Ռոզա տատը 24 տարի եղել է բենզալցակայանի աշխատող եւ չի բողոքում իր կյանքից. «Աղի նման էրեխեքիս պահել եմ, բարեկամներին ու հարազատներին էլ հետը: Աշխատել եմ օգնել բոլորին: Զինվորականները կըսեին՝ 10 լիտր լից, 20 լիտր բենզին կլցնեի: Հարեւաններս կբողոքեին՝ «Ռոզ տոտա, հըբը մենք առավոտը ի՞նչ պտի տանինք», կըսեի՝ «Աստված ողորմած է, էղավ՝ կտանիք, չեղավ՝ չեք տանի»,- ոգեւորությամբ պատմում է Ռոզա տատը: Ի դեպ, գյումրեցու ոգին զգալու եւ տատիկին չնեղացնելու համար որոշեցինք նրա խոսքերը ներկայացնել հենց բարբառով: Հիշելով իր համար այդ տանջալի ու պատասխանատու օրերը՝ Ռոզա տատն ավելացրեց. «Էն ժամանակ կալվածատեր էի, իսկ հմի՞…»:
Եվ իրոք, ժամանակին նրանք ապրել են Լենինականի կենտրոնում գտնվող առանձնատանը, որն ունեցել է նաեւ մեծ հողամաս: Այնուհետեւ այդ տարածքում բարձրահարկ շենք են կառուցել եւ նրանց հատկացրել են 4 սենյականոց բնակարան: Սակայն երկրաշարժը չի շրջանցել նաեւ Ռոզա տատի տունը: Այժմ դրա փոխարեն, կարելի է ասել, Գյումրիի «սրտում», կենտրոնական փողոցներից մեկի վրա տնակներ են: Երբեմնի «կալվածատեր» կինը երկրաշարժից հետո մինչեւ օրս բնակվում է տնակում: Իհարկե, նրա նման դեռ շատ ու շատ գյումրեցի ընտանիքների կարելի է հանդիպել, որոնք «իրենց մաշկի վրա չզգացին» քաղաքի վերակառուցումը եւ շարունակում են ապրել «դոմիկներում»: «Շատ մարդիկ կան, որ 2-3 տուն են ստացել, իսկ ով որ լավ չի կռնա ըդոնց հետ գլուխ դնել, էս օրին է»,- ասում է Ռոզա տատը: «Ըդոնց» ասելով՝ նա նկատի ուներ Գյումրիի քաղաքային իշխանություններին՝ չմոռանալով 1-2 «գեղեցիկ» բառ օգտագործել նրանց հասցեին:
Ռոզա տատը հեռուստացույց շատ է դիտում: Նախընտրում է ինֆորմացիոն հաղորդումները, երկրի քաղաքական անցուդարձից լավ տեղյակ է: «Ընտրություններին թարգել եմ էրթալ, որովհետեւ ինչ ուզեն, էն կէնեն: Երկրի նախագահը որ ըդիկ էղնի, ժողովուրդն էլ «այո-ոչ» պտի խաղա»,- այսպես է տատիկը մեկնաբանում իր քաղաքացիական պասիվությունը:
Ավանդապաշտ Ռոզա տատը հպարտ է իր արմատներով, երբեմն նույնիսկ ֆետիշացնում է «գյումրեցի» հասկացությունը: Մի անգամ Երեւանում նրան հարցնում են. «Տատիկ ջան, որտեղի՞ց ես»: Վիրավորված պատասխանում է. «Իսանը Լեննականից կէղնի»: Մշակույթի մասին խոսելիս՝ տատիկը նշեց հատկապես Աղասի Շաբոյանի պարի խումբը եւ Ֆրունզիկ Մկրտչյանի անզուգական խաղը, իսկ հետո ավելացրեց. «Այսինքն, բոլոր լեննականցիներն էլ լավ դերասաններ են, իսկ հիմիկվա էրեւանցի հումոր էնողներն ինչղ օր մարդու վրա խնդան»: Մեկի հետ ծանոթանալիս Ռոզա տատն անպայման նշում է, որ ինքը «Տեր-Դավիթենց աղջիկն է, Փահլեւանենց՝ հարսը»: Գյումրեցի այս երկու տոհմերի անունները տալիս՝ տատի աչքերը փայլում են: Նրա խոսքերով, իր սկեսրայրը հպարտ է եղել, որ հարսը «քարդիգա» (խառնուրդ) չէ:
Բնականաբար, Ռոզա տատը հիշում է նաեւ հին Գյումրվա ավանդույթները: «Առաջ մարդը (ամուսինը.-Կ. Թ.) ներս կմտնիր, կնիկը վախից կցամաքեր, հիմի մարդը կնոջ կնիկն է դարձել, դեմը կպարե: Առաջ կարգ ու կանոն կար, մինչեւ կեսրարի տուն գալուց հետո հարսը ոտքերը չլվանար, չէր քնի, իսկ հիմի հարսներին թողնիս՝ կեսրարներին չեն ճանչե»,- համեմատում է տատը: Այնուամենայնիվ, հին Գյումրիի սովորույթներից որոշ բաներ նա չի ընդունում: «Էդ ի՞նչ բան էր. մինչեւ նշանվելը կեսուրը հարսին պարտադիր բաղնիք պըտի տաներ, լողցներ: Փառք Աստծո, իմ ժամանակ արդեն ըդպես բան չկար»,- ասում է Ռոզա տատը:
Այժմ նա ուրախանում է իր դուստրերի, 6 թոռների (այդ թվում՝ նաեւ վաղամեռիկ որդու միակ զավակի) եւ 4 ծոռների հետ միասին: «Թոռներիցս բիթիկին (բոլորին) էլ շատ կսիրեմ»,- ասում է տատը: Բայցեւ խոստովանում է, որ նրանցից մեկի նկատմամբ հոգու խորքում առանձնահատուկ ջերմություն է տածում: Ռոզա տատը մեր երկրին մաղթեց խաղաղություն եւ բարգավաճ ապագա, որպեսզի բոլոր աղետները, տխրությունն ու հոգսերը շրջանցեն մեզ: Իհարկե, նա չի մոռանում ամեն անգամ նշել, որ «ինչ որ կէղնի, Լեննականի գլխին կեղնի»: