«Էլ նեղությանը դիմանիլ չիմ».

31/12/2005 Արփի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «ԱրմենիաՆաու»

19 տարի առաջ կնքված միությունն Անդրանիկին ու Զոյային կանգնեցրեց միեւնույն մասնագիտության առաջ. նրանք աղբահավաքներ են: Առավոտ ծեգին արթնանալով` Զոյան սկսում է ավլել փողոցները, իսկ Անդրանիկն աղբատար մեքենայով հավաքում է քաղաքի աղբը` հուսալով, որ գոնե այդ ամիս աշխատավարձ կստանան ու չեն ուշացնի երեք որդիների օրվա ճաշը` մակարոնն ու կարտոֆիլը:

Բայց աշխատավարձը հազվադեպ են ժամանակին տալիս, երբեմն էլ` ընդհանրապես չեն տալիս: «Էրեխանց էն տարիքն ա, որ մինչեւ գիշեր ուտիլու պահանջ զգալ տին: Բայց, դե որ ուշացնում են մեր աշխատավարձը, նեղվիլ տինք: Ինձ դես ու դեն քցել տիմ, որ էրեխեքը սոված չմնան, մի փլավ էլ ա ուտին: Դե, հարազատներ չունինք, որ օգնեն: Չնայած օգնելու դարն արդեն անցիլ ա»,- ասում է 43-ամյա Անդրանիկ Սարգսյանը:

38-ամյա Զոյայի դեմքի խորշոմները մի պահ շփոթեցնում են` տարիների հետեւում թաքցնելով իսկական տարիքը: Իսկ 43-ամյա Անդրանիկի հայացքում դրոշմված է ընտանիքի` տասնամյակի պատմություն ունեցող գերխնդիրը` սեփական օթեւան չունենալը: 13 տարի առաջ տան հայրը, վերցնելով ընդամենը մի քանի իր, զավակների ու կնոջ հետ Նավուր գյուղից տեղափոխվում է շրջկենտրոն Բերդ քաղաք (երկու բնակավայրերն էլ Տավուշի մարզում են), քանի որ խորթ մոր ու իր ընտանիքի անհաշտությունը լցրել էր համբերության բաժակը: Բերդում Անդրանիկը 7 անգամ տուն է փոխել` բնակվելով վարձով կամ էլ ժամանակավոր դատարկ խարխուլ տներում: Ու հիմա Սարգսյաններն ապրում են քաղաքի կիսաքանդ հյուրանոցի կիսանկուղային մի սենյակում, որտեղ ոչ լվացարան կա, ոչ զուգարան, ոչ բաղնիք: Խոնավ ու մութ պատերի ներսում 4 մահճակալ է, մի սեղան ու հին կոմոդի վրա դրված մշտապես խշշացող սեւ-սպիտակ հեռուստացույց:

«Էս տունը վարձով չի, բայց ստի ալ հեսա հյուրանոցի տերը հանիլ տի մեզ: Դե, պտի մի տուն ճարենք, էլի, թե չէ դրսում մնալ տինք: Էս բետոնի վրա էլ չնայած դիմանալու չի,- սառած աչքերով ասում է Զոյան: -Ձմեռը շատ ցուրտ ա, 5 կուբ փետը հերիք չի անում: Էս ցրտին աղիքներս հիվանդացել են: Էնքան թուլացիլ իմ, որ բաժակը վեր եմ ունում, քիչ ա մնում ցած ընկնի, ջանս թուլացիլ ա. երեւի մտածմունքն էլ ա ազդում, էլի: Էլ նեղությանը դիմանիլ չիմ»:

Ինչպես Անդրանիկն է պատմում, աշխատանքից հետո 18-ամյա որդու` Կարենի հետ հաճախ ընկնում են փողոցները, տեսնեն` ում համար է պետք փայտ կոտրել, որ մի քիչ փող աշխատեն: Կարենը մտավոր ունակությունների հետ կապված խնդիրների պատճառով ազատված է զինվորական ծառայությունից: Մյուս երկու տղաները դեռ դպրոցահասակ են: Հորն օգնում են` ձմռան համար փայտ հավաքելով ու կոտրելով, ջուր բերելով ու վառարան վառելով: 15-ամյա Արմենն ուսումնարանում տրակտոր վարել է սովորում: Իսկ 12-ամյա Արսենը, ում անհոգ ժպիտը մատնում է իր` տան ամենափոքրը լինելը, 3-րդ դասարանում է, թեեւ պետք է լիներ գոնե

5-րդում: Ամռան ամիսներին Արսենն ազատում է ծնողներին իր «հոգսից»: Օրվա մեծ մասն անցկացնում է հարեւան ընտանիքում: Հարեւանների հետ անտառից հոն, թութ, տանձ է հավաքում, հետո էլ նրանց հետ հավասար` օղի քաշում: Ու օրվա վերջում միշտ այնտեղ է ճաշում: Հարեւանները սիրում են Արսենին: Տիկին Մանուշակն ասում է, թե ազնիվ ու խելացի երեխա է ու, ամենակարեւորը` միանգամայն վստահելի: «Ափսոս միայն, որ ընտանիքը շատ խեղճ է, երեխային ուսման տալ չի կարող: Բայց լավ, անշառ մարդիկ են»,- ափսոսանքով ասում է նա:

Սարգսյանների տան միակ լուսավոր կետն ավագ որդու հավաքած գումարով գնած մագնիտոֆոնն է, որն ամենից շատ ուրախացնում է 12-ամյա Արսենին: Բոլորը, անգամ հարեւանները, գիտեն, որ փոքրիկը երազում է երգիչ դառնալ: Բայց նա չի սիրում խոսել այդ մասին: Երբ խոսում է իր երազանքներից, աչքերը սկսում են ավելի փայլել. բայց ոչ թե ուրախությունը, այլ արցունքներն են խայտուն դարձնում դրանց:

«Մի զատ էլ ա չեմ երազում»,- աշխարհից խռոված ասում է Արսենը, ով հունվարի 1-ին կդառնա 13 տարեկան: Կարճատեւ լռությունից հետո շարունակում է. «Սովորական տուն եմ ուզում, ոնց որ ուրիշներինն ա: Մեկ էլ ուզում եմ իմ հեծանիվն ունենամ ու լավ դպրոց քինամ: Դրանից ավել էլ ի՞նչ տի ուզիմ»:

Հ.Գ. Հոդվածը պատրաստելուց հետո տեղեկացանք, որ Սարգսյանների ընտանիքին դուրս են արել հերթական` 8-րդ կացարանից: Հիմա նրանք հաստատվել են կիսախարխուլ մի տնակում` ավելի վատ պայմաններում: