Տնտեսական թեմաներով գրող լրագրողի համար ամենադժվարը, թերեւս, տարվա վերջին հոդվածը գրելն է։ Վերջին` նշանակում է ամփոփիչ։ Տնտեսական տարին սակայն պաշտոնապես ամփոփվում է շատ ավելի ուշ։ Ազգային վիճակագրական ծառայությունը տարին կամփոփի առնվազն երկու ամիս հետո։ Իսկ կառավարությունը օրենքով պարտավորված է բյուջեի կատարողականը խորհրդարանին ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը։ Կառավարությունը միշտ էլ «հարգել է» այս օրենքը եւ տարեկան հաշվետվությունն ամփոփել աշխատավորների միջազգային օրվա նախաշեմին։ Կենտրոնական բանկը` նույնպես։ Ուշացած հաշվետվություններից զատ մեկ պատճառ եւս կա։ Թերթի նախաամանորյա համարում ընթերցողը սովորաբար նախընտրում է կարդալ ուրախ, թեթեւ ու երգիծական նյութեր։ Ես համաձայն եմ, որ Հայաստանի տնտեսության մասին գրված ցանկացած հոդված կարելի է համարել երգիծական նյութ։ Բայց ոչ մի կերպ չեմ համաձայնի, որ դրանք ուրախ նյութեր են։ Ամենեւին էլ չեմ պնդի, որ մեր երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցող ամեն ինչ թեթեւ ու անհետեւանք է անցնում։ Իսկապես, ինչպե՞ս կարող է անհետեւանք անցնել, օրինակ, ազգային դրամի արժեւորումը մի երկրում, ուր բնակչության հիմնական դրամական եկամուտները տարադրամով են։ Խոսքը, բնականաբար, արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց եկամուտների եւ Սփյուռքից ազգականներին ուղարկվող տրանսֆեր – օգնությունների մասին է։ Փորձագիտական տվյալներով` այդ գումարներն առնվազն երկու անգամ գերազանցում են երկրի բյուջեն։ Փոխարենը կարող եմ վստահեցնել, որ առաջիկա ամիսներին ուրախ ու երգիծական նյութերի պակաս չենք զգա։ Ճիշտ այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Երբ, օրինակ, ԿԲ-ն սկսեց բացատրել, թե ինչու չկարողացավ կատարել իր օրենսդրական պարտավորությունները` սղաճը (գների աճը) պահել նախատեսված ծավալում։ Հիշո՞ւմ եք, որքան զվարճացանք, երբ ԿԲ-ն սկսեց բացատրել, որ ինքը գները պահել է, իսկ նախատեսվածից ավելի գներն աճել են հացի թանկացման պատճառով։ Մնում է միայն ափսոսալ, որ այդ գողտրիկ պատմությունները մեր տնտեսության ղեկավարներն Ամանորյա հեռուստաեթերում չեն հնչեցնում։ Իսկ ընդհանուր առմամբ տնտեսական տարին ոչնչով չէր տարբերվում նախորդներից։ Այսինքն, այս տարին էլ անցավ տնտեսական հրաշքի սպասումով։ Հրաշք, որ այդպես էլ տեղի չի ունենում։ Քիչ թե շատ արդարացան «Լինսի» հիմնադրամի հետ կապված սպասումները։ Այս անգամ, տարեվերջին արդեն ոչ թե մեր հայրենակից Քըրք Քըրքորյանի անունից, այլ բացահայտ, ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ ֆինանսավորելու է մեր հայրենի ճանապարհաշինությունը։ Այդ ու մի քանի այլ նպատակների համար 5 տարվա ընթացքում 230 մլն դոլար են նվեր տալու։ Դա մի փոքր մեղմացրեց այն բացասական տրամադրությունը, որ համակել էր բոլորիս Ամանորի շեմին։ Պարզվեց, ռուսները մի 100 մլն դոլարով կթանկացնեն գազը, ամերիկացիները մի 230 մլն դոլար գրանտ կտան, իսկ մենք կհաջողացնենք արանքում կոմպլեմենտար խաղեր տալ։ Իրական տնտեսական առաջընթացի հեռանկարն էլի չուրվագծվեց։ Հատկապես, որ գազի հնարավոր թանկացումն էական բացասական ազդեցություն չի թողնի։ Համենայն դեպս, հենց սա են փորձում մեզ ապացուցել հայրենի օլիգարխներից ոմանք, ինչպես նաեւ` Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը։ Եվ իսկապես էլ արտադրական լուրջ համակարգ չունեցող երկրի վրա գների աճը մեծ ազդեցություն չի թողնի։ Որքան էլ պաշտոնական վիճակագրությունն իր հաշվետվություններում արտադրական համակարգ նկարի։ Անցած տնտեսական տարի խոշորագույն իրադարձություն կարող էր լինել Ռուսալ-Արմենալ-Կանազի վերաբացումը։ Ռուսաստանից մեծ պատվիրակություն էր ժամանել, պետական հեռուստաընկերությունը լայնածավալ ռեպորտաժ հեռարձակեց։ Հետո պարզվեց, որ ձեռնարկությունը դեռ չի վերաբացվել, նախագծված վեց հոսքագծերից միայն մեկն է գործում։ Սա էլ նորույթ չէր։ Չգործող ձեռնարկության եռակի «վերաբացման» օրինակ նախկին տարիներից ունենք (Վանաձորի Քիմռեակտիվը, Գյումրիի շաքարի գործարանը եւ այլն)։ Տնտեսական տարին փաստորեն ոչնչով աչքի չընկավ` ոչ աղմկոտ սեփականաշնորհումներով, ոչ էական առաջընթացով։ Փոխարենը պարզվեց, որ մեր երկրի տարածքում գործող ընկերությունների վրա մենք որեւէ իշխանություն չունենք։ Իշխանությունները մի քանի ամիս առաջ մի փոքր ցնցվեցին, հիստերիկ կնոջ նման մի փոքր ուշաթափվեցին, երբ պարզեցին, որ առանց իրենց մասնակցության փոխվել է էլեկտրահամակարգի սեփականատերը։ Հետո, երբ պարզվեց, որ չեն էլ կարող պարզել` սեփականատերը փոխվե՞լ է, թե՞ փոխվելու է, ուշքի եկան։ Ուշքի եկան ու Երեւանի «Ջրմուղի» կառավարման մրցույթն ավարտեցին ֆրանսիական մի ընկերության հաղթող ճանաչելով։ Արեւմուտքից քիչ թե շատ լուրջ գործընկեր Հայաստան հրավիրելը երեւի դժվարացել է, որովհետեւ ֆրանսիացիներին նախօրոք խոստացան եկող տարվա մայիսից թանկացնել ջրի սակագինը։
Իսկ այն, որ անցնող տնտեսական տարին ոչնչով աչքի չընկավ, հոգ չէ։ Պետական վիճակագրությունը որեւէ հնարք կգտնի տնտեսական աճ ի ցույց դնելու համար։ Ափսոս, որ դա կլինի եկող տարվա առաջին եռամսյակի վերջին ու մենք կկորցնենք այդ առիթով հենց Ամանորին ուրախանալու առիթը։