Երեկ ՀՀ Տնտեսական դատարանում վերջապես ավարտվեց դեռ անցյալ տարի սկսված ու մի քանի անգամ հետաձգված դատական նիստը՝ կապված Մաքսային պետական կոմիտեի սահմանած սուրճի մաքսային արժեքներն անվավեր ճանաչելու՝ «Ռոյալ-Արմենիա» (ՌԱ) ընկերության պահանջի հետ։
Հիշեցնենք, որ ըստ ՌԱ-ի ներկայացուցիչների, Մաքսային պետական կոմիտեն իրենց կողմից Հայաստան ներկրվող սուրճի համար սահմանել է անտրամաբանական բարձր մաքսային արժեք։ Ընկերության ներկայացուցիչները դիմել են ՄՊԿ-ին՝ պահանջելով իրենց ներկայացնել համապատասխան հաշվարկները, որոնց հիման վրա սահմանվել են մաքսային արժեքները։ ՄՊԿ-ն դա պարտավոր էր անել 10-օրյա ժամկետում, սակայն որեւէ հաշվարկ այդպես էլ չի ներկայացրել։
Նախորդ նիստում ՄՊԿ ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել ՌԱ-ի դիմումի կապակցությամբ իր պատասխանը։ Այս անգամ էլ ՌԱ-ն հանդես եկավ բացատրությամբ, նշելով, որ Մաքսային կոմիտեի պատասխանն իրենց չի բավարարում, քանի որ այնտեղ նշված օրենքի հոդվածները, որոնց հղում է կատարված, առնչություն չունեն իրենց պահանջի հետ։ ՄՊԿ ներկայացուցիչը դատավորից խնդրեց իրենց ժամանակ տրամադրել ընկերության բացատրությանը ծանոթանալու եւ գրավոր պատասխան ներկայացնելու համար, այսինքն՝ հետաձգել դատական նիստը։ Դատավոր Ե. Խունդկարյանը միջնորդությունը մերժեց, գտնելով, որ դրա համար հիմքեր չկան։ Ապացույցներին ծանոթանալու` ընդամենը 5 րոպե տեւած փուլից հետո դատավորը հեռացավ վճիռ կայացնելու։ Այդ ընթացքում «Ռոյալ-Արմենիա» ընկերության փաստաբան Գեւորգ Մինասյանը պատասխանեց մեզ հետաքրքրող մի քանի հարցերի եւ խոստովանեց, որ ինքը ոչ մի հույս չի կապում դատարանի հետ։ Քիչ անց պրն Խունդկարյանը վերադարձավ եւ կարդաց վճիռը։ Ինչպես եւ սպասվում էր, այն «Ռոյալ-Արմենիայի» օգտին չէր։ Այլ կերպ ասած՝ դատարանը որոշեց մերժել ընկերության հայցը։
Ինչպես արդեն նշվեց, սա ոչ մեկի համար անակնկալ չէր։ Միգուցե շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու է «Ռոյալ-Արմենիան» շարունակում գլուխ դնել ՄՊԿ-ի եւ դատարանի հետ, եթե, միեւնույն է, ամեն ինչ կանխավ որոշված է։ Մեզ մոտ այն տպավորությունն է, որ ընկերությունը ցանկանում է հասարակությանը ներկայացնել, թե որքան կոռումպացված մարմին է Մաքսային պետական կոմիտեն։ Եթե նպատակը զուտ սա է, ապա կարելի է ասել, որ դրա անհրաժեշտությունը չկա, հասարակությունը վաղուց ամեն ինչ շատ լավ գիտի։ Ինչ վերաբերում է բուն ընկերությանը, ապա այն շարունակում է զգալի վնասներ կրել։ Այժմ «Ռոյալ-Արմենիա» ընկերությունը հանրապետություն է ներկրում տարեկան մոտ 1000 տոննա սուրճ։ Եթե սուրճը ներմուծվում է որպես հումք՝ վերամշակելու եւ հետագայում արտահանելու նպատակով, ապա կատարվում է ժամանակավոր մաքսազերծում, որի համար ոչինչ չի վճարվում։ Այդ իսկ պատճառով ընկերության արտադրած սուրճի 80%-ը ներկայումս գնում է արտահանման։ Մյուս ներկրողների համեմատ բարձր մաքսային արժեքների պատճառով ընկերությունը չի կարողանում լիարժեք մրցակցել տեղական շուկայում։ Պրն Մինասյանը նշեց, որ իրենց փորձում են մխիթարել՝ հասկացնելով, որ մյուսներն էլ ցածր մաքսային արժեքի փոխարեն կաշառք են տալիս։ Ընկերության ղեկավարները փորձում են վնասները փոխլրացնել որակական հատկանիշներով, սակայն մտադիր չեն հանձնվել եւ վերջերս Հայաստան ներկրված սուրճի խմբաքանակների մաքսային արժեքների հետ կապված նորից մտադիր են հայց ներկայացնել։
Եթե մի քիչ հումորով վերաբերվենք, կարելի է ասել, որ Մաքսային պետական կոմիտեն եւ Տնտեսական դատարանն իրենց գործունեությամբ նպաստում են արտահանման խթանմանը։ Ի՞նչ կարող ես անել, մարդիկ շատ են մտածում մեր տնտեսության մասին: