ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի անսպասելիորեն թափուր դարձած պաշտոնը տարեսկզբի հիմնական քննարկման նյութը դարձավ: Նախկին նախարար Հովիկ Հովեյանի տգեղ վարմունքը մշակույթի ոլորտից տեղափոխվեց քրեական ոլորտ եւ լայն արձագանք ստացավ:
Հերթական անգամ քննարկման առարկա դարձավ մշակույթի նախարարի նշանակման մեխանիզմը, քանի որ Հովեյանն առաջինը չէր, ով անփառունակ հեռացավ այդ պաշտոնից: Ո՞վ է լինելու հաջորդը, եւ արդյոք այդ հաջորդը, բացի սեփական ամբիցիաներից եւ այդ ամբիցիաները պատեհ ու անպատեհ ցուցադրելու ցանկությունից, որեւէ ծրագիր կունենա՞: Երեկ «Հայելի» ակումբում մի խումբ մտավորականներ քննարկում էին մշակույթի ապագա նախարարի կերպարն ու ընդհանրապես Մշակույթի նախարարարության դերը: Քննարկմանը մասնակցում էին արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը եւ գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանը: Որոշ մտավորականներ չէին ընդունել հանդիպման հրավերը, կազմակերպիչների վստահեցմամբ` «չցանկանալով վատամարդ դուրս գալ»: «Ընդհանրապես մեզ պե՞տք է, թե՞ պետք չէ Մշակույթի նախարարարությունը» հարցին երեք հյուրերն էլ պատասխանեցին` պետք է: «Պետք է հասկանանք` ինչու մեզ մոտ մշակույթի նախարար ունենալը չի ստացվում»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը: «Մենք ունենք պետություն, ունենք ստրուկտուրաներ, ես կուզեի հարգել իմ պետությունը»,- ավելացրեց Հ. Գարուկյանը: Ձեւավորված կարգը պահանջում է, որ մշակույթի նախարարը հստակ կուսակցական պատկանելություն ունենա, իսկ մշակույթը կարգավորողի ու ուղղորդողի նրա դերը երկրորդական է համարվում: Ըստ Մ. Տեր-Գուլանյանի` հասարակությունը չի ձեւավորել իր պահանջը եւ Մշակույթի նախարարությանը սոցիալական պատվեր չի տվել: «Ես չգիտեմ` ի՞նչ խնդիրներ են դրված նախարարության առաջ, բայց գիտեմ, որ մշակույթը կուսակցականությունից վեր է»,- ասաց նա: «Մենք պետք է ընտրենք նախարարին, որպեսզի հետո, եթե ինչ-որ բան չի ստացվում, ինքներս մեզ մեղադրենք: Հիմա կուսակցությունն իր նեղ շրջանակներում փնտրում է, թե ում նշանակել»,- ասաց Լ. Թոքմաջյանը: Մշակույթի հաջորդ նախարարի նշանակումն ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ մշակութային գործընթացները կարգավորողի դերում հասարակությունն ուզում է ազնիվ մարդկային նկարագիր ունեցողի տեսնել: Մշակույթը եւ անազնվությունը կարծես թե չեն համատեղվում: Հովեյանի եւ որդու հետ կապված տհաճ պատմությունը եւ այդ պատմության մեջ ատրճանակի առկայությունը հրավիրված մտավորականներին ստիպեց ապագա նախարարի թեկնածուներ առաջադրելիս մտածել նաեւ համեստության ու ազնվության կատեգորիաների մասին: «Ներքին սահմանադրություն պետք է լինի մարդու մեջ»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը, ով ասաց նաեւ, որ պատրաստ է նախարար լինել, եթե իրեն չստիպեն կուսակցական դառնալ: Ամեն դեպքում՝ ով էլ մշակույթի հաջորդ նախարարը դառնա, գոնե պետք է ավելի զգոն լինի, քանզի հասարակությունը ուշադրությամբ կհետեւի նրա վրիպումներին: «Ի՞նչ է անում նախարարությունը. մեկին հանում է, մյուսին` նշանակում, իր յուրայինների գրքերն է տպագրում, ճառեր է ասում»,- այսպիսի կարծիք հայտնեց Լ. Թոքմաջյանը: Մշակույթի նախարարության դերն այնքան անհասկանալի ու հեղհեղուկ է, որ այն անիմաստ կառույցի է նմանվել: «Մեր մշակույթն անղեկ ու անառագաստ առաջ է շարժվում: Մենք մոռանում ենք, որ Կրթության եւ Մշակույթի նախարարությունները ռազմավարական խնդիրներ են լուծում: Նախարարներ նշանակելուց հետո պետք է կարողանալ նրանցից պահանջել: Թե չէ՝ ստացվում է, ով գալիս է` ինչքան իր խելքը կտրում է` աշխատում է: Մտածում ենք, գոնե այս մեկը գրագետ է, թող նախարար դառնա»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը: Հպարտանում ենք, որ դարերից եկող հարուստ մշակույթ ունենք, բայց տարբեր աստիճանների շփումների ընթացքում մշակույթի բացակայություն ենք ցուցադրում: Որեւէ ազգի մշակույթը գնորդի ու վաճառողի, վարորդի ու ուղեւորի, նախարարի ու էլեկտրիկի շփումից է երեւում: Քանի որ մշակույթը սկսվում է երկու մարդու շփումից: