Սխալ ցնցումներ

16/01/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Նոր տարվա առաջին իրադարձությունը «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցների հետ պատահած դժբախտ դեպքն էր, որի գլխավոր դերակատարը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար, բանաստեղծ Հովիկ Հովեյանն է՝ իր, եթե չեմ սխալվում, թավջութակահար որդու հետ։ Դեպքի մանրամասները ներկայացվել են հանրությանը, ինչից դատելով կարելի է եզրակացնել, որ «ՀԷՑ» ընկերության «բիրտ» էլեկտրիկները ոչ միայն անջատել են նախարարի շենքի լույսը, այլեւ հարձակվել բարձրաստիճան այդ պաշտոնյայի թավջութակահար որդու վրա, եւ հայոց մշակույթի քուրմին այլ բան չի մնացել անելու, քան զինյալ ինքնապաշտպանությունը։  

Հասարակությունն այս իրադարձությունից իրոք ցնցված է։ Ումից` ումից, բայց մշակույթի նախարարից, Հայաստանի գրողների միության երբեմնի քարտուղարից եւ վերջապես բանաստեղծից նման բան չէր սպասում։ Եթե Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան նախօրեին այդ բանն արած լիներ մի այլ նախարար, մի պատգամավոր, մի զինվորական կամ, ասենք, նախագահի թիկնազորից մի ատլետ, հասարակությունն ըմբռնումով կմոտենար խնդրո առարկա իրադարձությանը, որովհետեւ մեզանում ամեն երեխա գիտե, որ մարդկանց ոչ մեծաթիվ մի խումբ պաշտպանված է լկտիության կանխավարկածով։  

Հասարակությունը սխալ ցնցում ապրեց, որովհետեւ կատարվածի երեսն է տեսնում միայն, բայց ոչ երբեք խորքը։ Հասարակությունն արդեն որ անգամը չփորձեց դեպքն առանձնացնել դեմքից ու հասկանալ, որ կատարվածը մանր խուլիգանություն է՝ «մարմնական վնասվածքներ» հետեւանքով։  

Հասարակությունը չփորձեց պատկերացնել, թե այդ ի՜նչ աղետ է լույսը մի քանի ժամով անջատելը կամ մի քանի անգամ անջատելը, որ կարող է ստիպել շարքային քաղաքացուն (ամանորի սեղանի շուրջ յուրաքանչյուր նախարար կամ պատգամավոր շարքային քաղաքացի է) զենքով գնալ էլեկտրացանց ու խզակոթով հարցեր լուծել։ Հասարակությունը չխորացավ, որովհետեւ նրա յուրաքանչյուր անդամ շատ լավ գիտե, որ մի քիչ պաշտոն կամ մի քիչ զենք ունենալու դեպքում ինքն էլ նույն կերպ էր վարվելու, որ հանկարծ հարեւանները կամ ծանոթները չասեն. «Էս ինչ տուֆտա նախարար ա, որ սրանց լուսը Նոր տարվա օրով կտրում են»։  

Հասարակությունը մի բան էլ չմտածեց ու չհասկացավ, որ բոլորովին վերջերս (չ)ընդունված սահմանադրությամբ մեր ժողովրդավարական, սոցիալական, իրավական ու չգիտեմ էլ ինչական պետությունում կառավարության ներկայացուցիչը հարձակվում է մասնավոր ընկերության աշխատակիցների վրա, ովքեր տոնական այդ օրերին կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։ Հասարակությունը չխորացավ, որովհետեւ նրա յուրաքանչյուր անդամ շատ լավ գիտե, որ բոլորովին վերջերս (չ)ընդունված սահմանադրության մեջ թեեւ մի քիչ ավելի շատ է խոսվում մարդու իրավունքների մասին, բայց որեւէ նախարարի պաշտոնական դիրքն ավելի մեծ արժեք է, քան մասնավոր սեփականատիրությունը կամ աշխատավոր մարդու անվտանգությունը։  

Հասարակությունը չզարմացավ, թե ինչու կառավարության անդամ նախարարը «քուչի կռվի» մեջ ներքաշվելու փոխարեն քաղաքակիրթ ձեւով չդիմեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու չպահանջեց պարզել, թե Մաշտոցի 58 շենքից բացի էլ ո՞ր շենքերում կամ թաղամասերում է նման բան եղել եւ չպահանջեց կարգի հրավիրել տոն օրերին (կամ գուցե ոչ միայն տոն օրերին) անորակ ծառայություն մատուցող մասնավոր ընկերությանը։  

Հասարակությունը չզարմացավ, որովհետեւ նման բան անելու համար մշակույթի նախարարը նախ քաղաքացի պիտի լիներ, հետո՝ պոետ։ Իսկ եթե մշակույթի նախարարը նախ քաղաքացի լիներ, հետո՝ պոետ, հայ գրիչների ընտանիքը քարտուղարելիս եւ գրողի կարգավիճակի կորուստը հառաչելիս կիմանար, որ իշխանություններին քծնելու փոխարեն` պետք էր դատապարտել «Պոպլավոկ» սրճարանում կատարվածը կամ ձայն բարձրացնել «Նաիրի» կինոթատրոնի մոտ լրագրողներ ծեծող ելուզակների դեմ։  

Հասարակությունը չզարմացավ, որովհետեւ շատ լավ գիտեր, որ նախ` քաղաքացի, հետո՝ պոետ լինելով ոչ մեկը մեր երկրում չի կարող որեւէ պաշտոն զբաղեցնել, ուր մնաց թե` նախարար դառնա։  

Հասարակությանն առաջին հերթին հուզում էր Հովեյանի նախարար մնալ-չմնալու հարցը։ Գլադիատորական տեսարանին հետեւող հռոմեական ամբոխի հետաքրքրասիրությամբ շունչը պահած ամեն ոք սպասում էր տապալմանը։ Իսկ տապալումն, ի տարբերություն գլադիատորական ասպարեզի եւ ի տարբերություն մեր կյանքում տեղ գտած բազմաթիվ երեւույթների, չափազանց քաղաքակիրթ էր։ Կոստյում-փողկապով մի կիսանդրի հեռուստացույցի էկրաններից խոսում է ինչ-որ կուսակցության վարկի ու շահարկումներ թույլ չտալու մասին, եւ հասարակությունն այս «հրաժարականն» ընդունում է իբրեւ պատիժ՝ մոռանալով, անշուշտ, որ տեղի է ունեցել խուլիգանություն՝ «մարմնական վնասվածք» հետեւանքով։

Հասարակությունն այս հրաժարականն իբրեւ պատիժ է ընդունում, որովհետեւ պաշտոնը, այն էլ նախարարի պաշտոնը, լավ, շա՜տ լավ բան է, եւ այդ լավ, շա՜տ լավ բանից մարդուն զրկելն արդեն իսկ մեծ, շա՜տ մեծ պատիժ է։ Իսկ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատիժները պաշտոն ունեցող մարդկանց համար չեն, դրանք նույն հասարակության անդամների կամ նրանց զավակների համար են, ովքեր, Աստված մի արասցե, թեթեւակի սայթաքելու դեպքում գործ են ունենում մեր «անբիծ» իրավապահ համակարգի հետ։  

Որովհետեւ, երբ Ազգային ժողովի փոխխոսնակն է սրճարանում օդ կրակում, մեզ համար դա քաղաքական իրադարձություն է, իսկ եթե շարքային քաղաքացու տնից մի փամփուշտ են գտնում, դա քրեական հանցագործություն է։ Երբ արտգործնախարարի որդին է նախարարության ծառայողական մեքենայով խփում անցորդին, դա քաղաքական իրադարձություն է, իսկ եթե նույնն անում է շարքային քաղաքացին՝ ճանապարհատրանսպորտային պատահար, որը, եթե ճաղերի ետեւում չի վերջանում, պրծնում է ճերմակ ծրարով։ Երբ թերթերի լրագրողներին են ծեծում, դա քաղաքական աննշան իրադարձություն է, բայց երբ դատաստան են տեսնում «Հայլուրի» թղթակցի հետ՝ բարոյական չափանիշների մասին խոսելու հրաշալի առիթ։

Այսպես է եւ այսպես էլ լինելու է, քանի դեռ մենք մեր շուրջը կատարվող դեպքերից սխալ ցնցումներ ենք ապրում։