Մանկատունը նույնպես ընտանիք է

16/01/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Մենք մի մեծ ընտանիք ենք, բայց ես մնում եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա իր սեփական ընտանիքում, քանզի ծնողական ջերմությանն աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել»,- ասում է Գյումրիի «Հույս» մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանը: Հայաստանի ամենափոքր այս մանկատունը, որտեղ բնակվում է 71 երեխա, ստեղծվել է 2000թ. դեկտեմբերին՝ Շիրակի մարզի խնամքից զուրկ, մուրացիկ, թափառող եւ ծնողազուրկ երեխաներին խնամելու նպատակով:

Ինչպես բոլոր մանկատներում, այստեղ նույնպես երեխաները պաշտպանված են «դրսի» ծանր սոցիալական վիճակի հետեւանքով առկա տարբեր դժվարություններից, ինչը, մանկատան տնօրենի կարծիքով, եւ՛ դրական է, եւ՛ բացասական: «Տեղին եմ համարում համեմատել գազանանոցում եւ անտառում բնակվող կենդանիներին: Ազատության մեջ գազանանոցի գազանը չի կարող սնունդ հայթայթել»,- ասում է Ռ. Մարկոսյանը: Նա համոզված է, որ մանկատների առաջնային խնդիրը պետք է լինի երեխաների ճիշտ դաստիարակությունը եւ հասարակությանն ինտեգրելը:

Ի՞նչ է արվում այս նպատակով, եւ ինչպե՞ս են ապրում «Հույս» մանկատան երեխաները: Նրանք բաժանված են 3 խմբերի՝ փոքրերի, միջին եւ մեծերի: Ընդ որում, վերջին 2 խմբերում աղջիկներն ու տղաներն ունեն առանձին սենյակներ: Առավոտյան մարզանքից եւ նախաճաշից հետո երեխաները հաճախում են միեւնույն հանրակրթական դպրոցը: Ամեն օր նույն ժամին տնօրենի հետ միասին նրանք ամփոփում են օրվա արդյունքները, դպրոցում ստացած գնահատականները: Ոմանք խրախուսվում են, ոմանք էլ՝ պատժվում: 8-10-րդ դասարանցիների մոտ դաստիարակների փոխարեն դասղեկներ են, ովքեր պատասխանատու են երեխաների առաջադիմության համար: Երեխաները հաճախում են սպորտային խմբակներ (բռնցքամարտի, սամբոյի, սուսերամարտի, դահուկասահքի), տարբեր գեղարվեստական խմբակներ, որոնք գործում են հենց մանկատան ներսում: Ի դեպ, ամեն ամիս երեխաները կազմակերպում են համերգներ: Մանկատունն ունի նաեւ տարբեր արհեստանոցներ: «Մեր նպատակն այն է, որ մանկատունը լքելուց հետո երեխաները կարողանան իրենց քրտինքով հաց վաստակել: Բացի այդ, մենք աշխատում ենք նրանց մոտ վերացնել սպառողի հոգեբանությունը: Դրա համար, օրինակ, մրցանակ ենք շնորհում ամենամաքուր ննջարանն ունեցողներին: Կամ, տնարարության պարապմունքների ժամանակ աղջիկները ճաշ են եփում, իսկ հետո՝ յուրօրինակ քննություն հանձնում»,- ասում է Ռ. Մարկոսյանը: Թեեւ երեխաների ելումուտն ազատ է, այնուամենայնիվ ռիսկային տարիքային խմբում վերահսկողությունը մեծ է:

Կանոնադրության համաձայն` մանկատան բնակիչները 4-18 տարեկան երեխաներն են, սակայն եթե չափահաս դառնալուց հետո նրանք մնում են անօթեւան, տնօրինությունն իրավունք ունի նրանց պահելու: Ռ. Մարկոսյանի խոսքերով, Հայաստանում մանկատներ կան, որտեղ նույնիսկ ամուսնացած զույգեր են ապրում: Մանկատունը լքելուց հետո էլ տնօրենը շարունակում է հետեւել նախկին սանի կյանքին: «Հայաստանում եղել են դեպքեր, երբ մանկատան նախկին բնակիչները բնակարան են ստացել, հետո այն վերածել են տարբեր ոչ պարկեշտ զբաղմունքների հավաքատեղիի: Ուստի մանկատան տնօրենների պարտքն եմ համարում հետեւողական լինելը»,- ասում է Ռ. Մարկոսյանը:

«Հույս» մանկատանը օրական 2 ժամ տրամադրվում է ծնողների այցելությանը, իսկ շաբաթ օրը վերջիններս կարող են երեխաներին տուն տանել: «Ամենավատ ծնողը ամենալավ դաստիարակից ու ամենալավ տնօրենից էլ լավն է երեխայի համար, ուստի մենք կարեւորում ենք երեխայի եւ ծնողի կապը: 4-5 ծնողներ ունենք, ովքեր պարբերաբար տեսակցության են գալիս երեխաներին, սակայն ցավոք, մյուսների այցելությունը շատ հազվադեպ բնույթ է կրում»,- վստահեցնում է Ռ. Մարկոսյանը:

Մանկատան սենյակները լավ կահավորված են, գրեթե բոլոր ննջարաններում հեռուստացույցներ կան: Տնօրենի հավաստմամբ՝ վերջին շրջանում հայ գործարարներն ակտիվ օժանդակում են մանկատանը՝ «ապացուցելով, որ միայն արտասահմանցին չէ, որ կարող է օգնել հայ կարիքավորին»: Ռ. Մարկոսյանը նշեց նաեւ, որ պետությունը նույնպես կանգնած է մանկատան թիկունքին, ամեն ամիս ճիշտ ժամանակին փոխանցում է գումարները, որով հնարավոր է դառնում հոգալ բոլոր կոմունալ եւ սննդի ծախսերը: Դեկտեմբերի վերջին արդեն երրորդ անգամ է, ինչ «Հույս» մանկատուն է այցելել երգիչ Թաթա Սիմոնյանը ու միշտ՝ նվերներով: Այս անգամ նա մանուկներին հեռուստացույց, սեղաններ եւ աթոռներ է նվիրել: Ընդ որում, երգիչը միշտ խնդրել է իր այցի մասին լրատվամիջոցներին չտեղեկացնել:

Վերջերս միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը (American Councils) ու Flex ծրագրի շրջանավարտներն ակցիա էին կազմակերպել «Հույս» մանկատան սաների համար: Դեկտեմբերի 30-ին երեխաներին հանձնվել են նվերներ, որ գնվել են ակցիայի արդյունքում հավաքված գումարներով:

Հ.Գ. Ամանորյա գիշերը երեխաներն անցկացրել են տնօրենի ու դաստիարակների հետ միասին: Միջոցառում են կազմակերպել, երգել, պարել, ուրախացել, բայց թե ինչ երազանք են պահել՝ մնում է իրենց հոգու խորքում: