Ոչ ոք թերեւս չի համարձակվում վերջնականապես հրաժարվել հեռուստացույց դիտելու սովորությունից, նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր ալիքները նույն, արդեն ձանձրալի դարձած «ճաշացանկն» են առաջարկում։ Այդ օրերին սրվում է ալիքների մրցակցությունը եւ սեփական հնարամտության ցուցադրումը։ Զվարճալի ուղղվածություն ունենում են գրեթե բոլոր հաղորդումները։ Ամանորյա ծրագրերը հիմնականում երաժշտական համարներով, հումորով համեմված ֆիլմանման խառնուրդի են նման։ Հայաստանում հեռուստաալիքների քանակի աճը ենթադրում էր, որ այս տարի նույնպես հայտնի փոփ երգիչները պետք է ալիքից ալիք տեղափոխվեն եւ գրեթե նույն երգերը կատարեն։ Սակայն այս տարվա տոնական եթերը մի քիչ «տնական» ստացվեց, քանի որ հեռուստաալիքներից շատերը որոշել էին ոչ թե հյուրեր հրավիրել, այլ իրենք իրենց ցուցադրել։ «Մերոնքական» եթերը ավելի քիչ ծախսերի ու գլխացավանքի հետ է կապված, քանզի տվյալ հեռուստաալիքի աշխատակիցները սեղանի շուրջ նստած ուտում-խմում-պարում-ուրախանում են եւ միաժամանակ՝ իրենք իրենց նկարահանում։ Հայկական եթերում նման մոտեցման հիմնադիրը մի քանի տարի առաջ դարձավ ԱԼՄ-ն, որի առաջարկած մոդելը գրավեց հենց իր պարզությամբ։ Նույնիսկ իրեն ամենաառաջադեմն եւ տեխնիկապես հագեցած ալիքը համարող «Արմենիան» ուշագրավ հաղորդում ստեղծել չկարողացավ։ Չօգնեցին ոչ ալիքի սիրված ու ճանաչված հաղորդավար-«դեմքերը», ոչ էլ Հայաստանի սահմաններից դուրս արված նկարահանումներն ու աննախադեպ գովազդը։ Միեւնույն է՝ նայելու բան չէր։ «Արմենիայի» եթերում ոչ Փարիզ կար, ոչ էլ Լոնդոն, այլ կար հապճեպ արված ոչ այնքան հաջող կատակների բեմականացում։ «Հ1»-ի տոնական եթերը որոշ իմաստով ավելի թարմ էր, այնտեղ իշխում էին 70-ական թվականներն ու «Շարմ» ընկերության արտադրանքը։ «Երգում է 70-ականների Երեւանը» դարձավ թերեւս տարվա ամենահաջող երաժշտական նախագիծը, որը համերգներից վերածվեց հեռուստահաղորդման եւ կարող է փոփոխելով կատարումներն ու կատարողներին` բավականին երկար շարունակվել։ Գուցե արդեն երրորդ անգամ կազմակերպվող «Երեւան-Մոսկվա-տրանզիտ» համերգային ծրագիրն էլ ոմանց համար հաճելի նորույթ թվաց, սակայն ռուսական աստղերի կատարումները մի քիչ անհասկանալի էին։ Կոբզոնը, Վարումը, Ագուտինը եւ այլ հայտնի երգիչները երգում էին հայկական սիրված երգերը տարօրինակ գործիքավորմամբ, եւ քչերի մոտ նրանց երկրորդ անգամ լսելու ցանկություն կարթնանա։ Վստահաբար կարելի է ասել, որ «Շարմի» մյուս արտադրանքը, երկար սպասված ու լայնորեն գովազդված «Մեր բակը-3» ֆիլմը դարձավ տոնական եթերի հիթը։ Այդ ֆիլմը շատերն են դիտել, այն կարող էր դառնալ իրադարձություն, սակայն դարձավ մի քանի հաջող կտորներ ունեցող շարքային կոմերցիոն երաժշտական խառնուրդ։ Հեղինակներն ասում էին, որ ցանկանում են ստեղծել ջերմ ու մարդկային ֆիլմ, սակայն «Մեր բակը-3»-ը հիշողության մեջ մնաց իր հում սցենարով ու առատ եւ ոչ թաքնված գովազդով։ Կային կերպարներ, որոնց հետ ոչինչ չի կատարվում, նրանք պարզապես ստեղծվել, մշակվել ու խաղացվել են։ Առանց «Շիկ աղջիկների», Շուշան Պետրոսյանի, չինացիների ու Սեդրակի էլ ֆիլմի սյուժեն չէր տուժի, քանի որ, որպես այդպիսին, սյուժե չկար։ Ֆիլմի նախորդ մասերը գուցե նոր ֆիլմի կլիպային արագությունն ու դինամիկան չունեին, սակայն այնտեղ կինոյի մոտեցում կար։ Ինչեւէ, «Մեր բակը-3»-ն այն պատմությունն էր, որը գեղեցիկ մատուցվեց ամանորյա եթերում։ Մի քիչ սյուժե, մի քիչ երաժշտություն կար նաեւ «Հ2»-ի եւ այլ ալիքների եթերում։ Եվ բոլոր հաղորդավարները շամպայնի գավաթը ձեռքներին բարին ու լավն էին մաղթում։ Ամեն բան ըստ ավանդույթի էր, ինչպես ամանորյա «բուդը», հեռուստացույց դիտելու ու հեռուստատեսությունից դժգոհելու սովորույթը։ Այս տարվա հեռուստաեթերի ամենագրավիչն ու հաճելին կարելի է համարել լավ կինոյի առատությունը։ Եվ ռուսական, եւ հայկական հեռուստաալիքները ձեռք էին բերել թանկ ու լավ ֆիլմեր ցուցադրելու իրավունք, իսկ «Հ1»-ը նաեւ կրկնօրինակել էր դրանք։ Այնպես որ, պասիվ հանգստի սիրահարները իսկապես հանգստանալու հնարավորություն են ունեցել, քանի որ կարող էին կանգ առնել ֆիլմ ցուցադրող ալիքի վրա եւ եթերում մի քանի ժամ ուրիշ բան չորոնել։ Ռուսական հին ու բարի, երկարակյաց ֆիլմերից հագեցած հեռուստադիտողը կարող էր դիտել եւ սակավաբյուջե ռուսական մելոդրամաները, եւ հոլիվուդյան վերջին արտադրանքը։ Հասկանալի ու մարդավարի պատմված մարդկային պատմություններն ամենադիտվողն են բոլոր օրերին։ Իսկ բարի տրամադրություն առաջացնող կինոդիտումն անպայման զվարճացնել ցանկացող հաղորդումներից գերադասելի է։ Այս տարի մեր միակ սեփական ֆիլմը «Մեր բակը-3»-ն էր, եւ մենք դա ենք դիտում։ Տարին նոր է սկսվում, ժամանակն է պատրաստվել նոր տոնական եթերին եւ ստեղծել ֆիլմեր, որոնք դիտելիս հանդիսատեսը հաճույքով կհետեւի սյուժեի պտույտներին։ Պետք չէ հեռուստադիտողին համերգախեղդ անել, երաժշտություն նա կարող է նաեւ իր տանը միացնել։