Հայաստանցի հեռուստադիտողի համար հետամանորյա ամենակարեւոր իրադարձությունը հարկավ մատուցեցին հեռուստածրագրեր տպագրող թերթերը։ Դրանցում բացակայում են ռուսաստանյան «Առաջին ալիք» եւ «Ռոսիա» հեռուստաընկերությունների ծրագրերը։ Այս հեռուստաալիքները, որոնց մեր հեռուստադիտողը շարունակում է անվանել «ՕՌՏ» եւ «ՌՏՌ», բավական բարձր վարկանիշ ունեն։ Խորհրդային նախկին հանրապետությունների մի մասում (օրինակ` հարեւան Վրաստանում) դրանք վաղուց չեն հեռարձակվում։ Օտարերկրյա հեռուստաընկերությունների (հատկապես պետական ընկերությունների) վերահեռարձակումն առաջին հերթին քաղաքական խնդիր է։ Հայաստանում եւս այդ հարցը կանոնակարգված է օրենքով։ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն արձանագրում է. «Օտարերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումները ՀՀ տարածքում կարող են ամբողջությամբ հեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա` օգտագործելով առկա Հեռուստառադիոհաճախականությունների մեկ երրորդից ոչ ավելին»։ Այսօր Հայաստանում ամբողջությամբ հեռարձակվում է 3 օտարերկրյա ալիք (նշված ռուսական երկուսը եւ CNN-ը)։ Կա նաեւ «Միռ» ԱՊՀ հեռուստաալիքը, որ պակաս հեղինակություն ունի հեռուստադիտողների մոտ։ Վերահեռարձակումը, քաղաքական խնդիր լինելուց զատ, զուտ տնտեսական խնդիր է։ Վերահեռարձակող ընկերությունը այսպես կոչված մայր հեռուստաալիքի գովազդի ժամանակն օգտագործում է տեղական գովազդներ տեղադրելու համար։ Հետեւաբար վերահեռարձակումը յուրահատուկ ոսկեբեր գետակ է։ Վերահեռարձակողը համարյա ոչինչ չանելով լուրջ գումար է աշխատում։ Ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը Հայաստանում միշտ էլ կապված է մշուշոտ պատմությունների հետ։ Տարիներ առաջ վերահեռարձակման վրա ամբողջական (մոնոպոլ) վերահսկողություն հաստատելու համար շուկայից դուրս մղվեց «Տոտուս» գովազդային ընկերությունը։ «Տոտուսից» հետո «ՌՏՌ» ընկերությունը Հայաստանում ոչ մի կազմակերպության չէր «զիջում» գովազդները տեղականով փոխարինելու իրավունքը։
Տարիների ընթացքում մեր հեռուստաընկերությունների եւ վերահեռարձակողների հարաբերությունները վերաճել էին հակամարտության։ Ոչինչ չանելով` վերահեռարձակողները յուրացնում էին հեռուստագովազդի շուկայի առյուծի բաժինը։ Հեռուստագովազդի պատրաստման եւ տեղադրման հարցերով զբաղվող մասնագետների կարծիքով` հեռուստագովազդի շուկան մեր տնտեսության չափանիշներով նկատելի ծավալներ ունի։ Հայկական հեռուստագովազդի շուկան տարբեր մասնագետների գնահատմամբ 8-12 մլն դոլար է։ Այդ գումարի քառորդից մեկ երրորդ մասը խորհրդային բառապաշարով կարելի է անվանել անաշխատ եկամուտ, որովհետեւ այն բաժին է ընկնում հեռուստաարտադրանք չթողարկող վերահեռարձակողներին։ Այս ոլորտում երբեք էլ թափանցիկ շուկայական մրցակցություն չի եղել։ Ուստի դժվար է պնդելը, թե հեռուստաընկերություններ-վերահեռարձակողներ հակամարտությունը տնտեսական սովորական պայքար է։ Տնտեսության մյուս ոլորտների օրինակով այստեղ էլ կարծես մոնոպոլ վիճակ է։ Օրինակ` «ՕՌՏ» ընկերության վերահեռարձակողը տարիներ շարունակ «Պարադիզ» ընկերությունն էր։
ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ռուսական ալիքների վերահեռարձակման ոլորտում այսօր կատարվող փոփոխությունները ներքին խժդժություններով չեն պայմանավորված։ Ռուսական ընկերություններն իրենք են անցած տարվա վերջում պաշտոնական նամակով դիմել եւ տեղեկացրել փոփոխությունների մասին։ Համառուսաստանյան Հեռուստացանցեր ընկերության նամակում նշված է, որ ԱՊՀ տարածքում իրենք այլեւս թույլատրում են հեռարձակել ոչ թե «Ռոսիա» ալիքը, այլ «Ռոսիա-պլանետա» հեռուստաալիքը։ Իսկապես, արդեն մեկ շաբաթից ավելի է, Հայաստանում հեռարձակվում է «Պլանետա» արբանյակային տարբերակը։ Մեկ-երկու օր նույնն էր նաեւ «1 կանալի» հեռարձակումը։ Այսօր «1 կանալ» («ՕՌՏ»)-ի հետ բանակցություններ են գնում վերահեռարձակման նախկին կարգը պահելու ուղղությամբ։ Ուստի այս ալիքը շարունակում է վերահեռարձակվել անցած տարվա ռեժիմով։
ՀՀ օրենսդրության համաձայն` «վերահեռարձակում իրականացող արտոնագրատերը հեռարձակումից առաջ այդ մասին տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին»։ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով` «1 կանալի» վերահեռարձակման արտոնագրատերը «ՏՎ-1» ընկերությունն է։ Իսկ «Ռոսիա» ալիքի վերահեռարձակումն իրականացնում է Հայաստանի հեռուստացանց ՓԲԸ-ն։ Ընդ որում, ալիքի գովազդային ժամերի տնօրինումը փոխանցված է «Հ2» հեռուստաընկերությանը։
Ռուսաստանյան ալիքների վերահեռարձակման ոլորտում միշտ էլ անհասկանալի խառնաշփոթ է։ Ռոսական «ՆՏՎ» ալիքը քոչարյանական հանրահայտ շամպայնի մասին ռեպորտաժից հետո փակվեց։ Հետո հայտարարվեց, որ այդ կապուղու օգտագործման համար հատուկ մրցույթ չի հայտարարվելու, որովհետեւ այն միջպետական համաձայնագրով օգտագործվելու է «Կուլտուրա» ռուսական ալիքի վերահեռարձակման համար։ «Կուլտուրան» սկսեց հեռարձակվել ոչ թե դեցիմետրային ալիքով, այլ մետրային 5-րդ ալիքով։ Փորձագետների պնդմամբ` մինչեւ այսօր էլ պաշտոնական փաստաթղթերով «Կուլտուրան» հեռարձակվում է 5-րդ մետրային ալիքով։ Հիշեցնենք, որ մետրային ալիքները հեռարձակման ավելի լայն տարածք ունեն` հետեւաբար ավելի հրապուրիչ են գովազդատուների եւ գովազդային գործակալությունների համար։ Իսկ «Կուլտուրան», հակառակի պես, գովազդային եթերաժամ չունի։ Մի քանի օրից այն անաղմուկ մղվեց դեցիմետրային ոլորտ եւ 5-րդ մետրայինում հայտնվեց գովազդային մեծ ժամանակ ունեցող «Ռոսիան»։ Ըստ հեռուստաոլորտի ինժեներների կարծիքի` այս փոփոխությունը տեխնիկական խնդիրներով չէր պայմանավորված։ Նրանց կարծիքով փոփոխությունն իրականացվել է հանուն գովազդային շուկայի։ Վերահեռարձակողները հասկանում են, որ «ՕՌՏ»-«Միռ» եւ «ՌՏՌ»-«Պլանետա» ալիքներն անհամեմատ պակաս հեռուստադիտող կնայի։ Որովհետեւ արբանյակային հեռարձակումների ցանցում նոր հաղորդումներ ու նոր ֆիլմեր չեն տեղադրվում։ Հետեւաբար դրանք պակաս մրցունակ կլինեն հայաստանյան գովազդային շուկայում։ Վերահեռարձակողներն այսօր պայքարում են ռուսական ալիքների հեռարձակման նախկին ցանցին վերադառնալու համար։ Պայքարում են հանուն իրենց շահույթի։ Հետեւաբար հույս կա, որ կհաջողեն։