Հարազատների ու ընկերների հետ Ամանորը Հայաստանում կնշի Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամյանը (Աբրահամ)։ Նոր տարվա շեմին նա հրաշալի նվեր մատուցեց մարզասերներին՝ 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Քինգսլի Իկեկեին եւ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Արթուրին դեռեւս չի հաջողվում Հայրենիքում հանգստանալ, քանզի բոլորը ցանկանում են տեսնել իրենց հաղթանակած հայրենակցին, նրա ձեռքը սեղմել, շնորհավորել, ոմանք հրավիրում են հարցազրույցի, ոմանք էլ՝ ուտել-խմելու… Արթուր Աբրահամը, բոլոր մենամարտերից հետո, թեեւ Գերմանիայի հիմնն է հնչում, այնուամենայնիվ իր ուսերին է գցում մեր Եռագույն դրոշը։ Շատերին, բնականաբար, դա դուր չի գալիս, բայց նա խոստովանում է, որ այլ կերպ չի կարող վարվել:
Արթուրը, որ այս օրերին ցանկանում է հանգստանալ հայրենիքում, երեւի շատ ավելի զբաղված է, քան պարապմունքների ժամանակ։ Եվ, դա զարմանալի չէ, քանի որ Նոր տարվա շեմին նա հրաշալի նվեր մատուցեց հայ ժողովրդին՝ 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Քինգսլի Իկեկեին, եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Այդ իսկ պատճառով բոլորը ցանկանում են տեսնել Արթուրին։ Ոմանք ուզում են պարզապես ձեռք սեղմել ու շնորհավորել, ոմանք հրավիրում են հարցազրույցի, ոմանք էլ՝ ուտել-խմելու։ Ահա այսպիսի ծանր գրաֆիկով է իր հանգիստն անցկացնում աշխարհի չեմպիոնը, որն ընդառաջեց մեր խնդրանքին եւ համաձայնեց հարցազրույց տալ մեր թերթին։
– Արթուր, նախ շնորհավորում ենք քեզ աշխարհի չեմպիոն դառնալու առիթով եւ շնորհակալություն հայտնում՝ այսպիսի նվեր մատուցելու համար։ Մի քիչ պատմիր քո մասին՝ ո՞ր տարիքից ես սկսել զբաղվել բռնցքամարտով, եւ մասնավորապես` պրոֆեսիոնալ բռնցքամարտով։
– Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 15 տարեկանից, Գերմանիայում, որտեղ ես ապրում էի այդ ժամանակ։ 23 տարեկանում նորից մեկնել եմ Գերմանիա՝ մեր ակումբի կազմում եւ այդ ժամանակվանից մինչ այժմ զբաղվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով։ Ունեմ 19 մենամարտ, 19 հաղթանակ, որից 17-ը՝ նոկաուտով։ Ինչպես գիտեք, եղբայրս էլ է զբաղվում բռնցքամարտով, նույնպես շատ հաջող։ Ունի 16 հաղթանակ, 1 ոչ ոքի եւ ոչ մի պարտություն։
– Մինչեւ մենամարտը նշել էիր, որ Իկեկեին թույլ չես տալու լսել եզրափակիչ գոնգի ձայնը եւ նոկաուտի ես ենթարկելու նրան։ Բոլորը տեսան, թե ինչպես քո խոսքի տերը եղար։ Ո՞վ է լինելու քո հաջորդ մրցակիցը եւ ե՞րբ։
– Դա կարող է լինել ցանկացած մեկը, այդ թվում եւ` Ջերմեն Թեյլորը, բայց դա մենեջերների գործն է, եւ մրցամարտը կկայանա այն դեպքում, եթե նրանք համաձայնության գան։ Բայց ես պատրաստ եմ բոլորի հետ էլ մենամարտել, իմ համար տարբերություն չկա, թե ով կլինի։
– Հարցազրույցներից մեկում քո եղբայրը նշել է, որ իր համար ավելի հեշտ է լինել ռինգում եւ մենամարտել, քան նստած տեղից հետեւել քո ելույթներին։ Քեզ մո՞տ էլ է նույն զգացումը։
– Բոլորի մոտ է էդպես, որովհետեւ երբ մենամարտում ես, դու ինքդ քեզ վրա վստահ ես, դու գիտես՝ ինչ ես անում։ Բայց հարազատներդ ծանր են տանում, քիչ է մնում ինֆարկտ ստանան։ Երբ իմ եղբայրը ռինգում է, ես վատանում եմ։ Ասենք, դուք հեռուստատեսությամբ տեսնում եք, էլի, թե ինքը ինչ ծանր է տանում։ Տանն էլ մայրս ու հայրս են ծանր տանում, ու ընդհանրապես բոլոր հարազատներս էլ անհանգիստ ապրումներ են ունենում։ Միայն ես եմ լավ զգում, որովհետեւ այդ ամենը մարտի ընթացքում ես չեմ գիտակցում (ծիծաղում է.- Բ.Թ.)։
– Երբ հեռուստատեսությամբ հետեւում էի մենամարտին, նկատեցի, որ դահլիճում մի քանի տեղ երեւում էր մեր եռագույն դրոշը։ Այդ մարդիկ հենց Գերմանիայում ապրող հայե՞ր են, թե՞ մարդիկ կային, որոնք Գերմանիա էին եկել հատուկ քեզ աջակցելու համար։
– Մեծամասնությունը Գերմանիայում ապրող հայերն էին, որոնք բավական մեծ թիվ էին կազմում։ Մեծ թվով երկրպագուներ էին եկել Մոսկվայից, հավանաբար տեսաք Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին եւ հայտնի այլ հայ գործարարների։ Հայաստանից նույնպես երկրպագուներ էին եկել։ Բոլորը եկել էին օգնելու, որ ես հաղթեմ, ես էլ հաղթեցի, հետո իրար հետ կերանք-խմեցինք, քեֆ արեցինք։
– Իսկ Արա Աբրահամյանը եկել էր զուտ որպես հանդիսատե՞ս, թե՞ ինչ-որ կերպ օգնում, աջակցում է քո կարիերային։
– Չէ, զուտ որպես հանդիսատես։ Նա սիրում է բռնցքամարտը, առաջին անգամ էր իմ մենամարտին ականատես լինում։ Հաջորդ մենամարտին, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա մարտի 4-ին՝ նա նորից ներկա կլինի։
– Այսինքն, մարտի 4-ին արդեն որոշված է, որ մենամա՞րտ ես ունենալու։ Իսկ ո՞ւմ հետ։
– Դեռ պարզ չէ։ Մի բան կարող եմ հաստատ ասել, որ դա Ջերմեն Թեյլորը չի լինի։
– Մինչեւ ե՞րբ ես մտադիր մնալ Հայաստանում։
– Մինչեւ հունվարի 5-ը։ Եկել ենք, որ Նոր տարին այստեղ նշենք՝ ծնողների, հարազատների, ընկերների հետ։ Բացի այդ, եկել ենք մեր հայ ազգին, հատկապես` Չարբախի բնակչությանը մի քիչ ուրախացնենք։ Քանի որ ուր էլ գնում ենք, մարդիկ մեզ տեսնելով՝ ուրախանում են։
– Այսօր գրեթե բոլոր լավագույն հայ մարզիկները գտնվում են արտերկրում, դու Գերմանիայում ես, մեր լավագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Վախթանգ Դարչինյանը՝ Ավստրալիայում, ըմբշամարտի աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը՝ Բուլղարիայում։ Այս ցուցակը կարելի է երկար շարունակել։ Հայաստանից գնալու պատճառը միայն ֆինանսակա՞նն է, թե՞ այլ պատճառներ էլ կան։
– Շատ հարցեր կան, որոնք եթե թվարկենք, շատ երկար կլինի մեր զրույցը։ Պրոբլեմներ կան, ուղղակի հիմա ես չեմ ուզում շատ մանրանալ։ Պարզապես կասեմ, որ եթե մի տեղ որպես սպորտսմեն լավ լինի՝ ոչ մի տեղ էլ չես գնա։ Իսկ պրոբլեմների դեպքում արդեն ստիպված ես լինում գնալ։ Գնում ես, որ քեզ համար ապագա ստեղծես։ Ես 3 տարի այստեղ դարձա Հայաստանի չեմպիոն. արդյունք կար, բայց ի՞նչ օգուտ, եթե ապրելու ձեւ չկա։
– Իսկ քո ապագան ինչպե՞ս ես տեսնում։ Ի վերջո, գալու ես Հայաստա՞ն, թե՞ կմնաս Գերմանիայում։
– Մենք (ես ու եղբայրս) միշտ էլ Հայաստանում ենք ապրելու։ Ընթացքում միշտ էլ գալու ենք, որովհետեւ կարոտում ենք մեր Հայրենիքը, մեր ընկերներին, հող ու ջրին։ Ամեն ինչն էլ կարոտում ենք, բայց դե որոշ ժամանակ դրսում պիտի լինես, որ հասնես նպատակներիդ։
– Իսկ այստեղի գործարարների կողմից քեզ որեւէ առաջարկ չի՞ եղել, որ ֆինանսավորեն, մնաս էստեղ, ու էլ կարիք չլինի դրսում ապրելու ու կարոտելու։
– Ոչ, մինչեւ հիմա այդպիսի առաջարկություն չի եղել։ Եթե լինի էլ, չգիտեմ՝ կհամաձայնե՞մ, թե՞ ոչ։ Պիտի կոնկրետ որեւէ բան լինի, որ այդ ուղղությամբ մտածեմ ու որոշում կայացնեմ։
– Ամեն մենամարտից հետո քո ուսերին ես գցում մեր եռագույնը։ Դա բոլորի կողմից նորմա՞լ է ընդունվում, չե՞ն ասում՝ ինչո՞ւ ես ծածանում եռագույնը։
– Ասել են։ Ընդհանրապես չի կարելի դրոշը վերցնել, բայց ես վերցնում եմ, որովհետեւ այլ կերպ չեմ կարող։ Երեւի տեսաք, մենամարտից առաջ հնչեց Գերմանիայի հիմնը, բայց ես ծածանեցի Հայաստանի դրոշը։ Դրա համար ոչ մի պատժամիջոց չեն կիրառի, ուղղակի այդ ձեւով մի քիչ հիասթափեցնում եմ գերմանացի երկրպագուներին. գիտեն, թե դու գերմանացի մարզիկ ես, մեկ էլ հանկարծ տեսնում են հայկական դրոշը…
– Իսկ քո ազգանվան վերջին «յան» մասնիկի հանելն ինչո՞վ էր պայմանավորված։
– Այդպես որոշել են մասնագետները, քանի որ Աբրահամյան ազգանունը մի քիչ դժվար է հիշվում, իսկ սպորտում անունը շատ կարեւոր դեր է կատարում։ Արթուր Աբրահամ՝ այսպես մի քիչ ավելի եվրոպական է հնչում եւ եվրոպացիներին ավելի հոգեհարազատ է։ Ի դեպ, մեր անձնակազմը հրավիրել է Աբրահամ անունով գերմանացի մի երգչի, որը շատ հայտնի է Գերմանիայում։ Իմ ամեն մենամարտից առաջ հնչում է նրա ուրախ երգը, որի տակ ես յուրահատուկ հանդերձանքով դուրս եմ գալիս ռինգ։
– Ի՞նչ կմաղթես մեր ժողովրդին, եւ մասնավորապես, «168 Ժամի» ընթերցողներին։
– Շնորհավորում եմ մեր ժողովրդի գալիք Նոր տարին, շնորհավորում եմ ձեր խմբագրության ողջ անձնակազմի, ընթերցողների Նոր տարին։ Բոլորին ցանկանում եմ երջանկություն, ուրախություն։ Մաղթելու լավ բաներ շատ կան, բայց ես ցանկանում եմ յուրաքանչյուրին այն, ինչ ինքն իրեն է ցանկանում։ Թող բոլորի ցանկությունները կատարվեն, ես էլ ինչ-որ չափով իմ հաջողություններով կաշխատեմ գոնե մի քիչ ուրախացնել մարդկանց, հպարտության զգացում պարգեւել, որովհետեւ այսօր ժպիտը, ուրախությունը մի քիչ պակասում է բոլորիս։ Ուզում եմ հայ ժողովուրդը ցրվի հոգսերի ու պրոբլեմների աշխարհից ու գոնե մի պահ ուրախություն ապրի։ Կոնկրետ դա ես կարող եմ ու կաշխատեմ անել։