Ջոն Մորգան

16/01/2006

Հանգուցյալի ավագ դուստրը՝ Լուիզան, իր օրագրում գրի է առնում հոր վերջին խոսքերը. «Իմ թանկագին Սալլի Վեսթ…»։ Հետո սկսվում է հոգեվարքը:

Լուիզան գիտեր հոր բոլոր գաղտնիքները, նրա բոլոր սիրուհիներին եւ կարող էր երդվել, որ Ջոն Մորգանի կյանքում ոչ մի Սալլի Վեսթ երբեք չի եղել: Այսպես սկսվեց ընտանեկան հետաքննությունը, որը փոքրիկ ընդմիջումներով ձգձգվեց մի քանի տասնամյակ:  

Մորգանի հայրը՝ Ջունիուս Սփենսեր Մորգանը, որդուն շատ խիստ էր դաստիարակում. միշտ հիվանդոտ, թուլակազմ տղան ամեն ինչում ու ամեն տեղ պարտավոր էր լինել առաջինը, բայց տարվա կեսը անկողնում անցկացնող տղան ջերմ վերաբերմունքի ու սիրո խիստ պակաս ուներ: Մայրը վատառողջ, հիստերիկ կին էր եւ նույնպես առանձնապես չէր զբաղվում որդով: Լուիզայի վարձած դետեկտիվը վստահեցնում էր, որ մինչեւ այդ ժամանակը նրա կյանքում ոչ մի Սալլի Վեսթ գոյություն չի ունեցել:  

Հոր պատանեկան տարիներով զբաղվելու համար Լուիզան վարձում է Կարլ Հենդերսենին: Վերջինս կազմում է մանրամասն ցուցակ բոլոր այն աղջիկների, որոնց հետ պատանի Ջոնը ընկերություն էր արել: Ցուցակը կազմված էր մի քանի էջից, բայց ոչ մի Սալլի Վեսթ նրանց մեջ չկար: Փոխարենը Լուիզայի աչքերը լցվեցին, երբ կարդաց հոր՝ Ազորական կղզիներից ծնողներին գրած նամակները, որտեղ նրան ուղարկել էին հանգստանալու: Ջոնը դժգոհում էր, որ ծնողներն իրեն համարյա չեն գրում, որ ինքն իրեն այնքան միայնակ է զգում, որ նույնիսկ դեղձանիկ է առել, որ «լինի մեկը, ում համար ինքը հոգ կտանի, ու ժամանակն էլ ավելի հետաքրքիր կանցնի»: 15-ամյա պատանին իրեն լքված էր զգում:  

Մի տարի անց Ջոնին ուղարկում են Շվեյցարիա՝ ուսումը շարունակելու: Այնտեղ նա մինչեւ ականջների ծայրը սիրահարվում է հոր ընկերոջ ազգականուհուն՝ միսս Հոֆմանին: Դարձյալ ոչ մի Սալլի Վեսթ:

Շուտով սկսվում է Հյուսիսի ու Հարավի պատերազմը, ու հայր եւ որդի Մորգանները մեծ գումարներ են վաստակում՝ երկու կողմին էլ հագուստ, զինամթերք եւ այլն մատակարարելով:  

Եվ ահա հայտնվում է նրա կյանքի ամենամեծ սերը՝ Ամելիա Ստերգիսը: Նրանք պատրաստվում էին ամուսնանալ: Բայց հանկարծ Միմին ծանր հիվանդանում է տուբերկուլյոզով: Հայրը Ջոնին խորհուրդ է տալիս հետ կանգնել ամուսնանալու մտքից, բայց նա այդ մասին չէր էլ ուզում լսել: Հարսանիքի ժամանակ Միմին հազիվ էր ոտքի վրա մնում, իսկ հաջորդ օրն անցկացրեց անկողնում: Երբ նա մի փոքր լավացավ, նրանք մեկնեցին ամուսնական ճամփորդության: Փարիզում բժիշկները հաստատեցին դիագնոզը, ու նրանք ստիպված եղան մեկնել Ալժիր: Անցավ 1,5 ամիս, ապա բժիշկները հայտնեցին, որ Միմիի երկրորդ թոքը նույնպես հիվանդ է: Ջոնը հույսը չէր կորցնում, որ նա կլավանա: Բայց Միմին արդեն մահամերձ էր…

 Կնոջ մահից հետո Մորգանը երբեք երջանիկ չի եղել. Լուիզան դրանում վստահ էր: ՈՒ եթե իրոք ինչ-որ Սալլի Վեսթ հորը երջանկություն է պարգեւել, Լուիզան ուզում էր անպայման գտնել այդ կնոջը:

Նրա երկրորդ կնոջ՝ Ֆրենսիս Լուիզա Թրեյսիի մասին քիչ բան է հայտնի, եւ անկեղծ ասած՝ Մորգանն ինքն էլ առանձնապես նրա մասին չէր մտածում: Ֆաննին նրա համար երեխաներ էր ծնում (Մորգանները մի տղա ու 3 աղջիկ ունեին) ու թունավորում ամուսնու կյանքն անվերջ նվնվոցով: Դետեկտիվները երդվում էին, որ այդ ժամանակ նույնպես Մորգանի կյանքում ոչ մի Սալլի Վեսթ չկար: Մորգանը մեծ փողեր էր աշխատում ու ծախսում արվեստի գործերի ու կանանց վրա: Ինքը Մորգանը վստահ էր, որ կանայք ընտրում են ոչ թե իրեն, այլ իր միլիոնները: Մորգանը չէր սիրում երկրորդ կնոջը, չէր վստահում սիրուհիներին, մրցակիցներին արհամարհանքով էր վերաբերվում: Նրան հաճույք էր պատճառում միայն արվեստը, դրա վրա ծախսվում էիր միլիոններ: Մորգանի վստահված անձն է դառնում պորտուգալական ծագումով ամերիկուհի Բել դա Կոստա Գրինը, որի ազդեցության շնորհիվ Ջոն Մորգանը սկսում է զբաղվել բարեգործությամբ: «Մետրոպոլիտեն» թանգարանի գործերի մի մասը հենց նրա նվիրատվություններն են կազմում:

Մորգանը թանկ էր գնահատում այս կնոջ բարեկամությունը, նրան պատմում էր իր բոլոր գաղտնիքները: Ահա թե ինչու Լուիզան, հոգնելով ապարդյուն որոնումներից, դիմում է նրա օգնությանը: Բայց միսս դա Կոստա Գրինը նույնպես ոչ մի բան չգիտեր Սալլի Վեսթի մասին: Հոր գաղտնիքը բացահայտելու վերջին հույսը կորցրած Լուիզան ստիպված էր հաշտվել այդ մտքի հետ:

Ընտանեկան արխիվում` անհամար թղթապանակներից մեկում, կա մի նամակ, որ պատանի Ջոնը գրել է պապին, երբ հանգստանում էր Ազորական կղզիներում: Ծրարում թղթի մի կտորի վրա դեղձանիկ է նկարված, իսկ տակը գրություն կա. «Ահա իմ սիրելի Սալլի Վեսթը: Նրա շնորհիվ ես ինձ այստեղ այնքան էլ մենակ չեմ զգում…»։

Ճակատագրի հեգնանքով բոլոր նրանք, ում Լուիզա Մորգանը հանձնարարել էր հետաքննությունը, այդ նկարին ուշադրություն չեն դարձրել: Դրա համար էլ ոչ ոք ոչինչ չէր հասկացել…

Ըստ Ինտերնետային նյութերի