Ընդամենը չորս օր, եւ մենք հրաժեշտ կտանք 2005 թվականին: Նոր տարվա գիշերը Ձմեռ պապի հրաշալի հայտնությանը հավատում եւ սպասում են ոչ միայն փոքրիկները, այլեւ մեծերը: Այս հարցում, թերեւս, բացառություն չեն նաեւ մեր քաղաքական գործիչները: Եվ, սովորության համաձայն, Ամանորի նախաշեմին փորձեցինք պարզել, թե Ձմեռ պապից ի՞նչ կխնդրեին նրանք:
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյան. «Եթե այս տարվա Ձմեռ պապը Ռոբերտ Քոչարյանն է, թող ամանորյա տոներից հետո անմիջապես հրաժարական տա, եթե ամանորյա Ձմեռ պապը Սերժ Սարգսյանն է, թող բավարարվի Ձմեռ պապ լինելով, նոմենկլատուրայի մտավորականներին նվերներ բաժանելով եւ զուր հույսեր չունենա: Եթե Ձմեռ պապը կոալիցիայից է, ապա աչքի առաջ թող ունենա, որ Ձմեռ պապի մշտական բնակավայրը ինչպես որ Լապլանդիան է, այնպես էլ իրենցն է լինելու քաղաքական իմաստով: Իսկ ժողովրդին ցանկանում եմ համբերություն եւ երջանկություն»:
ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյան. «Ես փոքր ժամանակվանից հավատացել եմ Ձմեռ պապի գոյությանը եւ ամեն տարի սրտի թրթիռով եմ սպասել նրան, քանի որ նա հայտնվում է միշտ անսպասելի եւ բարություն է բերում աշխարհին: Իսկ ովքեր որ զարմանում են կամ հավատալու ընդունակություն չունեն, մտավոր պրոբլեմ ունեն: Ձմեռ պապից ես փոքրուց միշտ մի բան եմ խնդրել, ու նա բերել է իմ ուզածը: Նա ինձ միշտ տոնածառ է բերել, ընդ որում, բնական տոնածառ եմ սիրում: Իսկ երկրորդը` կուզենայի Ձմեռ պապն ինձ մի հատ վրձին նվիրեր, որպեսզի ես էլ այն իշխանություններին նվիրեի: Այս անցնող տարում իշխանությունները թվանկարչության եւ գեղանկարչության բնագավառում գերազանցեցին Ռեմբրանդտին»:
Ի՞նչ է Ձմեռ պապից խնդրելու «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը. «Ես ուզում եմ, որ Ձմեռ պապը գա եւ այս իշխանություններին տանի Լապլանդիա, բայց ոչ Փարաքարով»:
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար, պատգամավոր Գալուստ Սահակյան. «Քանի որ նախընտրական տարի է, Ձմեռ պապերը շատ են լինելու: Եվ ես առաջարկում եմ, որ այս տարվա Ձմեռ պապը գոնե ընտրվի քաղծառայության մրցույթով»:
Իշխանական մեկ այլ կուսակցության` ՕԵԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն էլ մաղթեց. «Ձմեռ պապն առաջինը երջանկություն բերեր մեր երեխաներին, որպեսզի մենք կարողանայինք 2006 թվականին ծանր սոցիալական վիճակից դուրս գալ»:
Իսկ կոալիցիայի մաս կազմող երրորդ կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչներից եւ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեցին, որ Ձմեռ պապից ոչ մի բան էլ չեն ուզում:
ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյան. «Ես այդ տարիքից դուրս եմ եկել, որ Ձմեռ պապիկից նվեր սպասեմ»
«Ես, անկեղծ ասած, Ձմեռ պապու հետ հույսեր չեմ կապում»,- փոխանցեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Իսկ ԱԺ անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանն էլ ասաց, թե ինքը չէր ուզենա, որ Ձմեռ պապն իրենց տուն գնար: «Ձմեռ պապից ես շնորհակալ եմ: Նա մինչեւ մտնի Հայաստանի տարածք, մինչեւ հասնի մեր տուն, այս իշխանությունները նրան այնպես քցել կսովորեցնեն, որ երբ նա գա մեր տուն, Նոր տարին կհարամի: Շնորհակալ եմ»,- կատակեց Մ. Գասպարյանը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն էլ Ձմեռ պապից ոչ մի ակնկալիք չունի: «Հայաստանն այնպիսի ծանր իրավիճակում է հայտնվել, որ նույնիսկ Ձմեռ պապը չի կարող օգնել»:
«Ձմեռ պապը մեր ժողովրդին թող հաջողություն բերի, կանայք դառնան ավելի գեղեցիկ, եւ թող այս տարի Հայաստանի համար Ձմեռ պապն իսկապես գա»,- մեր հարցին այսպես պատասխանեց Հայաստանի Ազատական-Առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյան. «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո: Այսինքն՝ ուզում եմ, որ Ձմեռ պապը կատարի ժողովրդի ցանկությունները՝ ասվածն ու իրականացրածը»:
Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյան. «Ես այս Շան տարում իշխանություններին ցանկանում եմ, որ իսկապես շան նման հավատարիմ ծառայեն իրենց ժողովրդին, իսկ ընդդիմությանը կցանկանայի անգլիական բուլդոգի համառություն՝ իրենց ձեռնարկած քաղաքական գործողություններում»:
Ժողովրդական կուսակցության ղեկավար, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյան. «Ես կցանկանամ, որ Ձմեռ պապը մեր երկրին բերի բարգավաճում, իսկ ինձ համար ոչ մի բան»:
«Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյան. «2006 թվականից ես երջանկություն կուզենայի, առողջություն կուզենայի, կուզենայի հանդուրժողականություն, իսկ մի քիչ հումորով ասած՝ կուզենայի, որ դրամի կուրսն այսպես կայուն մնար»:
ԱԺԴ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն էլ Ձմեռ պապից խնդրեց. «Կուզենայի, որ նա իր գեղեցիկ գլխարկով մի քիչ զբաղվեր քաղաքականությամբ, մտածեր մեր դիմադիրների մասին»:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյան. «Ես Ձմեռ պապից ցանկանում եմ մի բան, որ իշխանություններին խելք բերի: Էդ խելքը որ տեղն եկավ, ժողովուրդը կզգա, որ իրեն ղեկավարում է խելոք մարդ: Բայց մինչեւ հիմա ժողովուրդը զգում է, որ իրեն անխելքների հավաքածու է ղեկավարում»:
«Նոր Սահմանադրություն»,- Ձմեռ պապից այսպիսի նվեր խնդրեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ ինքն այս նվերն ուզելուց առաջ խորհրդակցել է իր կրտսեր որդու հետ:
Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) անդամ, պատգամավոր Գրիգոր Ղոնջեյան. «Ցանկանում եմ, որ Ձմեռ պապին գա: Թող ոչ մի բան էլ չբերի, բայց կարեւորը, որ նա գա»,- ասաց նա:
ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ, պատգամավոր Արտյուշա Սիմոնյան. «Թող առատ ձյուն բերի»:
ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական թեւի նախագահ Արմեն Աշոտյանն էլ իր ամանորյա ցանկությունն այսպես ձեւակերպեց. «Կցանկանայի, որ ի հեճուկս մեր շատ-շատ քաղաքական գործիչների, մեր Ձմեռ պապը Սանտա Կլաուս չդառնա: Եվ, երկրորդ, Ձմեռ պապին իր որոշ «թոռնիկների» ցանկությունների կատարման հարցում ավելի բծախնդիր լինի»: