպեսզի ժողովրդին ընկալելի լինի այս մոտեցումը, որոշում է կայացվել քաղաքացիական կոմիտեներ ստեղծել, եւ այդ գործընթացն իրականացվում է: Նրա հավաստմամբ` Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում արդեն կա մարդկանց այն խումբը, որն այդ գործը ստանձնել է: Գ. Մարգարյանի փոխանցմամբ` կոմիտեների ձեւավորումը երկար ժամանակ չի պահանջելու: Իսկ այդ քաղաքացիական կոմիտեների նպատակն, ըստ նրա, այն է, որպեսզի ժողովրդին բացատրեն այն ծրագրերը, այն մոտեցումները եւ շարժման այն խնդիրները, որը դրել է «17+1»-ի քաղաքական խորհուրդը: «Հաջորդ շաբաթվա սկզբներին նորից կայանալու է քաղաքական խորհուրդ, հստակեցվելու է, եւ շատ կարճ ժամանակում այդ քաղաքացիական կոմիտեների ձեւավորումն ավարտվելու է, եւ դրանք սկսելու են գործել: Հունվար-փետրվարի կեսերին կոմիտեների ձեւավորման գործընթացն ավարտվելու է»,- վստահեցնում է պրն Մարգարյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ արդեն հունվարի վերջին հայտարարված հանրահավաքին մասնակից կլինեն քաղաքացիական կոմիտեների ներկայացուցիչները: «Սկսված է քաղաքացիական շարժում, իսկ քաղաքացիական շարժումը լոկալ բնույթ չի կրում, դա համաժողովրդական շարժում է»,- կարծում է Գ. Մարգարյանը: Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներին` ՀՊԿ ղեկավարը տեղեկացնում է, որ իրենք ստուգումներ են անցկացնում Երեւանի ընտրական տեղամասերում, եւ ֆիքսում են, որ լավագույն դեպքում 54 մարդ է մասնակցել հանրաքվեին, իսկ իշխանությունները ցույց են տվել 1800 կամ 2000 մարդու մասնակցություն: «Մենք Երեւան քաղաքում տեղամաս առ տեղամաս, տուն առ տուն այցելելով պարզել ենք, կան փաստեր, որ, ասենք, ընտրատեղամասում ֆիքսված է 1800 ընտրող, սակայն ընտրատեղամաս այցելել են լավագույն դեպքում 54-ը: Մեր աշխատակիցները, օգնականները, երիտասարդական խումբը հանել են ընտրատեղամասից ընտրական ցուցակը, բաժանել են շենքերի, բլոկների եւ սկսել տուն առ տուն այցելել եւ մարդկանց հարցնել, թե մասնակցե՞լ են արդյոք նրանք հանրաքվեին»,- մանրամասնում է Գ. Մարգարյանը: Ըստ նրա, նման գործողություններ արվել են հիմնականում Երեւանում եւ Երեւանի մոտակա շրջաններում: Նրա հավաստմամբ` մինչեւ հունվարի վերջ իրենք այդ գործընթացն ավարտելու են, եւ հունվարի վերջին ընդդիմությունը պաշտոնական թվեր է հրապարակելու, թե կոնկրետ որ տեղամասում ինչպիսի ընտրացուցակ է եղել եւ այդ ընտրացուցակից քանիսն են ֆիզիկապես մասնակցել հանրաքվեին: Հ. Հովհաննիսյանի փոխանցմամբ էլ` սահմանադրական հանրաքվեին չմասնակցած անձանց ստորագրահավաքը շարունակվում է, սակայն նա դժվարացավ ասել, թե մինչեւ հիմա որքան ստորագրություն է հավաքվել: Նա տեղեկացնում է, որ որոշում է կայացվել երկու ընտրատեղամաս «սանրելու» մասին եւ այդ երկու ընտրատեղամասի արդյունքները միջինացնելու ողջ Հայաստանի համար: «Գործընթացը շարունակվում է, եւ առաջիկայում այդ մասին փաստերով, տվյալներով հայտարարություն կարվի»,- վստահեցնում է ՀԱԱԿ առաջնորդը: Իսկ ահա Գ. Մարգարյանն էլ, անդրադառնալով հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների համար ընդդիմությանը մեղադրելու փորձերին, նշում է. «Երբ արտգործնախարարը հայտարարում է, թե ընդդիմության հայտարարած ակտիվ բոյկոտը խանգարեց, որպեսզի իշխանությունը վերահսկի հանրաքվեն, դա աբսուրդ է: Դա թյուրիմացություն է եւ տգիտության աստիճանի է հասնում»: Նա արտգործնախարարին առաջարկում է նայել հայելու մեջ եւ այդ բառերի համար պատասխան տալ: Մի խոսքով, ընդդիմությունը վճռական է տրամադրված եւ իր գործողությունների մեջ հստակություն կմտցնի գալիք շաբաթ տեղի ունենալիք հավաքից հետո: