Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայությանը՝ ուրբաթ օրը ռուս-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանի Արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն ANS հեռուստաընկերությանն ասել է, թե «պետական մակարդակով Ռուսաստանին նոտա հղելու հարցը կախված կլինի Սահմանապահ ծառայության կողմից անցկացվող հետաքննության արդյունքներից»: Հիշեցնենք, որ Դաղստանի ձկնորսության վերահսկման վարչության մի խումբ աշխատակիցներ ուրբաթ օրը մուտք էին գործել Ադրբեջանի Խաչմազի շրջանի տարածքային ջրեր եւ սպառնալով հրազենով՝ տեղի ձկնորսներից պահանջել նավակները, որսը եւ դրամը: Ադրբեջանցի ձկնորսները հրաժարվել էին կատարել պահանջը եւ դիմադրություն էին ցույց տվել, ինչի հետեւանքով դաղստանցիների արձակած կրակոցներից ձկնորսներից մեկը ծանր վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց: