Արթուրը, որ պատերազմի առաջին օրերից մասնակցել է մարտական գործողություններին, պատերազմի տարիներին արդեն ուներ 6 երեխա:
Այժմ Խաչատրյանների ընտանիքն ունի 10 երեխա (3 տղա եւ 7 աղջիկ) եւ սպասում է նաեւ 11-րդին: Ընտանիքն արդեն 5-րդ տարին է, ինչ ապրում է Մարտունու շրջանի վերաբնակեցվող Վարանդա գյուղում: Ինչպես պատմում է Արթուրը, 8 երեխա ունեին, երբ պետության կողմից տրամադրվեց 3 սենյականոց բնակարան` Վարանդայում: Ներկայումս գյուղի տարածքում ունեն եւս մեկ տուն, որը տրամադրվել է վերջին տարիներին: 12 հոգանոց ընտանիքն այժմ ապրում է 3 սենյականոց բնակարանում, որը հիմնանորոգման կարիք ունի:
Երեխաներից ամենաավագը 19 տարեկան է, իսկ կրտսերը` 9 ամսական: Ընտանիքի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ երեխաների անվամբ բացվել են բանկային ավանդներ, որոնց տոկոսներն ամեն ամիս տրամադրվում են ընտանիքին: Արթուրի խոսքերով, ընտանիքի ամսական եկամուտը կազմում է 50 հազար դրամ, որը չնչին գումար է 12 հոգանոց ընտանիքի գոյատեւման համար, առավել եւս, որ երեխաներից երկուսը վճարովի հիմունքներով սովորում են Ստեփանակերտում գործող համալսարաններից մեկում: Մեր զրույցից պարզվեց, որ գյուղի դպրոցը 8-ամյա է, եւ Արթուրը զավակներից մեկին ստիպված է եղել ուղարկել մայրաքաղաք` բարձր դասարաններում կրթություն ստանալու համար: Հարկ է նկատել, որ ամեն տարի այդ ընտանիքը ստիպված կլինի երեխաներից մեկին ուղարկել մայրաքաղաք` ուսումը շարունակելու համար, քանի որ գյուղի 9-րդ եւ 10-րդ դասարանցիները ստիպված պետք է ոտքով հասնեն հարեւան գյուղ, որը Վարանդայից հեռու է մի քանի կիլոմետր:
«Բոլորին էլ հայտնի է, որ այսօրվա պայմաններում մայրաքաղաքում շատ դժվար է պահել երկու ուսանողի եւ մեկ դպրոցականի, առավել եւս` բազմազավակ ընտանիքի համար»,- ասում է Ա. Խաչատրյանը: Ընտանիքի անդամները գյուղում զբաղվում են բանջարաբուծությամբ ու հացահատիկի արտադրությամբ: «Մեծ դժվարությամբ ամեն տարի կարողանում եմ 4 հա հողատարածքի վրա ցանք կատարել, որից ստացված ցորենը բավականացնում է մեր ընտանիքին: Չի կարելի ասել, որ նորմալ ենք ապրում, ուղղակի` գոյություն ենք «քարշ տալիս» եւ ունենք բազում չլուծված խնդիրներ, որոնք դարձյալ կապված են ֆինանսական միջոցների բացակայության հետ»,- նշում է զրուցակիցս: Նա գտնում է, որ 12 հոգանոց ընտանիքի գոյատեւման համար ամսական անհրաժեշտ է առնվազն 150 հազար դրամ: Նման դժվար պայմաններում ապրելով` այս ընտանիքի հայրը չի բացառում, որ 11-րդ երեխան վերջինը չի լինի, քանի որ նպատակ ունեն մեծ ընտանիք ունենալ: «Ճիշտ է, ներկայումս մի քիչ դժվար է, բայց հուսով եմ, հետագայում երեխաները կհասնեն իրենց նպատակին, քանի որ այդ ուղղությամբ մեծ ջանքեր ենք գործադրում»,- փաստում է Արթուր Խաչատրյանը: Կինը` Ալինա Սեւլիկյանը, խոսելով ընտանիքի խնդիրների մասին, դժգոհում է, որ տարիներ առաջ ընտանիքի մեկ երեխային օգնություն էր տրամադրվում Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից, սակայն երեխայի 16 տարին լրանալուց հետո այդ օգնությունը դադարեցվեց եւ չփոխանցվեց ավելի կրտսեր երեխային: Հարցի առնչությամբ դիմեցինք Հայ Ավետարանչական ընկերակցության Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչ Արսեն Մանասյանին, որը հավաստիացրեց, որ այդ ընտանիքի հովանավորչությունը դադարեցվել է երկու պատճառով` նախ հովանավորն է հրաժարվել, հետո էլ` ընտանիքը Ստեփանակերտից տեղափոխվել է Վարանդա գյուղ, որտեղ ընկերությունը ծրագիր չի իրականացնում: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հովանավորը, պայմանագրի համաձայն, ֆինանսավորում է մինչեւ երեխայի 16 տարին լրանալը, այնուհետեւ ընտանիքի հովանավորման շարունակումը կատարվում է հովանավորի ընտրությամբ: Ա. Մանասյանի խոսքերով, ընկերությունը բազմազավակ ընտանիքների օգնության ծրագիր է իրականացնում մայրաքաղաքում, հանրապետության շրջկենտրոններում եւ մի քանի գյուղերում, այդ թվում` վերաբնակեցվող, բայց ոչ բոլոր գյուղերում:
10 երեխաների մայրը` Ալինան, մեր զրույցի ժամանակ նշեց. «Հովանավորների խիստ կարիք ունենք: Այս հարցով դիմել եմ տարբեր մարմինների, բայց առայսօր ոչ մի դրական պատասխան չեն տվել: Ցանկալի է, որ գտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր իրենց վրա կվերցնեն գոնե երկու ուսանողների ուսման վարձի հովանավորությունը»: