2005թ. տարեվերջին Գյումրիում ողբերգական պատահար գրանցվեց: Դեկտեմբերի 30-ին, ըստ նախնական վարկածի, շմոլ գազից թունավորման պատճառով մահացել էին Սահակյանների 6 հոգուց բաղկացած ընտանիքի բոլոր անդամները: Տեխնիկական զննության ժամանակ հայտնաբերվել է, որ ջրատաքացուցիչի ծխատար խողովակը սառած է եղել, ինչն էլ խոչընդոտել է շմոլ գազի քարշին: Եվ ըստ նախնական վարկածի` Սահակյանների ընտանիքի մահվան պատճառը շմոլ գազն է եղել: Իսկ դեկտեմբերի 31-ից առ այսօր «ՀայՌուսգազարդ» ընկերության Գյումրիի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Վահան Պողոսյանի տվյալներով` շմոլ գազից թունավորման մասին իրենք ստացել են ընդամենը 4 ահազանգ: Սակայն հետաքրքիրն այն է, որ տեղական լրատվամիջոցներով բժիշկները շմոլ գազից թունավորվածների մասին ավելի մեծ թվեր են մատնանշում: Խոսքը գնում է ընդհուպ մինչեւ թունավորման 20 դեպքի մասին: Նույն օրը Գյումրի ԳԳՄ տնօրեն Վ. Պողոսյանի հայտարարությունից հետո, որ թվերը չեն համապատասխանում իրականությանը եւ խեղաթյուրված են, ընդամենը 2,5 ժամ հետո թիվը փոխվում եւ հրապարակվում է մոտ 20 հիվանդ, ստեղծելով անհասկանալի իրավիճակ, թե ի վերջո 20 դե՞պք է եղել, թե՞ 20 հիվանդ: Մեկ օր անց նույն բուժհաստատությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որ թյուրիմացություն է եղել եւ որ ոչ միտումնավոր թվերը այլ է ներկայացվել կամ սխալ ընկալվել կանչ կամ հիվանդ արտահայտությունները, պատճառ բերելով տոնական ոչ աշխատանքային օրը: Բուժհաստատությունը եւս հայտարարեց, որ դեպքերի թիվը 4 է, այսինքն` ճիշտ այնքան, որքան եւ գրանցվել է Գյումրի ԳԳՄ-ի կողմից: Այս ամենի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք «ՀայՌուսգազարդ» ընկերության Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահան Պողոսյանին: Վերջինս անհասկանալի է համարում «արհեստականորեն ստեղծված այս աժիոտաժը», բայց եւ ավելացնում. «քանի մեր ժողովրդի սոցիալական վիճակն այսպես ծանր է, նման դեպքերն անխուսափելի են: Երբ բոլորը հնարավորություն ունեցան ավտոմատ համակարգով աշխատող «Արիստոններ», «Բաքսիներ» տեղադրելու, այդ ժամանակ արդեն կարելի է թունավորումների մասին չմտածել»: Ինչ վերաբերում է բժիշկների կողմից հրապարակված տեղեկություններին, թե Գյումրիում աննախադեպ աճել են շմոլ գազից թունավորման դեպքերը, ապա պարոն Պողոսյանը դրանք համարում է հերյուրանքներ: Նրա խոսքերով. շտապբուժօգնության աշխատակիցները քաղաքացիների` շմոլ գազից թունավորման մասին եզրակացությունը տալիս են առանց լուրջ զննության, այլ միայն նրանց հետ բանավոր խոսելիս: Ու սա` այն դեպքում, երբ ախտորոշումը մի քանի օր է տեւում: Իսկ երբ «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակիցներն ահազանգով մեկնել են հիվանդանոց՝ արդեն որեւէ հիվանդի չեն տեսել: «Միջին եւ ծանր թունավորումների դեպքում բժիշկները պարտավոր են գոնե մեկ օր հիվանդին ստացիոնար բուժման հսկողության տակ պահել: Սակայն մենք այդպես էլ սուր կամ, ինչպես իրենք են ներկայացնում, միջին ծանրության եւ բարեբախտաբար փրկված թունավորված եւ ստացիոնար բուժվող որեւէ հիվանդի չտեսանք: Մեզ համար կասկածելի է, երբ այդպես միանգամից տուն են ուղարկում հիվանդներին»,- ասում է պարոն Պողոսյանը: Ավելին, Գյումրիի ԳԳՄ-ից տեղեկացանք, որ տանը շմոլ գազից թունավորման եզրակացություն են տվել մի քաղաքացու, ում բնակարանը ոչ միայն գազիֆիկացված չի եղել, այլեւ այնտեղ բացակայել է անգամ գազի բալոն: Մինչ այդ, պարոն Պողոսյանի խոսքերով, իրենց աշխատակիցները ամեն օր շրջայցեր են կատարում եւ զննում, թե որքանով են սպառողները պահպանում անվտանգության կանոնները: Շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի խախտման արդյունքում Գյումրիում դադարեցվել է 310 բաժանորդի գազամատակարարումը:
Ա.Գ.
Հ.Գ. Ի դեպ, «ՀայՌուսգազարդ» ընկերության Գյումրիի մասնաճյուղում կատակում են, որ Վրաստանի վարչապետ Ժվանիայի թունավորումից հետո ի՞նչ կարիք կար ախտորոշման համար դիմել ԱՄՆ, սպասել ամիսներ, երբ շմոլ գազից «լավ» ու «շուտ» հասկացող հարեւան բժիշկներ կան: