Ընդհանրապես, Նոր տարվա շեմին ընդունված է ամփոփել անցնող քաղաքական տարին եւ գնահատականներ տալ կարեւորագույն իրադարձություններին։ Ու թեեւ այս առումով անցնող տարին բավականին հարուստ էր իրադարձություններով, այնուհանդերձ, պետք է արձանագրել, որ պետության համար վճռորոշ նշանակություն ունեցող իրադարձություններ տեղի չունեցան։
2005-ին երկու «զանգվածային միջոցառումներ» կազմակերպվեցին. Միասնության շուրջպարն ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Ընդ որում, այս երկու միջոցառումներն էլ ըստ էության նույն նպատակն ունեին եւ կազմակերպվեցին նույն մեխանիզմներով։ Երկուսի նպատակն էլ նույնն էր` ցույց տալ, թե որքան միասնական է մեր ժողովուրդը, որքան է վստահում իշխանություններին, որքան երջանիկ է, որ ապրում է ազատ-անկախ Հայաստանում… Ավելին` այս միջոցառումները չափազանց նման էին իրար նաեւ այն առումով, որ երկուսի լեգիտիմությունն էլ կասկածներ հարուցեց. շուրջպարը Գինեսի գրքում չհայտնվեց, իսկ հանրաքվեի վերաբերյալ միջազգային կազմակերպությունները բավականին կոշտ գնահատականներ տվեցին։ Այսպես թե այնպես, երկրի կյանքում ոչինչ չփոխվեց։ Ոչ ժողովուրդն ավելի միասնական դարձավ, ոչ իշխանությունները սկսեցին ավելի շատ հարգել Սահմանադրությունը։
Ավելին` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մի բավականին բացասական հետեւանք ունեցավ։ Պարզ դարձավ, որ նման «զանգվածային միջոցառումներին» ժողովրդի մասնակցությունն ընդհանրապես պարտադիր չէ։ Ընդ որում, ակնհայտ է, որ այս «հայտնագործությունը» լայնորեն կկիրառվի արդեն 2007-ին` խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Անցնող տարին բացահայտեց նաեւ, որ գործող ընդդիմությունն ի վիճակի չէ տեր կանգնել ժողովրդի ձայներին եւ եթե ոչ իշխանափոխություն, ապա գոնե փոքրիշատե ծանրակշիռ հանրահավաքներ կազմակերպել։ Ավելին` պարզվեց, որ ընդդիմության լիդերներից շատերը պատրաստ են առաջին իսկ հնարավորության դեպքում սահուն անցում կատարել դեպի «կառուցողական ընդդիմություն» եւ փորձել այդ ճանապարհով մնալ քաղաքական ասպարեզում։ Սա, ի դեպ, դրական էր` այն առումով, որ «ժողովուրդը պիտի ճանաչի իր հերոսներին»։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման ասպարեզում նույնպես որեւէ էական առաջընթաց չարձանագրվեց։ Փոխարենը` շատ խոսվեց նման առաջընթացի հնարավորության մասին։ Կարգավորման ինչ-որ վիրտուալ ծրագրեր, իհարկե, շրջանառության մեջ դրվեցին` իբր հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ազատագրված տարածքներից, այնտեղ պիտի միջազգային խաղաղարար ուժեր տեղաբաշխվեն, իսկ հետագայում Ղարաբաղում պետք է հանրաքվե անցկացվի` ԼՂՀ կարգավիճակի հարցով, բայց այս ծրագիրը Հայաստանում առանձնապես մեծ էմոցիաներ չառաջացրեց։ Ընդ որում, պատճառը ոչ թե ծրագրի ընդունելի կամ անընդունելի լինելն էր, այլ այն, որ ի սկզբանե ակնհայտ էր` Հայաստանի իշխանությունները ոչ մի պարագայում նման փաստաթուղթ չեն ստորագրի։
Երկրի տնտեսական կյանքում երկու կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան։ Առաջինը Ռուսաստանից մատակարարվող գազի գնի կտրուկ բարձրացումն էր, երկրորդը` 2006թ. բյուջեում դոլարի հաշվարկային փոխարժեքը 420 դրամ սահմանելը։ Ընդ որում, այս երկու իրադարձություններն էլ առաջին հերթին հարվածելու են տեղական արտադրողին, եւ հազիվ թե 2006-ին «կովկասյան վագրի» թռիչքը շատ տպավորիչ լինի։ Փոխարենը` «Հազարամյակի մարտահրավերներով» մեզ ավելի շատ գումար խոստացան, քան ակնկալում էինք։
Այսքանից հետո` 2005-ը լա՞վ տարի էր, թե՞ վատ։ Երկրի միջազգային հեղինակությունը նվազեց (առաջին հերթին` հանրաքվեի պատճառով), միջազգային մեկուսացման վտանգն ավելի մեծացավ (Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման նախագծի հաստատման արդյունքում), տնտեսական աճը բնակչության կենսամակարդակի վրա առանձնապես չանդրադարձավ, կոռուպցիայի ծավալները մեծացան (միջազգային գնահատականների համաձայն), պառակտման շեմին են եւ՛ «միասնական ընդդիմությունը», եւ՛ կոալիցիան…
Եվ, այնուամենայնիվ, 2005-ը մի կարեւոր դրական արդյունք ունեցավ։ Այն է` ոչ մի չափազանց վատ բան տեղի չունեցավ։ Իսկ սա արդեն մե՛ծ նվաճում է։ Կարող էր եւ ավելի վատ լինել։