Վերջին մի քանի ամիսներին ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ինչ-որ անհասկանալի ակտիվություն է նկատվում։ Անհասկանալի, որովհետեւ շարունակ խոսվում է ինչ-որ համաձայնագրի ստորագրման եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխման մասին, խոսվում է բանակցություններում «լուրջ առաջընթացի» եւ 2006-ին խնդրի վերջնական կարգավորման հնարավորությունների մասին, բայց որեւէ կոնկրետ բան առայժմ հայտնի չէ։ Եվ կարելի է միայն ենթադրել, որ ինչ-որ նախնական ծրագիր այնուամենայնիվ գոյություն ունի։ Այն է` հայկական ուժերը դուրս են բերվում ազատագրված հինգ (կամ վեց) շրջաններից, տեղակայվում են միջազգային խաղաղապահ ուժեր, փախստականները վերադառնում են, որից հետո հինգ (կամ տասը) տարի անց Ղարաբաղում անցկացվում է հանրաքվե` կարգավիճակի հարցով, եւ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են անվերապահորեն ընդունել այդ հանրաքվեի արդյունքները։
Ուշագրավն այն է սակայն, որ Հայաստանում ղարաբաղյան խնդիրն ընդհանրապես լրջորեն չի քննարկվում։ Ավելի շատ քննարկվում են կարգավորման առաջարկների ներքաղաքական հետեւանքները։ Իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես ձգձգել համաձայնագրի ստորագրումը (անկախ այդ համաձայնագրի բովանդակությունից), իսկ ընդդիմության համար կարեւորագույն խնդիրն այն է, թե ինչպես համաձայնագրի ստորագրումը (կամ դրա ձգձգումը) դարձնել իշխանափոխության պատճառ։
Արդյունքում ստեղծվում են բազմաթիվ կեղծ ստերեոտիպներ, որոնք այնքան հաճախ են կրկնվում, որ սկսում են ընկալվել որպես բացարձակ ճշմարտություններ։ Օրինակ, «ոչ լեգիտիմ իշխանությունները չեն կարող գնալ համարձակ քայլերի եւ փոխզիջումների»։ Ո՞վ ասաց։ Իսկ եթե ոչ լեգիտիմ իշխանություններին հաջողվի ստորագրել մի համաձայնագիր, ըստ որի` Ղարաբաղը հարակից տարածքներով հռչակվում է անկախ պետությո՞ւն։ Մի՞թե այդ դեպքում ժողովուրդը դուրս կգա փողոց եւ կհայտարարի, թե ոչ լեգիտիմ իշխանություններն իրավունք չունեն վճռել Ղարաբաղի ճակատագիրը։ Կամ մի՞թե ժողովուրդը կընդունի Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու պայմանագիրը` միայն այն պատճառով, որ այդ պայմանագիրը ստորագրողը լեգիտիմ է։ Պարզ ասած, կարգավորման որեւէ տարբերակ ընդունել-չընդունելը կախված է ոչ թե իշխանությունների լեգիտիմության աստիճանից, այլ կարգավորման տարբերակի բովանդակությունից։ Ավելին` իրականում ավտորիտար (եւ լեգիտիմության հետ պրոբլեմներ ունեցող) իշխանություններն ավելի հեշտությամբ կգնան համարձակ քայլերի, որովհետեւ անհրաժեշտության դեպքում փշալարերով եւ ջրցան մեքենաներով կճնշեն բողոքի ցանկացած դրսեւորում։
Իսկ հիմա` կարգավորման ենթադրյալ ծրագրի մասին։
Ի՞նչ է տեղի ունեցել։ Ղարաբաղյան պատերազմը կոնկրետ արդյունքներ է ունեցել` հայկական կողմը հաղթել է։ Հրադադարին հաջորդած 11 տարիները ցույց են տվել, որ պատերազմի այդպիսի արդյունքներով վերջնական խաղաղություն հաստատել հնարավոր չէ։ Հետեւաբար, միջազգային հանրությունը երկու ճանապարհ ունի. կամ պետք է շարունակի ճնշումները (այս ուղղությամբ առայժմ արդյունքներ չկան), կամ փոխի պատերազմի արդյունքները (իսկ դա հնարավոր է միայն նոր պատերազմի միջոցով)։ Թե որ ճանապարհն է ընտրել միջազգային հանրությունը` դժվար է ասել։ Բայց միջազգային խաղաղապահ ուժերի տեղաբաշխման մասին առաջարկներն ինքնին բազմաթիվ հարցեր են ծնում։ Եվ այդ հարցերից կարեւորագույնը հետեւյալն է. իսկ ընդհանրապես ինչի՞ համար են այդ ուժերը։
Առաջին հայացքից այս հարցը կարող է տարօրինակ թվալ, բայց իրականում հարցն ամենեւին էլ հռետորական չէ։ Դատեցեք ինքներդ. Տասնմեկ տարի շարունակ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, եւ այն էլ` առանց միջազգային խաղաղապահների։ Պատճառը մեկն է` հակամարտող կողմերի միջեւ ուժերի որոշակի հավասարակշռություն է ստեղծվել։ Ընդ որում, բոլորը հասկանում են, որ եթե հայկական ուժերը դուրս բերվեն հինգ (կամ վեց) շրջաններից, ուժերի հավասարակշռությունը խախտվելու է, հետեւաբար` պատերազմի վերսկսման հավանականությունը կտրուկ մեծանալու է։ Հենց դրա համար էլ տեղաբաշխվելու են խաղաղապահները։ Այլ հարց է` ի վիճակի կլինե՞ն արդյոք խաղաղապահները կանխել պատերազմի վերսկսումը, թե՞ ոչ։ Ընդ որում, «պատերազմի վերսկսում» տվյալ դեպքում նշանակում է Ադրբեջանի լայնամասշտաբ գրոհ, որովհետեւ անհեթեթություն է կարծելը, թե հայկական ուժերը դուրս կգան, ասենք, Զանգելանից եւ հաջորդ օրը նորից կգրոհեն Զանգելանի ուղղությամբ։
Պարզ ասած, պատկերը հետեւյալն է. եթե կողմերի միջեւ ուժերի հավասարակշռություն կա, հրադադարը կպահպանվի նաեւ առանց խաղաղապահների, իսկ եթե այդպիսի հավասարակշռություն չկա, ոչ մի խաղաղապահ չի փրկի։
Կարծում ենք, Հայաստանի քաղաքական ուժերն առաջին հերթին հենց այս հարցերը պիտի քննարկեն։ Ընդ որում, այդ քննարկումների ժամանակ ներքաղաքական (կամ ներիշխանական) խնդիրները պիտի երկրորդ պլան մղվեն։ Խնդիրն իսկապես չափազանց լուրջ է։