Գործարար շրջանակներում ընդունված է աշխատանքային ժամերին հագնել մուգ գույների կոստյում: Խորհուրդ չի տրվում հագնել գույնզգույն կամ մուգ վերնաշապիկ, այն պետք է լինի ճերմակ կամ բաց գույնի (օրինակ՝ երկնագույն): Փողկապը չպետք է ճչացող լինի, այն երանգով պետք է համապատասխանի կոստյումին ու վերնաշապիկին: Ընդունված չէ կարճ թեւքերով վերնաշապիկ հագնել, քանի որ վերնաշապիկի մանժետները պետք է մոտ 2 սմ երեւան կոստյումի թեւքերի տակից: Ամենից հարմարը մուգ կապույտ կամ մուգ մոխրագույն կոստյումն է:
Ինչ վերաբերում է կոշիկին, ապա սեւ կոշիկ կարելի է հագնել ցանկացած կոստյումի հետ: Դարչնագույն կոշիկները հարմար են դարչնագույն կամ բեժ կոստյումի հետ: Գուլպաները չպետք է վառ գույների լինեն, ամենից հաճախ նախընտրելի է սեւ կամ մոխրագույն, իսկ դարչնագույն կամ բեժ կոստյումի ու կոշիկների հետ` համապատասխան գույնի գուլպաներ:
Գործարար աշխարհում ընդունված չէ բանակցությունների ժամանակ հանել պիջակը` առանց ներկա գտնվող կանանցից թույլտվություն խնդրելու: Դա վերաբերում է նաեւ ծխելուն: Վերջին ժամանակներս առհասարակ ծխելը տարածված չէ, եւ այս մասին պետք է հիշել նաեւ այն դեպքում, երբ նույն տարածքում կանայք չկան: Եթե բանակցություններն ընթանում են ոչ այնքան մեծ սենյակում, ապա ավելի լավ է չծխել: