Խորհրդավոր սպանություն

16/01/2006

Դեկտեմբերի 25-ին սեփական «Ռոբերտ Մխիթարյան» ՍՊԸ գրավատանը սպանվել է 68-ամյա Ռոբերտ Մխիթարյանը (Տոտիկ մականունով): Երեկոյան 20.30-ի սահմաններում այդ մասին ահազանգ ստացած Էրեբունու ոստիկանության օպերատիվ քննչական բաժնի աշխատակիցները դեպքի վայր են մեկնել եւ հայտնաբերել բութ գործիքով սպանված Ռ. Մխիթարյանի դին: Դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքների հետքեր: Էրեբունի եւ Նուբարաշենի համայնքների դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Քննիչ Արսեն Բեգինյանը մեզ տեղեկացրեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում եւ նախաքննության գաղտնիությունից ելնելով մեզ տեղեկատվություն չտրամադրեց:  

Մեր տեղեկություններով` Ոստիկանությունը սպանվածի մոտ հայտնաբերել է 3900 դոլար եւ մեծ քանակությամբ ոսկյա զարդեր: Սպանողն այդ արժեքներին, սակայն, ձեռք չի տվել: Սա նշանակում է, որ նա գրավատունը թալանելու մտադրություն չի ունեցել: Եվ այս հանգամանքը Ոստիկանության եւ Դատախազության՝ սպանության գործով զբաղվող աշխատակիցների մոտ առաջացրել է նաեւ այն վարկածը, թե Ռ. Մխիթարյանից ինչ-որ բանի համար վրեժխնդիր են եղել: Հետաքրքիր է, որ սպանության ժամանակ գրավատան մեկ այլ սենյակում է եղել նաեւ Ռ. Մխիթարանի որդին` Ռոմիկը, եւ ոչ մի աղմուկ չի լսել: Ի դեպ, մեր տվյալներով` սպանվածի մյուս որդին` Ռաֆիկը, Զինվորական դատախազությունում քննիչ է աշխատում: Մեզ հայտնի է դարձել, որ Ռ. Մխիթարյանը գրավատանը կից ունեցել է հյուրանոցային համալիր եւ խինկալանոց:

«Ռոբերտ Մխիթարյան» ՍՊԸ գրավատունն ունեցել է մոտ 1000 գրավատու: Ասում են, թե այդտեղ գրավ են դրել նաեւ գողացած բազմաթիվ բջջային հեռախոսներ:

Մեզ հասած տեղեկություններով` Ոստիկանության եւ Դատախազության աշխատակիցները նույնիսկ տոնական օրերին այս սպանության հետ կապված շատ ծանրաբեռնված են աշխատել: Օրական քննվել է 20-30 գրավատու, մյուսները նույնպես պետք է քննվեն։

Ա.Ա.