2006թ. հունվարից Վանաձորում բարձրացել է ներքաղաքային տրանսպորտի ծառայության գինը. միկրոավտոբուսների ուղեվարձը 80-ից դարձել է 100 դրամ, ավտոբուսներինը՝ 50-ից 80 դրամ: Սա ՏԻՄ համակարգում այս տարվանից սահմանված 2-րդ թանկացումն է՝ աղբահանման ծառայության թանկացումից հետո: Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե տեղական իշխանություններն ամենեւին չեն մտածում ժողովրդի մասին: Օրինակ, ժողովրդի մեկ այլ հատվածի՝ քաղաքապետարանի բաժինների պետերի աշխատավարձը համայնքի ավագանու որոշմամբ դարձել է 100.000 դրամ: Ենթադրվում է, թե բնակչությունը ներքաղաքային տրանսպորտի թանկացումն էլ «կմարսի» այնպես, ինչպես 1 տարի առաջ միջքաղաքային տրանսպորտի թանկացումը (1 տարի առաջ Վանաձոր-Երեւան միկրոավտոբուսների ուղեվարձը 1000-ից դարձավ 1200 դրամ, եւ այդ առթիվ ԱԺ ամբիոնից քննադատության մի երկչոտ փորձ արեց խորհրդարանական կոալիցիայի անդամ մի ներկայացուցիչ. հարցն այդքանով էլ փակվեց): Հատկանշական է, որ այս եւ նման այլ խնդիրների (օրինակ՝ հեռախոսավարձերի բարձրացման) նկատմամբ քար-անտարբերություն են դրսեւորում տեղական կուսակցություններն ու մտավորականությունը (ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ հասարակության առաջադեմ ուժերի միջամտությամբ կանխվեց ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը): Տպավորություն է ստացվում, թե կուսակցությունների տեղական կառույցների դերը միայն իրենց ղեկավարների այցին «հավուր պատշաճին» պատրաստվելն ու համապատասխան էլեկտորատ ապահովելն է՝ այդ այցերի ժամանակ: Իսկ «ազդեցիկ» մտավորականությունը զբաղված է գրեթե օրումեջ զանազան հոբելյաններ նշելով ու ընտրությունների ժամանակ իշխանություններին «սատարելով» (լավագույն դեպքում` իրենց դժգոհությունը միայն «պատերի տակ» հայտնելով): «Էս ժողովրդին դա քիչ է: Իրենք պետք է բողոքեն»,- թանկացումների կապակցությամբ կուսակցության վերաբերմունքն այսպես բնորոշեց մի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, ում կուսակցությունն, ի դեպ, խորհրդարանում հայտնվել է նույն ժողովրդի ձայների շնորհիվ: Մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ էլ դժգոհեց, թե ինչո՞ւ ժողովուրդը համախմբված չի գնում քաղաքապետարան ու բողոքում թանկացումների դեմ: Փաստորեն, ժողովուրդը հույսը դրել է կուսակցությունների վրա, կուսակցություններն էլ ՝ ժողովրդի: