«Հանրապետություն» կուսակցության գրասենյակը փակ կլինի ընդամենը 5 օր` դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը: Ամսի 4-ին նրանք կվերադառնան ակտիվ քաղաքականություն, քանի որ, ինչպես նշեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ընդդիմությունը «երկար տոնախմբությամբ տարվելու ժամանակ չունի»:
Միասնական ընդդիմության իրական գործընթացները կսկսվեն Սուրբ Ծնունդից հետո, իսկ մինչ այդ «18+8» ընդդիմադիր ֆորմատի կազմում ընդգրկված կուսակցությունները կզբաղվեն կուսակցական կոմիտեներ ձեւավորելով: Դրանից հետո, մինչեւ հաջորդ` հունվարի 27-ի հանրահավաքը, ընդդիմությունը կկազմակերպի տարբեր կարգի` կանխատեսելի եւ անկանխատեսելի միջոցառումներ: «Սուրբ Ծնունդից հետո հասարակությունը բաժին-բաժին կտեղեկացվի միասնական ընդդիմության գրաֆիկին»,- ասում է Ա. Սարգսյանը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահի համոզմամբ, իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում վերաձեւումներն արդեն իսկ սկսվել են, եւ այժմ շատ հետաքրքիր բանակցային գործընթացներ են տեղի ունենում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ: Բացի այդ, ինչպես նշեց Ա. Սարգսյանը, «հետաքրքիր» երկխոսության մեջ են նաեւ որոշ ընդդիմադիր եւ իշխանամետ կուսակցություններ: ԼՂՀ հիմնահարցը եւ գազի գնի սպասվող թանկացումը, ըստ Ա. Սարգսյանի, շատ լուրջ խնդիրներ են, որոնց ընդդիմությունն անպայման կանդրադառնա տոներից հետո: Ա. Սարգսյանը հավաստիացնում է, որ գազի գինը ոչ թե 56 դոլարից դառնում է 110 դոլար, այլ` 210: «Եթե 110 ԱՄՆ դոլարի վրա ավելացնենք «Տրանսգազի» ծառությունները, որի միջոցով գազը հասցվում է սպառողին, ԱԱՀ-ն եւ «Հայգազարդի» եւ «Տրանսգազի» շահույթը, ապա կտեսնենք, որ այն կազմում է 210 դոլար,- ասում է Ա. Սարգսյանը։- Իսկ ՀՀ արդյունաբերությունն ուղղակի պատրաստ չէ այս վիճակին դիմակայելու: Այդ իշխանավորը կամ օլիգարխը որքան էլ իշխանամետ լինի, չի կարող այդ գներով աշխատել: Հետեւաբար, կթանկանան նաեւ որոշ ապրանքատեսակներ: Քանի որ մեր արդյունաբերությունն ավտոմատացված չէ, նոր տեխնոլոգիաներ չեն գործում, մենք շատ ոլորտներում կդառնանք անմրցակցունակ: Այնպես որ` ես իսկապես համարում եմ, որ հեղափոխական գործընթացը սկսված է եւ դրա գույների եւ նրբերանգների ավելացումն էլ ավելի է մգանալու այս շրջանում»:
Հարցին, թե ՀԺԿ-ն միանալո՞ւ է այս նրբերանգների «մգացման»` հանրահավաքների գործընթացին, թե՞ ոչ, քանի որ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ իրենք դադարեցնում են իրենց մասնակցությունը հանրահավաքներին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Չգիտեմ, ճիշտը կլինի այդ հարցն իրենց ուղղել: Հունվարի 27-ի հանրահավաքի մասին որոշում կայացվել է «18+8»-ի նիստում, եւ ֆորմատի ուժերը միակարծիք էին, որ պետք է այդ մասին հայտարարվի վերջին հանրահավաքում: Դա թե՛ ինքներս մեզ նախապատրաստական աշխատանքների պարտավորեցնելու համար էր, թե՛ հասարակությանը ապացուցելու համար էր, որ մենք հանրաքվեի գործընթացը չմոռացանք ու այդ էջը չփակեցինք: Դժբախտաբար, այդ նիստին ՀԺԿ-ն չէր մասնակցում, սակայն մինչ այդ իրենք հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանրահավաքներին: Իրենք տեղյակ են այդ հանրահավաքի մասին, ներկայացուցիչ ունեին, բայց իրենց որոշումը հիմք ընդունելով` նա չմասնակցեց քննարկումներին,- ասում է Ա. Սարգսյանը` ավելացնելով,- կմասնակցեն, թե ոչ` ժասսմանակը ցույց կտա, բայց եթե փոխեն իրենց որոշումն ու ցանկանան մասնակցել, ապա դրա համար ժամանակ կա, ու իրենք ունեն այդ հնարավորությունը»: ՀԺԿ-ականների դժգոհություններին ի պատասխան, թե իրենց հետ նախապես որեւէ գործողություն չի համաձայնեցվում, եւ այդ ամենի, ինչպես նաեւ` հանրահավաքների օրերի մասին իմանում են հանրահավաքների ժամանակ, Ա. Սարգսյանն ասաց. «ՀԺԿ-ն չի մասնակցում իր հետ չհամաձայնեցված որեւէ գործընթացի: Կարծում եմ, դա այդպես է ցանկացած կուսակցությունում: Տրամաբանորեն, եթե իրենք նախապես տեղյակ չեն եղել հանրահավաքից, ուրեմն չպիտի մասնակցեին դրան: Այդ դեպքում անհասկանալի է` ինչպե՞ս էին նրանք հայտնվում հարթակի վրա, եթե տեղյակ չէին: Չի եղել որեւէ հանրահավաք, որի մասին նախապես «18+8»-ի ֆորմատում քննարկված չլինի եւ ընդհանուր որոշում ընդունված չլինի: Բոլոր հանրահավաքների նույնիսկ տեղը, ժամն ու դրանից հետո կատարվելիք գործողությունները քննարկվել են: Ի դեպ, քննարկվել է նաեւ, թե որ կուսակցությունն իր վրա ինչպիսի պարտավորություններ է վերցնում: Դրանց մասնակցել եւ շարունակում է մասնակցել նաեւ ՀԺԿ-ն, իհարկե, ոչ նախագահի դեմքով: Նրանք միշտ ներկա մարդ ունենում են այդ նիստերին, եւ ասել, թե նրանք տեղյակ չեն լինում ընդդիմության գործողություններին, չի կարելի: Նման բան չկա»:
«Հանրապետության» նախագահից հետաքրքրվեցինք` իրենք արդյոք համագործակցելո՞ւ են քաղաքական դաշտում ի հայտ եկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, թե՞ նրանց էլ են ընդդիմադիր լինելու: «Իմ խորին համոզմամբ, ցանկացած կուսակցություն հետապնդում է ճիշտ նույն նպատակները, ինչ «Բարգավաճ Հայաստանը»: Բայց չեմ ուզում խոսել այն բաների մասին, որոնք դեռ չեն կայացել եւ իրենց տեսակետները համագումարով հստակ չեն արտահայտել: Երբ կկայանա այդ կուսակցությունը, կերեւա, թե ովքեր են դրա ղեկավար անձինք, ինչ մարդիկ են այնտեղ հավաքված, ըստ դրա` կարտահայտեմ իմ մոտեցումները: Ինչ վերաբերում է նախաձեռնող խմբին, ապա նրանք հստակ իշխանությունների հետ համագործակցող ուժեր են, եւ ավելի շատ հակված եմ մտածելու, որ այն կլինի իշխանական թեւի կուսակցություն: Չգիտեմ նաեւ` նրանք ա՞ջ, թե՞ ձախ թեւի կլինեն: Միայն բացառում եմ կոմունիստական ուղղվածությունը: Ժամանակը կգա, իրենց մոտեցումները կհայտնեն, քաղխորհրդի կազմը կերեւա եւ, ըստ դրա եւ համագումարի հռչակագրի, տեսակետ կարտահայտեմ,- վստահեցրեց նա։ -Այսօրվա քաղաքական դաշտում այս երկրում հասել ենք այնպիսի իրավիճակի, երբ որեւէ մեկը ռեալ ուժ չէ: Դա խոսքերով չի լինում: Քաղաքական դաշտը մեր երկրի հարստություններից է, բայց, ցավոք, դա նույն վիճակում է, ինչ մեր տնտեսությունն ու վարկանիշն է այլ երկրների մոտ: Այս համատարած չկայացվածության մեջ որեւէ կայացած բան ունենալը դժվար է: Եթե որեւէ բան կայացնես, որը դառնա լոկոմոտիվ, կարող է քաշել ամեն ինչ: Չեմ կարծում, թե որեւէ կուսակցություն կարող է դառնալ լոկոմոտիվ: Ընդհանրապես երկրի աշխարհաքաղաքական տեղի կողմնորոշման խնդիր կա: Այս գաղափարների մոտեցման խնդիրն է, որ որոշակի ուղղությունների դեպքում կարող է լոկոմոտիվ դառնալ ու երկիրն այս վիճակից դուրս բերել»: «Բարգավաճ Հայաստանի» մասին Ա. Սարգսյանը չի շտապում գնահատականներ տալ մամուլում հրապարակված անուններից ելնելով, ըստ որի` այդ կուսակցությանն ակտիվորեն անդամակցելու են «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը եւ այլք: «Մամուլում վերլուծական տեսակետներ են արտահայտվել, թե ինչքանով Վ. Դալլաքյանն ու Է. Խուդաբաշյանը կդառնան այդ կուսակցության անդամներ: Մինչեւ քաղխորհրդի կազմը չհրապարակվի, չեմ կարող ասել, թե այն ինչ քաշ, դեր ու տեղ կունենա: Կշահի՞ արդյոք դրանից Վ. Դալլաքյանը, թե՞ ոչ, կերեւա այդ կուսակցության ծրագրերից ու նրա ունեցած ազդեցությունից: Նրանք պետք է ասեն, թե որ բեւեռում են, իր տեսակետները պետք է արտահայտի ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ: Ես հիմա ընդամենը կարող եմ ողջունել ցանկացած կուսակցության մուտքը, որովհետեւ Հայաստանում վարկաբեկել են քաղաքականությամբ զբաղվելն ու քաղաքականությամբ զբաղվող մարդուն: Եթե կան մարդիկ, ովքեր մտնում են քաղաքական դաշտ ու լուրջ նկրտումներ ունեն` ողջունում եմ: Իսկ թե ինչպիսին կլինի այն` իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր, ժամանակը ցույց կտա: Ընդ որում` ըստ ժամանակի այդ կուսակցությունը կարող է լինել խիստ ընդդիմադիր եւ խիստ իշխանամետ»,- նկատեց Արամ Սարգսյանը: