Գալիս են նոր «ղալմաղալներ»

31/12/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ռուսական գազը թանկացավ նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի համար: Սակայն եթե այդ երկրներին մատակարարվող ռուսական գազի գների շեշտակի բարձրացումը բացատրվում է Ռուսաստանի նկատմամբ այդ երկրների ըմբոստ կեցվածքով, ապա հստակ պատասխան չկա այն հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ-ն նույն կերպ վարվում իր խեղճ ֆորպոստի հետ: Պարզվում է՝ Ռուսաստանը նման քայլի է դիմել` ՀՀ հանդեպ եղբայրական սիրուց դրդված: Նման եզրակացության կարելի է հանգել գազի թանկացման մասին «Հայաստանի քրիտոնեա-դեմոկրատական միության» (ՀՔԴՄ) ղեկավար Խոսրով Հարությունյանի կարծիքին ծանոթանալով: Պրն Հարությունյանն այս թեմայով իր կարծիքն արտահայտեց երեկ, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ «Կոնգրես» հյուրանոցում ամփոփում էր անցնող տարին եւ գալիք տարվա մասին իր կանխատեսումներն էր անում: Ըստ այդմ, Հարությունյանն այն համոզմանն է, որ Ուկրաինայի եւ Վրաստանի համար Ռուսաստանը քաղաքական նպատակներով թանկացրեց գազի գինը: «Եթե Ռուսաստանը շարունակեր մեզ գազ մատակարարել 56 դոլարով, վրացիները մեր գազը գողանալու բազմաթիվ ձեւեր կգտնեին, որովհետեւ դա իրենց ձեռնտու կլիներ, եւ բազմաթիվ պրոբլեմներ կառաջանային»,- բացատրում է նա: Դե, երեւի մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն էլ, զգալով վրացիների նենգ մտադրությունները, մեզ բազմաթիվ պրոբլեմներից ազատելու ազնիվ մղումով, որոշել է թանկացնել գազը, իսկ մենք` ապերախտներս, դեռ մի բան էլ փորձում ենք դրանից սրտնեղել: Գազի մասով Խ. Հարությունյանի հետ, կարելի է ասել, որ համաձայն էր նաեւ Գ. Սահակյանը: «Գազի խողովակն անցնում է Վրաստանով: Երբ գազի գինը Ռուսաստանը նույնը թողներ, տուրքերն ավելի դաժան կլինեին»,- կարծում է նա: Ինչեւէ, գազի գնի թանկացման թեմայից բացի, բանախոսներն անդրադարձան նաեւ 2005-ին իրենց գնահատմամբ տեղի ունեցած կարեւոր իրադարձություններին եւ փորձեցին կանխատեսել, թե ինչ է մեզ սպասվում 2006-ին: Խ. Հարությունյանն էլ կարծում է, որ 2005-ը ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում պետք է հաջողությունների տարի համարել: «ՆԱՏՕ-ի հետ անհատական գործունեության ծրագիր ստորագրվեց, ավարտվեց «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի մշակման առաջին փուլը, Լեռնային Ղարաբաղի հարցում դրական նախապատրաստումների տարի էր»,- ասում է նա: Անդրադառնալով հեղափոխությանը` ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ հեղափոխությունները չեն որոշում, հեղափոխությունները ծնվում են: Բանախոսների կարծիքով` ընթացիկ տարվա քաղաքական ամենակարեւոր իրադարձությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: Գ. Սահակյանի խոսքերով` եթե հանրաքվեն ինչ-որ չափով իրողություն չէ, կամ կեղծիքներ շատ են եղել, ապա դրա մեղավորությունը պետք է տեսնել քաղաքական դաշտի անկատարության մեջ: «Այո՛, չարաշահումներ եղել են, բայց եթե դրանք այնպիսին լինեին, որ արդյունքների վրա էական ազդեցություն թողնեին, կարծում եմ, որ նաեւ փաստեր կլինեին»,- շարունակում է նա: Իսկ գլխավոր դատախազին հասցեագրված ԱԺ նախագահի նամակի մասով էլ Սահակյանը կարծիք հայտնեց, թե այն «վերլուծված էր` առանց որեւէ փաստարկների», եւ այդ հարցում դատախազի կեցվածքը ճիշտ էր: Խ. Հարությունյանի խոսքերով էլ` հանրաքվեն կորցրած հնարավորությունների փաստ էր: «Ինչքան ուռճացված էին հանրաքվեի մասնակիցների պաշտոնական թվերը, նույնքան էլ ընդդիմության հրապարակած թվերը, թե իբր 300 հազար մարդ է մասնակցել: Սակայն հրապարակված տվյալները հանրային կամքի արտահայտությանը համընկնում են: Կեղծիքներ եղել են, բայց այնքան չեն եղել, որ ազդեին արդյունքների վրա»,- համոզված է ՀՔԴՄ ղեկավարը: Անդրադառնալով կանխատեսումներին` Գ. Սահակյանը նշեց, թե առաջիկայում հնարավոր քաղաքական զարգացումների տերը դառնալու գործոն կհանդիսանան իշխանությունները, իշխանական կուսակցությունները: «2006-ն իշխանական համակարգում վերագրումների տարի կլինի»,- համոզված է պրն Սահակյանը: «Մեզ սպասում են հերթական հիասթափություններ»,- սա էլ Խ. Հարությունյանի կանխատեսումն է: Բանախոսներն այն համոզմանն էին, որ հայաստանյան քաղաքական դաշտն այսօր երկու ոտքի վրա կաղում է, հիվանդ է: «Թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կուսակցությունների հիմնական սկզբունքը լինելու է` գնալ դեպի իշխանություն: Գնանք, հետո կտեսնենք, թե ինչ է լինելու,- ասում է Գ. Սահակյանն ու հավելում,- քաղաքական դաշտն անկատար է: Չկարողացանք համալիր գործառույթների միջոցով ուժեղացնել քաղաքական դաշտը»: Նրա կանխատեսմամբ` քաղաքական դաշտի սնանկության պատճառով՝ մինչեւ 2007-ի ընտրությունները բազմաթիվ կուսակցություններ են ստեղծվելու: Ըստ նրա, 2006-ին հարվածների տարափ կլինի իշխանությունների դաշտում: Այն, որ 2006-ը լուրջ վերադասավորումների տարի է լինելու, ընդունում է նաեւ ՀՔԴՄ ղեկավարը: Նրա կանխատեսմամբ` այդ վերադասավորումները կոալիցիայի համար ավելի ցավալի կլինեն, քան ընդդիմության: «2007-ի ընտրությունների ժամանակ ընդդիմության հիմնական լոկոմոտիվը կարող է լինել կոալիցիոն կուսակցություններից մեկը»,- կարծում է նա ու ավելացնում, թե ընդդիմադիր դաշտը գրավելու համար շատ ավելի լուրջ պայքար է գնալու: «Չեմ կարծում, որ Ա. Գեղամյանը թողնի, որ որեւէ մեկը զբաղեցնի ընդդիմադիր դաշտը, ինչպես «Արդարությանը» դուրս մղեց»,- Խ. Հարությունյանի այդ դիտարկման հետ իր անհամաձայնությունը հայտնեց Գ. Սահակյանը: Անդրադարձ եղավ նաեւ ԱԺ դերին: Ինչո՞ւ թուլացավ խորհրդարանը: Իր առաջադրած այս հարցին Գ. Սահակյանն ինքն էլ պատասխանեց. «Որովհետեւ ընդդիմությունը բոյկոտեց, չեկավ: Դրանով իր կատարած գործառույթներով ինքը թուլացավ, եւ հիմա ցեցն իշխանական դաշտում է գցված»: Իսկ Խ. Հարությունյանի կարծիքով էլ` ընդդիմությունը քաղաքական հարցերը ստորադասում է քաղաքական «մուտիլովշչինային»: «Քաղաքական մուտիլովկան քաղաքական հիմնավորում չէ»,- նշում է նա: Անդրադառնալով կոալիցիայի դերին` կոալիցիայի ներկայացուցիչ Գ. Սահակյանը կարծիք հայտնեց, թե կոալիցիան սովորական դաշինք է, որը դրականորեն իր միսիան կատարել է: Իսկ Խ. Հարությունյանն էլ հարկ համարեց անդրադառնալ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու խնդրին: «Ոչ ոք Վրաստանին չի ասում` սիրելիս, դա մեզ դեմ է: Մի՛ արեք այդ բանը»,- սրտնեղում էր պրն Հարությունյանը, ինչին Գ. Սահակյանը հետեւյալ կերպ հակադարձեց. «Ասվում է, բայց նա էլ ասում է` սպասեք, գնամ հարցնեմ, գամ»: