2005 թվականին Երեւանի քաղաքապետը 100 տոկոսով է իրականացրել իր առաքելությունը: Երեկ այս մասին քաղաքապետարանի ծրագրերի կատարման մասին տարվա ամփոփիչ ասուլիսում քաղաքապետն անձամբ հայտարարեց՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերի կատարման առումով ոչ մի թերացում չի եղել: Նույն վճռականությամբ պատրաստվում է աշխատել նաեւ 2006-ին:
Ընթացիկ տարում Երեւանի քաղաքապետարան հասցեագրվել է 14.638 դիմում-բողոք, որոնցից միայն 132-ն են անպատասխան մնացել: «Քաղաքացիների դիմումների 99 տոկոսին դրական կամ բացասական՝ համապատասխան պատասխան մենք տվել ենք, սա աննախադեպ երեւույթ է քաղաքապետարանի աշխատանքների մեջ»,- գտնում է քաղաքապետը: «Կաշխատենք, որ 2006-ին դժգոհող քաղաքացիներ չլինեն, ընդհուպ՝ կաշխատենք բացառել»,- հավաստիացրեց Ե. Զախարյանը:
Առաջիկա տոները չեն խանգարի քաղաքապետարանին՝ նույն տեմպերով ավարտելու տարվա կիսատ մնացած գործերը: Մասնավորապես՝ պետության կարիքների համար Բուզանդի փողոցից վտարվողները հույս չունենան, թե իրենց վտարումը կարող է տեղափոխվել տոներից հետո: «Քաղաքապետարանը երբեք իր ծրագրերից ետ չի կանգնի՝ կլինեն տոնական, թե ոչ տոնական օրեր»,- քաղաքապետն իր այս վճռականությունը բացատրեց իրացման գոտիների եւ այդ տարածքների բնակիչների վերաբերյալ գոյություն ունեցող օրենքներով ու կառավարության որոշումներով, եւ բացառեց քաղաքապետարանի կողմից որեւէ կողմնապահություն՝ իրացման տարբեր գոտիների բնակիչների վերաբերյալ: 2006 թվականին պետական կարիքների համար իրացվող տարածքներից Կոնդի խնդրին անդրադառնալով, քաղաքապետը խորհուրդ տվեց կոնդեցիների խնդիրները չշփոթել իրացման այլ գոտիների բնակիչների խնդիրների հետ: «Կոնդում 416 ընտանիքներ, որոնք անկախ իրենց կամքից հայտնվել էին անորոշ վիճակում, արդեն ստացել են սեփականության վկայականները, եկեք նրանց չշփոթենք քաղաքի այլ իրացման գոտիների բնակիչների հետ, որոնք հիմնականում իրենց մեղքով է, որ ժամանակին իրենց սեփականությունները չեն գրանցել եւ այսօր պրոբլեմի առաջ են հայտնվել, պետությունն այստեղ մեղք չունի»,- ահա այսպիսի թեթեւությամբ քաղաքապետը ապահովագրեց իր ղեկավարած կառույցը պետության կարիքների համար փողոցում հայտնված քաղաքացիների բողոքներից՝ հընթացս շնորհավորելով նաեւ նրանց գալիք տոների առիթով: «Թող ձեր բոլոր ցանկություններն իրագործվեն: Իհարկե, դժվար է մեկ տարում բոլոր ցանկություններն իրագործել, սակայն ցանկանում եմ, որ դրանց գերակշիռ մասն իրագործվի: Երեւանցիների դեմքին միշտ թող ժպիտ լինի, եւ՝ ուրախանալու տրամադրություն: Ցանկանում եմ բոլոր ընտանիքներին ամենայն բարիք եւ հաջողություն, թող 2006 թվականը լրացուցիչ հոգսեր չպատճառի»,- ցանկացավ քաղաքապետը: Սակայն Երեւանի գոնե Սարի թաղ կամ Ֆիրդուսնոց կոչվող հատվածների բնակիչների համար 2006-ը, այնուամենայնիվ, լրացուցիչ հոգսերի տարի կլինի: Այստեղ գերակշռում են ինքնակամ կառույցները, եւ բնականաբար խորհրդային տարիներից ի վեր այստեղ բնակվողների փաստաթղթերը եւս անմխիթար վիճակում են: «Մենք բարդ խնդիրներ ունենք Սարի թաղում, քաղաքային իշխանությունները պարտավոր են այդ հարցերին անդրադառնալ եւ լուծում գտնել: Իսկ հարցերը շատ են, բազմաբնույթ, այս տարածքներում եւս բնակիչները տասնյակ տարիներ անորոշ վիճակում են գտնվել, եւ ժամանակ է պետք յուրաքանչյուր հարցի ուսումնասիրման եւ լուծման համար»,- նկատեց քաղաքապետը: Քաղաքապետի այս բարեհոգության ֆոնի վրա անհասկանալի է մնում՝ պետության կարիքների համար փողոցում հայտնված Հյուսիսային կամ Գլխավոր պողոտաների բնակիչների խնդիրներն ինչո՞վ են տարբերվում Սարի թաղի կամ Կոնդի բնակիչների խնդիրներից: Բոլոր դեպքերում խոսքը գնում է նրանց գրանցման կամ սեփականության վերաբերյալ փաստաթղթերի եւ իրականության անհամապատասխանության մասին: Ուստի քաղաքապետի այն հայտարարությունը, թե կաշխատենք, որ 2006-ին ոչ մի դժգոհ երեւանցի չլինի, տարակուսելու տեղիք է տալիս: Փաստորեն, կամ քաղաքապետարանը հնարավորություն ունի պետության կարիքների համար վերցվող տարածքների համար բնակիչներին ձեռնտու փոխհատուցման տարբերակ առաջարկել, սակայն չի առաջարկում, կամ՝ իրեն հայտնի պատճառներով իսկապես խտրականություն է դնում իրացվող տարածքների միջեւ: