Որքան էլ ցանկանում էինք մեր թերթի 2005թ. վերջին համարն ուրախ եւ տրամադրություն բարձրացնող հրապարակումներով լիներ, այնուամենայնիվ, այն ունեցավ նաեւ տխուր էջեր: Իրականությունից չես փախչի: Թող որ գալիք՝ 2006 թվականը լինի խաղաղության եւ հաջողության տարի: Եվ թող որ բոլոր փոքրիկներն անհոգ ապրեն եւ նվերներ սպասեն ոչ միայն Ամանորին՝ Ձմեռ պապիկներից: Մեր պետական այրերին մաղթում ենք փոքր-ինչ զգոն լինել ու իրենցից դուրս Ձմեռ պապիկներ չփնտրել: Ժամանակն է, որ իրենց խելամիտ ու խոհեմ գործունեությամբ նվեր մատուցեն մեր ժողովրդին: Իսկ մենք մեր ողջ անձնակազմով կշարունակենք ձեզ ներկայացնել մեր իրականության եւ լուսավոր, եւ դաժան կողմերը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։